Ուղղափառ քրիստոնեական աշխարհի կարևորագույն կառույցը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը առնվազն երկու շաբաթ դեռ թանգարան կմնա: Թուրքիայի բարձրագույն դատական մարմնում՝ պետական խորհրդի նիստում այսօր քննարկվել է տաճարը կրկին մզկիթի վերածելու հարցը:
Բյուզանդական շրջանի նշանավոր կոթողը մզկիթ էր դարձել 1453 թվականին Կոստանդնուպոլսի գրավումից հետո, ապա 1934 թվականին Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի առաջարկությամբ և թուրքական կառավարության որոշմամբ թանգարանի կարգավիճակ էր ստացել: Մնայուն հիմնադրամների պատմական կառույցների և շրջակայքի պահպանության միությունը այժմ դատարանում վիճարկում է 86 տարվա վաղեմության որոշման օրինականությունը՝ պահանջելով չեղարկել այն և տաճարը վերաբացել որպես մզկիթ:
Այսօրվա նիստում միության շահերը պաշտպանող փաստաբանը հայտարարել է, թե Սուրբ Սոֆիայի տաճարը 15-րդ դարում այն նվաճած Մեհմեդ Ֆաթիհ սուլթանի անձնական գույքն է համարվում, և 1934 թվականի նախարարների խորհրդի որոշմամբ, փաստորեն, ոտնահարվել է սեփականության իրավունքը: Պետական խորհրդի դատախազը առարկել է՝ այն ժամանակվա որոշումը օրենքին չի հակասում և հայցը պետք է մերժվի: Մոտ կես ժամ տևած նիստից հետո հայտարարվել է, որ վերջնական որոշումը կհրապարակվի 15 օրվա ընթացքում:
Թուրքիա այցելող զբոսաշրջիկների ամենասիրելի պատմական կառույցի՝ հռչակավոր Այա Սոֆիայի ճակատագիրը հուզում է նաև միջազգային հանրությանը: Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Թուրքիայի իշխանություններին կոչ է արել պահպանել տաճարի թանգարանի կարգավիճակը:
ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը իր հայտարարության մեջ ընդգծել է, որ 1500 տարվա հարուստ պատմություն ունեցող Սուրբ Սոֆիայի տաճարը գեղարվեստական և վարպետության հանճարեղ օրինակ է: Նրա համոզմամբ, թանգարանի կարգավիճակով այն հասանելի է դառնում ողջ մարդկությանը:
Պաշտոնական Անկարան այսօր զարմանքով է արձագանքել ԱՄՆ Պետքարտուղարի կոչին: Թուրքիայի ԱԳ նախարարության խոսնակ Համի Աքսոյը կրկին հիշեցրել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը երկրի տարածքում գտնվող մշակութային բոլոր արժեքների նման Թուրքիայի սեփականությունն է:
«Այա Սոֆիայի տնօրինման հետ կապված ցանկացած հարց Թուրքիայի ինքնիշխանության իրավունքի շրջանակներում է և երկրի ներքին գործն է համարվում: Բնականաբար, բոլոր կարող են ազատորեն են իրենց կարծիքն արտահայտել: Սակայն ոչ ոք իրավունք չունի մեր ինքնիշխանությանը վերաբերող հարցերում զգուշացնող, թելադրող տոնով խոսել», - ասել է Աքսոյը:
Սուրբ Սոֆիայի տաճարի ճակատագրի վերաբերյալ մտահոգություն է հայտնել նաև Հունաստանը: Կառավարության խոսնակ Ստելիոս Պետսասը այսօր հայտարարել է. «Սա հույն-թուրքական խնդիր չէ, այլ գլոբալ հարց է: Սուրբ Սոֆիան համաշխարհային մշակութային ժառանգություն է, և շատ ողջունելի է, որ վերջին շրջանում շատ երկրներ Թուրքիային կոչ են արել զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են հսկայական զգացական անդունդ առաջացնել քրիստոնեական աշխարհի և Թուրքիայի միջև»:
Վերջերս այս հարցի շուրջ կարծիք էր հայտնել նաև Պոլսո Հայոց պատրիարք Սահակ երկրորդ Մաշալյանը՝ ասելով, թե Սուրբ Սոֆիայի տաճարը կարող է դառնալ երկու կրոնների միության և խաղաղության խորհրդանիշ: Ավելի վաղ նա հայտարարել էր, թե տաճարը բավական մեծ է, և այնտեղ միաժամանակ կարող են աղոթել թե՛ քրիստոնյաները, թե՛ մուսուլմանները:
Վերջին 85 տարում Սուրբ Սոֆիայի տաճարը կրկին մզկիթի վերածելու քննարկումները պարբերաբար օրակարգ են եկել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քանիցս շահարկել է այս հարցը Հունաստանի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին, հիշատակել իր նախընտրական խոստումներում: Թուրքիայում քաղաքացիների շրջանում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ հանրությունը այս հարցում մեծապես աջակցում է նախագահին և կարծում, որ «Այա Սոֆիան թուրքերին է թրի իրավունքով»: