Մատչելիության հղումներ

«Եվ ոչ մի սանտիմետր մեր տարածքից չենք տվել», - վստահեցնում է Ալիևը


Ադրբեջանի նախագահն Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, 13-ը հուլիսի, 2020թ.
Ադրբեջանի նախագահն Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, 13-ը հուլիսի, 2020թ.

Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում է «սահմանին սադրանք հրահրելու» մեջ՝ պնդելով, թե հայկական զինուժն է կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին Իլհամ Ալիևը հայտարարել է երկրի Անվտանգության խորհրդի այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում:

«Դա հայկական կողմի հերթական սադրանքն է։ Դա անսպասելի հարված էր մեր դիրքերին, որը հանգեցրել է մեր զինծառայողների մահվանը։ Սակայն մենք կանխել ենք այդ հարձակումը և համարժեք պատասխան տվել, վրեժ լուծելով մեր զինվորների զոհվելու համար։ Այսօր սահմանին լարված իրավիճակը պահպանվել է»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահի պնդմամբ՝ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

«Նման միջադեպեր տեղի են ունենում այդ թվում հայաստանյան իշխանությունների երկերեսանիության պատճառով: Ադրբեջանը կապահովի իր տարածքային ամբողջությունը, երեկ և ոչ մի սանտիմետր մեր տարածքից չենք տվել թշնամուն։ Հայաստանյան իշխանությունների այդ գործողությունները տրամաբանության մեջ չեն տեղավորվում, և նրանք սպառնալիք են ներկայացնում հենց Հայաստանի համար», - նաև հայտարարել է Իլհամ Ալիևը:

Երեկ կեսօրից հետո կտրուկ սրվել է իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում, կողմերը հրետանային կրակ են կիրառում: Ադրբեջանն արդեն հայտնել է իր 4 զինծառայողների զոհվելու, ևս առնվազն 4-ի վիրավորվելու մասին: Հայկական կողմից, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, զոհվածներ չկան, թեթև մարմնական վնասվածքներ են ստացել սահմանին ծառայություն իրականացնող երկու ոստիկաններ:

Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումները՝ հայտարարելով, որ «սադրիչ գործողության հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

XS
SM
MD
LG