Մատչելիության հղումներ

Պոլսո Հունաց պատրիարքը առաջին անգամ խոսել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու` Թուրքիայի մտադրության մասին


Կոստանդնուպոլսի Հունաց Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Ա-ն առաջին անգամ խոսել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու` Թուրքիայի իշխանությունների մտադրության մասին: Նա հիշեցրել է, որ Հունաց պատրիարքարանը դեռ 2016 թվականին Կրոնական գործերի վարչությանը հղած նամակով մտահոգություն էր արտահայտել այս պատմական կառույցը որպես մզկիթ վերաբացելու ծրագրերի առնչությամբ:

«Ակօս» պարբերականի փոխանցմամբ, պատրիարքը Ֆերիքյոյի Տասներկու առաքելոց ուղղափառ եկեղեցում իր ելույթի ժամանակ մտավախություն է հայտնել, թե «Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու քայլը աշխարհի միլիոնավոր քրիստոնյաներին իսլամի դեմ կտրամադրի»: Նա ընդգծել է, որ հատկապես հիմա, երբ մարդկությունը համաճարակի դեմ է պայքարում, իրարից հեռանալու փոխարեն միասնության կարիք կա:

«Սուրբ Սոֆիան թանգարանի կարգավիճակով կարող է ծառայել որպես ժամանակակից աշխարհում չափազանց կարևոր քրիստոնեության և իսլամի փոխըմբռնման և համերաշխության, ժողովուրդների և մշակույթների հատման, երկխոսության և խաղաղության մեջ համակեցության խորհրդանիշ», - ասել Պոլսո Հունաց պատրիարքը:

Շուրջ երկու շաբաթ առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը օրակարգ էր բերել Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը որպես մզկիթ վերաբացելու հարցը: Բյուզանդական նշանավոր կոթողը 1934 թվականին թուրքական կառավարության որոշմամբ թանգարանի կարգավիճակ էր ստացել: Այս որոշման չեղարկման և տաճարին կրկին մզկիթի կարգավիճակ տալու հարցը նախատեսվում է քննարկել վաղը Թուրքիայի պետական խորհրդի նիստում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG