Մատչելիության հղումներ

Միջերկրականի ափերը բացվում են` նորովի և դեռ ոչ բոլորի համար


Ամիսներ շարունակված կարանտինից հետո ծովափնյա մի շարք երկրներ արդեն բացում են դռները զբոսաշրջիկների առջև: Միայն թե, եթե մի քանի ամիս առաջ դեռ նրանք միմյանց հետ մրցակցում էին սպասարկման ու սննդի որակով կամ գնային առաջարկներով, ապա հիմա առաջնայինը դարձել է անվտանգությունը: «Դա կարևոր է ոչ միայն հյուրերի ապահովության, այլև մեր երկրում վարակի նոր ալիքներից խուսափելու համար», - օրեր առաջ հայտարարում էր Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:

«Ուզում եմ, որ Հունաստանը դառնա ամենաապահո՛վ ուղղությունը Եվրոպայում»

Երկրում, որտեղ առանց զբոսաշրջիկների մոտ մեկ միլիոն մարդ կզրկվի աշխատանքից, սեզոնի բացմանը վաղուց էին սպասում:

Հունաստանի լողափերը մայիսին դեռ մարդաշատ չէին
Հունաստանի լողափերը մայիսին դեռ մարդաշատ չէին

«Համեցե՛ք մեր երկիր, ձեզ սպասում է անմոռանալի ճամփորդություն, կարող եք նստել պատշգամբում, վայելել հիասքանչ տեսարանը, ծովը` առանց խմբվելու ծովափին... Կան բաներ, որոնք այս ամառ թույլ չեն տրվի», - անցած շաբաթ հայտարարեց վարչապետը` հանգստավայր Սանտորինիից դիմելով ապագա հյուրերին:

Անթույլատրելիի և թույլատրելիի կանոնները կառավարությունն ամրագրել է համաճարակաբանների հետ մշակած հատուկ ծրագրով: Ըստ այդմ, առայժմ Հունաստանը բաց կլինի միայն Եվրամիության քաղաքացիների համար, հուլիսի 1-ից էլ մուտքի թույլտվությւոն կստանան այն երկրների քաղաքացիները, որտեղ վարակի տարածման ցուցանիշը կլինի միջինից ցածր: Զբոսաշրջիկները պարտադիր ջերմաչափում կանցնեն, ոմանց էլ` պատահականության սկզբունքով, օդանավակայանում կթեստավորեն:

Նոր կանոններ են սահմանվել նաև հյուրանոցներում. այցելուներին սպասարկող ընդունարանները, հնարավորության դեպքում, պետք է տեղափոխվեն շենքից դուրս, հերթերը` բացառվեն, սենյակները մի քանի ժամ օդափոխվեն, սպասասրահներից էլ հավաքվեն բոլոր այն իրերը, որոնք կարող են ձեռքից ձեռք փոխանցվել, այդ թվում`ամսագրերն ու թերթերը:

«Լողավազանները բաց կլինեն սահմանափակ թվով մարդկանց համար, որպեսզի պահպանվի համապատասխան հեռավորությունը, ծովափում էլ կարգելվեն խմբակային խաղերն ու հավաքները», - շաբաթներ առաջ բացատրում էր վարչապետը՝ ընդգծելով. - «Իմ նպատակը չէ Հունաստանը դարձնել Եվրոպայի թիվ մեկ ուղղությունը, ես ուզում եմ, որ Հունաստանը դառնա ամենաապահո՛վ ուղղությունը Եվրոպայում»:

«Եռաշերտ հսկողություն»՝ Իսպանիայում

Շաբաթասկզբից նաև Իսպանիան է զբոսաշրջիկների ընդունում, կրկին` միայն Եվրամիության երկրներից: Ակնկալվում է, սակայն, որ առաջիկա մի քանի օրերին Մադրիդը կհաստատի նաև միության սահմաններից դուրս գտնվող «անվտանգ» պետությունների ցանկը, որտեղից ևս կարող են զբոսաշրջիկները ժամանել:

Մինչ համաճարակը Իսպանիան այցելուների թվով Ֆրանսիայից հետո երկրորդն էր աշխարհում՝ ամեն տարի երկիրն ավելի քան 80 միլիոն մարդ էր ընդունում:

Իսպանիա - Վալենսիայի լողափերից մեկը սահմանափակումների մասնակի մեղմացումից հետո, մայիս, 2020թ.
Իսպանիա - Վալենսիայի լողափերից մեկը սահմանափակումների մասնակի մեղմացումից հետո, մայիս, 2020թ.

«Հիմա մեր ավանդական հյուրընկալությանը ավելացել է երեք կարևոր պայման, այսպես ասած՝ եռաշերտ հսկողություն», - նախօրեին հայտարարում էր Իսպանիայի առողջապահության նախարար Սալվադոր Իլլան՝ մանրամասնելով. - «Նախ՝ փաստաթղթային ստուգում. յուրաքանչյուր այցելու այս դեպքում պարտավոր է ներկայացնել իր բնակության հասցեն, ինչպես նաև այլ տվյալներ, որպեսզի անհրաժեշտության դեպքում մենք կարողանանք նրա հետ կապ հաստատել: Հետո կիրականացվի ջերմաչափում և ընդհանուր առողջական վիճակի գնահատում: Եթե այս պայմաններից որևէ մեկի դեպքում արդյունքը բացասական լինի, այցելուն պարտավոր է հավելյալ ստուգում անցնել արդեն Առողջապահության դեպարտամենտում»:

Թուրքիայի հյուրանոցները «ապահովության քննություն» են հանձնել

Տարեկան մոտ 45 միլիոն զբոսաշրջիկ ընդունող Թուրքիայում ևս հարյուրավոր հյուրանոցներ ամիսներ առաջ հատուկ` ապահովության քննություն են հանձնել, արտոնագրեր ստացել ու հիմա կազմ ու պատրաստ սպասում են հյուրերին:

Թուրքիա - Լողափ Անթալիայում, արխիվ
Թուրքիա - Լողափ Անթալիայում, արխիվ

«Մենք այնպես ենք արել, որ սեղանները, արևայրուքի համար նախատեսված թիկնակները, ամեն բան լինի նորմերին համապատասխան. Ամեն օր ծայրեծայր մաքրում ենք բոլոր սենյակները, ախտահանությունից հետո էլ հատուկ նշան ենք թողնում, որպեսզի հյուրերը ներսում հանգիստ զգան իրենց», - Reuters-ին պատմել է Անթալիայի հյուրատներից մեկի աշխատակիցը:

Խոստումնալից այս նորամուծությունները, սակայն, առայժմ քչերն են սեփական աչքով տեսել, թուրքական լողափերն ու հանգստավայրերը շարունակում են մնալ ամայի: Տեղի տուրիստական ոլորտը «ֆինանսավորող» եռյակը` Գերմանիան, Ռուսաստանն ու Մեծ Բրիտանիան, դեռ չեն համաձայնում վերականգնել ուղիղ չվերթները` վկայաբերելով Թուրքիայում համավարակի աճող ցուցանիշները: Ակնկալում է, որ տվյալ հարցով բանակցությունները կշարունակվեն նաև այս շաբաթ:

Լիտվայում առաջարկում են արտերկրի հմայքը տանը վայելել

Լիտվա - Սոցիալական հեռավորությունը պահպանելու անհրաժեշտությունը հուշող մանեկեններ Վիլնյուսի ռեստորաններից մեկում, մայիս, 2020թ.
Լիտվա - Սոցիալական հեռավորությունը պահպանելու անհրաժեշտությունը հուշող մանեկեններ Վիլնյուսի ռեստորաններից մեկում, մայիս, 2020թ.

Եվ քանի դեռ տուրիստական սեզոնը ողջ թափով չի վերականգնվել, Լիտվայում իշխանություններն առաջարկում են ճամփորդելու գնալու փոխարեն արտերկրի հմայքը «սեփական տանը» վայելել: Մի քանի շաբաթ է` մայրաքաղաք Վիլնյուսի գլխավոր այգում քաղաքապետարանը փառատոն է կազմակերպում` ամեն անգամ ներկայացնելով այս կամ այն երկրի մշակույթը, ավանդույթներն ու խոհանոցը: Երկու օր առաջ, օրինակ, այցելուներն այգի մտնելուն պես «հայտնվում էին Հնդկաստանում»` յոգայի, ավանդական բոլիվուդյան պարերի ու այուրվերդիկ մերսումների միջոցով: Հաջորդ շաբաթվա «ուղևորությունը», ըստ կազմակերպիչների, կլինի դեպի Իտալիա, հետո` Ֆրանսիա, և անգամ` Ճապոնիա:

XS
SM
MD
LG