Մատչելիության հղումներ

Միջազգային կազմակերպություններից, այդ թվում` ՀԱՊԿ-ից ԱԺ պատգամավորները դատապարտող արձագանք են սպասում


Անվտանգային հարցերում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ հույսեր կապելը ուղղակի միամտություն է, ասում է պատգամավոր Արման Բաբաջանյանը, ով կարծում է, որ հայ-ադրբեջանական սահմանի լարված իրավիճակի մասին օրակարգով այսօր հրավիրված ՀԱՊԿ նիստի հետաձգումը անորոշ ժամկետով Ադրբեջանի միջամտության արդյունք է:


«Ես շատ լավ հասկանում եմ, որ հայտարարված նիստը կարող էր չեղարկվել հենց Ադրբեջանի ճնշմամբ դաշինքի անդամ իր դաշնակից, իր բարեկամ երկրներին ուղղակի հորդորելով, որպեսզի այդ նիստը տեղի չունենա: Դա ևս գալիս է ապացուցելու, վկայելու, որ այդ դաշինքում բացի Ռուսաստանից, ըստ էության, Հայաստանը չունի բարեկամ երկիր, ուր մնաց դաշնակից, հետևաբար ակնկալել, որ այդ դաշինքի շրջանակներում մենք կարող ենք ստանալ համապատասխան գնահատական և վերաբերմունք կամ գործողությունների պլան Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգություն իրականացրած Ադրբեջանի դեմ, ուղղակի իմաստ չունի», - ասաց Բաբաջանյանը:


Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ՀԱՊԿ նիստի հետաձգումը վերագրում է ընթացակարգային խնդիրներին, առավել կարևորում է այն փաստը, որ Հայաստանի արտգործնախարարը մշտական կապի մեջ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ և սահմանին տիրող իրավիճակը անձամբ է ներկայացնում: Միևնույն ժամանակ նշում է. - «Թուրքիայի ակնհայտ կողմնակալ և ապակայունացնող հայտարարությունները պետք է ազդակ լինեն միջազգային գործընկերների համար, որպեսզի չհապաղեն իրենց հայտարարությունների մասով և վտանգի տակ չդնեն տարածաշրջանային փխրուն անվտանգությունը:

Ես մտահոգվելու առիթ այս պահի դրությամբ չեմ տեսնում, որովհետև քաղաքական հայտարարություն կարող է հնչել և պետք է հնչի հենց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կողմից: Սպասենք դեպքերի հետագա ընթացքին: Բնականաբար, եթե այսօրվա դրությամբ իրավիճակը հանդարտվի, կարող է և չլինի, եթե հետագա լարվածությունն Ադրբեջանը շարունակի, իհարկե, արձագանքի անհրաժեշտությունն էլ ավելի է կարևորվում»:


Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այս փուլում շատ կարևոր է համարում տեղեկատվական պատերազմը: Երեկվանից ակտիվ հետևում է միջազգային մամուլին և կարծում է, որ հայաստանյան պաշտոնական լրահոսը բավականն արագ է թարմացվում: Պակաս կարևոր չի համարում խորհրդարանական դիվանագիտության խողովակները. - «Ես կարող եմ մի օրինակ ասել, որ ամբողջ գիշեր, նաև ցերեկվա ընթացքում Թվիթերում մեծ կռիվ էր գնում, և տեղեկատվական պատերազմ էր, ըստ էության, գնում, այսինքն` հիմա յուրաքանչյուրս, որ ունենք միջազգային տարբեր գործընկերներ, ովքեր հետևում են Թվիթերի ալիքով մեզ, այնտեղ անընդհատ թվիթերով մենք լուսաբանում ենք, թե ինչ է կատարվում»:


ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասում է` բոլոր միջխորհրդարանական կազմակերպություների, այդ թվում` ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) խորհրդարանական վեհաժողովի հետ ակտիվ կապի մեջ են. - «Ընդհանուր առմամբ մենք միջազգային մեր գործընկերներից, ներառյալ դաշնակիցներից, ներառյալ ՀԱՊԿ-ից ակնկալում ենք համապատասխան դատապարտող արձագանք Ադրբեջանի ապօրինի և ագրեսիվ գործողություններին: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի նախագահը, Ադրբեջանի տարբեր պաշտոնյաներ իրենց բազմաթիվ ելույթներում իրենց թշնամի են հռչակել ոչ միայն Արցախը, այլ նաև բոլոր հայերին, աշխարհի բոլոր հայերին: Եվ սա տեղավորվում է իրենց անընդունելի հակահայկական և ռազմատենչ քաղաքականության համատեքստում: Ընդհանուր առմամբ, ինչպես ասացի, հետագայում մենք ժամանակ կունենանք ավելի խորը վերլուծելու իրենց գործողությունների պատճառները, որոնցից կարծում եմ` ամենահավանականն Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակն է»:

Պատգամավոր Արման Բաբաջանյանն ասում է` հայկական կողմի համար ադրբեջանական ագրեսիան անակնկալ չէր, օրեր առաջ է եղել Արցախում, և գիտի, որ շփման գծի խմորումները վկայում էին Ադրբեջանի կողմից սպասվող գործողությունների մասին: Չի բացառում, որ Տավուշի հետ սահմանի լարվածությունը շփման գծում զգոնությունը թուլացնելու անհաջող փորձ էր: Ցավալի է համարում, որ Ադրբեջանի համար զսպիչ դեր չի ունեցել ՀԱՊԿ անդամ երկրի սահմանների նկատմամբ ոտնձգության դիմելը. - «Խոսքը բացառապես եթե այն ունի լայն համատեքստ զարգացումների, կարող է վերաբերել Ադրբեջանի հնարավոր ավելի սերտ ինտեգրացիային ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ և բնականաբար, այն հնարավոր բանակցային գործընթացին, որ դրա շուրջ կարող է սկսվեն խմորումներ, և այդտեղ շատ կարևոր է, թե որքանով համարժեք կլինի հայկական կողմերի արձագանքը»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG