Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն Թուրքիայի իշխանություններին կոչ է արել պահպանել Սուրբ Սոֆիայի տաճարի թանգարանի կարգավիճակը:
Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրությունում հիշատակվում է, ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկված Սուրբ Սոֆիայի տաճարը Թուրքիայի կողմից գրեթե 100 տարի տնօրինվել է որպես թանգարան:
Փոմփեոն թուրքական իշխանություններին հորդորել է այսուհետ ևս պահպանել տաճարի այս կարգավիճակը՝ որպես կրոնական ավանդույթների և պատմական բազմազանության հանդեպ հարգանքի առհավատչյա:
Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր հայտարարությունում ընդգծել է, որ 1500 տարվա հարուստ պատմություն ունեցող Սուրբ Սոֆիայի տաճարը գեղարվեստական և վարպետության հանճարեղ օրինակ է: Փոմփեոյի համոզմամբ՝ տաճարը թանգարանի կարգավիճակով հասանելի է դառնում ամբողջ մարդկությանը:
Միացյալ Նահանգները Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխությունը դիտարկում է որպես այս նշանակալի կառույցի ժառանգության և բացառիկ կերպով տարբեր կրոնական ավանդույթների ու մշակույթների պատկանող մարդկանց միջև որպես կամուրջ ծառայելու կարողության նսեմացում:
«Մենք հուսով ենք շարունակել աշխատանքը Թուրքիայի կառավարության հետ փոխադարձ շահ ներկայացնող բազմաթիվ հարցերի շուրջ՝ ներառյալ կրոնական և մշակութային օբյեկտների պահպանությունը», - ասված է Մայք Փոմփեոյի հայտարարությունում:
Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու՝ Թուրքիայի իշխանությունների մտադրության մասին արտահայտվել են նաև Թուրքիայի քրիստոնյա փոքրամասնությունների կրոնական առաջնորդները:
Կոստանդնուպոլսի Հունաց Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս առաջինը մտավախություն է հայտնել, թե Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու քայլը աշխարհի միլիոնավոր քրիստոնյաներին իսլամի դեմ կտրամադրի:
Պոլսո Հայոց պատրիարք Սահակ երկրորդ Մաշալյանը, ընդհակառակը, կարծում է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը կարող է դառնալ երկու կրոնների միության և խաղաղության խորհրդանիշ: Ավելի վաղ նա հայտարարել էր, թե տաճարը բավական մեծ է, և այնտեղ միաժամանակ կարող են աղոթել թե՛ քրիստոնյաները, թե՛ մուսուլմանները:
Շուրջ երկու շաբաթ առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը օրակարգ է բերել Սուրբ Սոֆիայի տաճարը որպես մզկիթ վերաբացելու հարցը:
Բյուզանդական նշանավոր կոթողը 1934 թվականին թուրքական կառավարության որոշմամբ թանգարանի կարգավիճակ է ստացել: Այս որոշման չեղարկման և տաճարին կրկին մզկիթի կարգավիճակ տալու հարցը նախատեսվում է քննարկել այսօր կայանալիք Թուրքիայի պետական խորհրդի նիստում: