Թեթև վնասվածքներով հիվանդանոցում է երեք զինծառայող և երկու ոստիկան, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, «Ազատության» հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Այսօր ես այցելել եմ [վիրավոր ոստիկաններին], իրենց կյանքին ոչինչ չի սպառնում, հուսով եմ, որ կապաքինվեն և կվերադառնան ընտանիք: Թեթև քերծվածքներով նաև երեք զինծառայողների եմ հանդիպել այսօր Բերդի բժշկական կենտրոնում», - ասաց մարզպետը:
Հայկ Չոբանյանը նշեց, որ զրույցի պահին գտնվում է Մովսեսում և բնակավայրի վրա որևէ ռմբակոծում չկա. «Մարզում իրավիճակը մոտավորապես նույնն է, ինչ որ վերջին մեկ օրվա ընթացքում. դիրքային փոխհրաձգություններ են»:
Երեկ կեսօրից հետո կտրուկ սրվել է իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում, կողմերը հրետանային կրակ են կիրառում: Ադրբեջանն արդեն հայտնել է իր 4 զինծառայողների զոհվելու, ևս առնվազն 4-ի վիրավորվելու մասին: