Միացյալ Նահանգները խստագույնս դատապարտում է բռնությունը Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին, հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթագուսը:
«Հորդորում ենք կողմերին անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել իրենց միջև գոյություն ունեցող հաղորդակցության ուղղակի միջոցները՝ խուսափելու համար հետագա էսկալացիայից, և խստորեն պահպանել հրադադարը», - ասված է Օրթագուսի հայտարարությունում, որը հրապարակված է Պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջում:
Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները հանձնառու է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև, խաղաղ կարգավորման հասնելու գործում կողմերին օգնելուն: «Մենք կշարունակենք ակտիվորեն ներգրավված մնալ այդ նպատակին հասնելու ջանքերում», - շեշտում է Օրթագուսը:
Միացյալ Նահանգները միանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ կոչ անելով կողմերին հնարավորինս շուտ վերսկսել առարկայական բանակցությունները և ընդգծելով տարածաշրջան ԵԱՀԿ դիտորդների վերադառնալու կարևորությունը, որքան արագ հանգամանքները դա թույլ կտան, նաև նշում է Պետդեպարտամենտի խոսնակը:
Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին կեսօրից հետո, երբ, Հայաստանի պաշտպանության նախարարության վկայությամբ, ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Կողմերը հրետանային կրակ են կիրառում, Ադրբեջանը հայտնել է իր 4 զինծառայողների զոհվելու, ևս առնվազն 4-ի վիրավորվելու մասին: Հայկական կողմից, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, զոհվածներ չկան, թեթև մարմնական վնասվածքներ են ստացել երեք զինծառայողներ և սահմանին ծառայություն իրականացնող երկու ոստիկաններ:
Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումները՝ հայտարարելով, որ «սադրիչ գործողության հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:
Պաշտոնական Բաքուն, իր հերթին, մեղադրում է հայկական կողմին «սահմանին սադրանք հրահրելու» մեջ: