Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանի որդին վստահեցնում է՝ գրավի համար պահանջվող 2 մլրդ դրամը չկա, հավաքման գործընթաց է սկսվել


Լևոն Քոչարյան, արխիվ
Լևոն Քոչարյան, արխիվ

Հայաստանի երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը վստահեցնում է, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու դիմաց Վերաքննիչ դատարանի սահմանած գրավը մուծելու համար պահանջվող 2 միլիարդ դրամը չկա ընտանիքի տրամադրության տակ:

Նախկին նախագահի որդին «Ազատությանը» փոխանցեց, որ այս պահին սկսվել է գումարի հավաքագրման գործընթաց, և խոշոր գործարարներ իրենց պատրաստակամությունն են հայտնել հավաքելու այդ գումարը: Լևոն Քոչարյանը չհայտնեց, թե ովքեր են այդ գործարարները, և Հայաստանի՞ց, թե՞ արտերկրից են նրանք:

«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ դրամ գրավով կալանքից ազատ արձակելու որոշումը Վերաքննիչ դատարանը կայացրեց երեկ:

Նախկին նախագահը չորեքշաբթի օրը դատարանում հայտարարել էր, որ իր ողջ գույքը կալանքի տակ է, և որ պետք է գրավադրի իր զավակների գույքը։ Երեկ ավելի վաղ՝ նախքան որոշման հրապարակումը, նրա փաստաբանները դատարանին էին ներկայացրել Լևոն և Գայանե Քոչարյանների՝ մոտ 700 միլիոն դրամ արժողությամբ գույքը որպես գրավ ընդունելու միջնորդությունը։

Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից: Անցած ամիս վարչական դատարանի կայացրած որոշման համաձայն՝ նա մինչև կորոնավիրուսի համաճարակի ավարտը մնալու է հիվանդանոցում՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:

XS
SM
MD
LG