Քիչ առաջ Ռուսաստանի արտգործնախարարությունը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ և հակամարտության կողմերին զսպվածության ու հրադադարի ռեժիմի պահպանման կոչ է արել:
«Ռուսաստանի ԱԳՆ-ն լուրջ մտահոգություն է հայտնում ս.թ. հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ: Անթույլատրելի ենք համարում հետագա էսկալացիան, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը: Կոչ ենք անում հակամարտող կողմերին զսպվածություն ցուցաբերել և խստորեն հետևել հրադադարի ռեժիմին», - ասված է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հայտարարության մեջ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանը միաժամանակ կողմերին իրավիճակի կայունացման համար անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատաստակամություն է հայտնում։
Պաշտոնական Մոսկվան հայտնում է նաև․ - «Ստացվող տեղեկատվության համաձայն՝ մարտական գործողությունները շարունակվում են, այդ թվում՝ հրետանու օգտագործմամբ, կան սպանվածներ և վիրավորներ»:
Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է երեկ կեսօրից հետո, երբ, Հայաստանի պաշտպանության նախարարության վկայությամբ, ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Կողմերը հրետանային կրակ են կիրառում, Ադրբեջանն արդեն հայտնել է իր 4 զինծառայողների զոհվելու, ևս առնվազն 4-ի վիրավորվելու մասին: Հայկական կողմից, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, զոհվածներ չկան, թեթև մարմնական վնասվածքներ են ստացել սահմանին ծառայություն իրականացնող երկու ոստիկաններ: