Մատչելիության հղումներ

Covid19. Տասնյակ երկրներում, այդ թվում` Կովկասում, երկրորդ ալիք է սկսվում


Ռասայական խտրականության դեմ բողոքի ցույցերից ու մարդաշատ հավաքներից շաբաթներ անց Ամերիկայում կրկին կորոնավիրուսի դեպքերի աննախադեպ աճ է արձանագրվում: Հայաշատ Կալիֆորնիայում, օրինակ, անցած մեկ օրում միայն ավելի քան չորս հազար մարդ է հոսպիտալացվել:

«Վերակենդանացման բաժանմունքում ազատ մահճակալների թիվը ժամ առ ժամ է նվազում», - ասել է Բըրբանքի բժշկական կենտրոններից մեկի բժիշկ Անջելիկա Քեմփենը, ընդգծելով` տարածմանը զուգահեռ վարակն ավելի վտանգավոր է դառնում:

«Երբ համաճարակը սկսվեց, հիվանդանոց էին տեղափոխվում հիմնականում տարեց մարդիկ, սակայն, հիմա այդպես չէ: Հիմա մենք նույն բարդությունները տեսնում ենք երիտասարդ ու միջին տարիքի` 21-49 տարեկանների մոտ», - ասել է բժիշկը:

«Մեր առողջապահական համակարգը չի դիմանա այս ծանրությանը, եթե տարածման տեմպը չկոտրենք», - նախօրեին զգուշացրել է նահանգապետ Գավին Նյուզոմը` չբացառելով, որ կարող է վերականգնել կարանտինային նորմերը ավելի քան մեկ տասնյակ շրջաններում:

«Ցավալի է տեսնել, որ մեր արած ողջ աշխատանքը ջուրն է լցվում», - հուզմունքը չզսպելով, ասում է Բըրբանքի Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի բժիշկը, արձանագրելով` այդ ամենից հնարավոր էր խուսափել. - «Աշխատելով այս բաժանմունքում` ես կորոնավիրուսով վարակված հարյուրավոր հիվանդների հետ եմ շփվել, յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ` թեստավորվել, և մինչ օրս չեմ վարակվել: Սա ցույց է տալիս, որ ամեն ինչ մեր ձեռքում է, և դիմակ կրելով, ձեռքերը ախտահանելով և հակահամաճարակային այլ միջոցներով հնարավոր է պահպանել առողջությունը»:

Պաշտոնական տվյալների համաձայն, Ամերիկայում վարակակիրների թիվն արդեն հասել է 2,5 միլիոնի: Երեկ, սակայն, պետական գործակալություններից մեկը` Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնը հայտարարեց, թե իրենց հաշվարկներով վարակակիրների թիվը կարող է իրականում տասն անգամ ավելի շատ լինել և հասնել քսան միլիոնի:

«Ամենալավատեսական կանխատեսումներով, մեզ հայտնի յուրաքանչյուր դեպքին բաժին է ընկնում տասը այլ վարակակիր, որոնք կա՛մ թեթև են տարել կորոնավիրուսը, կա՛մ որևէ ախտանիշ չեն ունեցել», - հայտարարել է կենտրոնի տնօրեն, դոկտոր Ռոբերտ Ռեդֆիլդը, ընդգծելով`ախտանիշներ չունեցողներն անգամ, ըստ իրենց հետազոտությունների, կարող են վարակել մյուսներին:

Տեքսասի նահանգապետ Գրեգ Էբոթը, ով փորձում էր օր առաջ վերաբացել տնտեսությունն ու վերադառնալ բնականոն կյանքի, երեկ ստիպված էր տրամագծորեն հակառակ կոչով դիմել համերկրացիներին. «Եթե ծայրահեղ կարևոր գործ չունեք, մնացեք տանը: Դա լավագույն բանն է, որ կարող եք հիմա անել», - ասել է նա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), որ արդեն կես տարի հետևում է վարակի տարածման ցուցանիշներին, երեկ զգուշացրեց` նոր ալիքի վտանգ են տեսնում նաև եվրոպական մայրցամաքում: Մասնագետները մի քանի պատճառ են մատնանշում. նախ` շատերը հասկանալիորեն հոգնել են վարակի դեմ պայքարից ու սահմանափակումներից, ոմանց համար հիվանդացությունների ու մահվան դեպքերի մասին հաղորդումները այլևս դարձել են սովորական: Լոնդոնում, օրինակ, հարյուրավոր երիտասարդների անգամ ոստիկանության գործադրած բիրտ միջոցները չեն խանգարում այգիներում երաժշտական խնջույքներ կազմակերպել:

«Չենք հանդուրժել և չենք հանդուրժելու», - երեկ զգուշացրեց ոստիկանապետ Կրեսիդա Դիկը՝ հավելելով` «այս միջոցառումներն ապօրինի են, և մեր պարտքն է հետևել օրենքի կատարմանն ու ցրել դրանք, այդ թվում` ուժային մեթոդներով»:

Իտալիայի իշխանությունները ևս ստիպված են եղել դիմել ուժայինների օգնությանը, երբ վարակի նոր օջախ է բռնկվել Նեապոլի մերձակա բնակավայրերից մեկում: Մոնդրագոնեում, ուր վիրուս է հաստատվել միևնույն շենքի 49 բնակչի մոտ, տեղաշարժը սահմանափակելու համար իտալական բանակի զինծառայողներն են բարիկադներ կազմել:

Կարանտինի երկրորդ ալիքը քչերն են հոժարակամ ընդունել, կորոնավիրուսի պատճառով մարդկային ու տնտեսական հսկայական կորուստներ տեսած երկրում, սակայն, իշխանությունները չեն պատրաստվում նահանջել:

Իրավիճակի վատթարացում է արձանագրվում նաև մեր տարածաշրջանում, բացառությամբ` Վրաստանի: Իրանում ավելի քան մեկ շաբաթ է` օրական մահացության դեպքերն անցնում են հարյուրից, ինչն ամենաբարձր ցուցանիշն է մարտյան ալիքը հաղթահարելուց հետո: Պետական հեռուստատեսության եթերում վարակվածներից շատերն այսօր խոստովանել են` օրեր առաջ հարսանիք ու թաղում են գնացել, Լորեստան նահանգում էլ ախտահարվել են միևնույն միջոցառման բոլոր` 35 մասնակիցները:

Ադրբեջանում ևս օրական դեպքերը գնալով ավելանում են, նախագահ Ալիևը երեկ զգուշացրել էր, որ երկրում առողջապահական համակարգը կարող է չդիմանալ այս ծանրությանը: Տասնյակ բնակավայրերում, այդ թվում` մայրաքաղաքում երկշաբաթյա խիստ կարանտին է, տեղաշարժը թույլատրվում է միայն հատուկ անցաթղթերով:

Թուրքիայում վիրուսը խորհրդարան է ներթափանցել, տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, մոտ երկու տասնյակ պատգամավորներ վարակվել են, ինչից հետո օրենսդիրը որոշել է առնվազն մի քանի օրով դադարեցնել աշխատանքները:

XS
SM
MD
LG