Մատչելիության հղումներ

Հնարավոր է, որ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը բողոքարկեն նաև նրա փաստաբանները


Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն առաջիկայում կհրապարակի այն մի քանի խոշոր գործարարների և բարերարների անունները, որ պատրաստակամություն են հայտնել աջակցել գրավի վճարման հարցում. այս մասին հայտարարել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը` հավելելով, որ աննախադեպ 2 միլիարդ դրամի չափով գրավի սահմանումը կարող է հարցականի տակ դնել յուրաքանչյուր մեկի ազատ արձակվելու հնարավորությունը և ստիպել հրաժարվել գրավի վճարումից՝ համարելով այն դատարանի կողմից կայացված գործնականում անիրականանալի որոշում։

Հայաստանի երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը «Ազատության» հետ զրույցում հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու դիմաց Վերաքննիչ դատարանի սահմանած գրավը մուծելու համար պահանջվող 2 միլիարդ դրամը (կամ մոտ 4 միլիոն դոլարը) չկա ընտանիքի տրամադրության տակ:

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ դրամ գրավով կալանքից ազատ արձակելու որոշումը Վերաքննիչ դատարանը կայացրեց երեկ: Գումարը վճարելու համար օրենքով երկու օր է տրվում։

Նախկին նախագահը չորեքշաբթի օրը դատարանում հայտարարել էր, որ իր ողջ գույքը կալանքի տակ է, և որ պետք է գրավադրի իր զավակների գույքը, սակայն դա ևս բավարար չէ:

Հայկ Ալումյան
Հայկ Ալումյան

«Ազատության» հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն ասաց, որ, ըստ օրենքի, գրավի չվճարելու դեպքում նախկին նախագահը կմնա կալանքի տակ։

Հարցին, թե ինչ գործողություններ են սպասվում չվճարելու դեպքում, Ալումյանը պատասխանեց. – «Ես հիմա չէի ուզի էդ ձևով փորձել հարցը մեկնաբանել, թե եթե չվճարեն, ինչ կլինի: Հույս ունեմ, որ հնարավոր կլինի վճարել»:

Դատարանի որոշման հետ կապված վճռաբեկ բողոք են ներկայացնելու թե' դատախազը, թե' Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդները։ Նրանց ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը վստահ է, որ գրավով հնարավոր չի լինի չեզոքացնել գործին խոչընդոտելու վտանգը. -

Տիգրան Եգորյան
Տիգրան Եգորյան

«Հստակ է, որ որևէ այլ խափանման միջոց, որը պայմանավորված չի նրան ազատությունից զրկելու և հաղորդակցության սահմանափակման հետ, ի զորու չի լինելու չեզոքացնել այդ ռիսկը: Տարբեր համաձայնություններ, որոնք կարող են կնքվել, ձևավորվել ինչպես մյուս ամբաստանյալների, այնպես էլ գործով տարբեր վկաների հետ, դրանք էական ազդեցության հնարավորություն ունեն գործի ելքի վրա: Էս համաձայնություններն արդյունքում բերելու են այն հետևանքին, որը կոչվում է գործին խոչընդոտել», - ասաց Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Եգորյանը:

Հնարավոր է, որ դատարանի որոշումը բողոքարկեն նաև Քոչարյանի պաշտպանները։ Հայկ Ալումյանի խոսքով, բողոքարկման ենթակա է թե' կալանքը գրավով փոխարինելու որոշումը, թե' գրավի աննախադեպ չափը. – «Առհասարակ պարոն Քոչարյանի նկատմամբ որևէ տեսակի խափանման միջոց չպիտի արվի: Եվ առաջին ատյանի դատարանում միջնորդություններից մեկն էլ հենց էդպես էր ներկայացված` առանց որևէ խափանման միջոց ազատ արձակել: Բացի այդ, եթե անգամ Վերաքննիչ դատարանը գտել է, որ առանց որևէ փախանման միջոց ազատ արձակելը ինչ-որ ռիսկեր է պարունակում, որոնք մենք չենք տեսնում: Բայց եթե Վերաքննիչ դատարանը էդպիսի ռիսկեր է տեսել, ապա անձամբ ինձ համար շատ վիճելի է այն հարցը, թե ինչու չորս նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ չի դատարանը որոշել ազատ արձակել, այլ գրավի դիմաց, էն էլ` էդ չափի մեծ գումարի: Եվ երրորդը, որի հետ դժվար է համաձայնել, գումարի չափն է: Այս երեք հիմքերն էլ, իմ կարծիքով, առկա են, և իմ տեսակետը նա է լինելու, որ հենց այդ երեք հիմքով էլ պետք է ներկայացնել վճռաբեկ բողոք»:

Հարցին, թե արդյոք վերջնական որոշում ունեն վճռաբեկ բողոք ներկայացնելու շուրջ, Ալումյանն արձագանքեց. – «Ես փաստաբաններից մեկն եմ: Հնարավոր է, որ բոլորով միասին քննարկենք, որ որոշ չափով կամ արմատապես էս տեսակետը փոխվի»:

Վենետիկի հանձնաժողովի կարծիքը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել

Երեկ երեկոյան ստացվել է նաև Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը Հայաստանի քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի շուրջ, որը վերաբերում է սահմանադրական կարգի տապալմանը։ Հենց այս հոդվածով է մեղադրվում է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Վենետիկի հանձնաժողովից խորհրդատվական կարծիք հայցել է Հայաստանի սահմանադրական դատարանը, որը պետք է որոշի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը։ Ավելի վաղ նույն հարցի շուրջ կարծիք էր հրապարակել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:

Վենետիկի հանձնաժողովի 13 էջանոց կարծիքը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել։ Դատախազությունը մասնավորապես գտնում է, որ, հակառակ ներկայացվող պնդումներին, դրանում քրեական օրենսգրքում 300․1-րդ հոդվածի` սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ անորոշության մասին դատողություններ առկա չեն, և այդ կարծիքը հաստատում է Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված իրավական մեկնաբանությունների կենսունակությունն ու իրավացիությունը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից արամ Վարդևանյանը նախ տարակուսում է, թե ինչու է դատախազությունն այս հարցով կարծիք հայտնում. – «Առհասարակ կողմ չի հանդիսանում այս գործին դատախազությունը»:

Բացի այդ, ըստ Վարդևանյանի, Վենետիկի հանձնաժողովը 300.1 հոդվածն այնքան անորոշ է համարել, որ ենթադրել է՝ գուցե թե իրենց ուղարկված թարգմանությունն է սխալ։

Արամ Վարդևանյան
Արամ Վարդևանյան

Վարդևանյանի խոսքով, հանձնաժողովն ամեն դեպքում շեշտել է, որ երբ օրենքում ձեւակերպումները լայն են, դրանք պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալի. – «Որտե՞ղ է մեր 300.1 կետում բռնության սպառնալիքը, կամ բռնության միջոցը: Դա կար նախկինում 300-րդ հոդվածով, այժմ դա չկա: Կա փաստացի վերացնել: Իսկ թե որն է փաստացի վերացնելը, դուք հարցրեք դատախազության մեր գործընկերներին: Մեկ էլ դատախազության մեր գործընկերներին հորդորում եմ ուսումնասիրել կարծիքի 21-րդ պարբերությունը, որտեղ բառացիորեն ասվում է, որ ինքնին Սահմանադրության ուղղակի խախտումը չի կարող հանդիսանալ սահմանադրական կարգի դեմ ոտնձգություն: Եվ ամենավերջում խնդրում եմ, որ ուղղակի իրենք ուսումնասիրեն հենց վերջին պարբերությունը, որը դիտարկում է, որ նման ձևակերպումներ պարունակող, այսինքն` սահմանադրական կարգ և այլ, դրանք պետք է մեկնաբանվեն նեղ, հօգուտ մարդու իրավունքների»:

Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, սակայն, վենետիկի հանձնաժողովի հրապարակած կարծիքն այլ կերպ է մեկնաբանում։ Նրա խոսքով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վենետիկի հանձնաժողովի տրամադրած կարծիքների հիման վրա Սահմանադրական դատարանը չի կարող որոշել, որ 300.1 հոդվածը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին. – «Այս կարծիքների ամենաէական արժեքն այն է, որ Սահմանադրական դատարանը էս փուլում 300.1 հոդվածի որոշակիության հետ կապված անելիք չունի, այլ փաստերի վրա հենվա,ծ գործի նյութերի վրա հենված դիրքորոշում պետք է արտահայտի գործը քննող դատարանը, որը պետք է գնա հասնի, թե որքանով են մեղսագրվող արարքը և դրա հիմքում, մեղադրանքի հիմքում դրված ապացույցները թույլ տալիս որակել այն 300.1 հոդվածով սահմանված հանցակազմին համապատասխան»:

Սահմանադրական դատարանը ստացել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, առաջիկայում աշխատակարգային որոշմամբ պետք է վերսկսեն դիմումի կասեցված քննությունը։

XS
SM
MD
LG