Մատչելիության հղումներ

Կարևորը ոչ միայն դիմակ կրելն է, այլև ճիշտ կրելը, հանելը, ճիշտ նետելը, ասում է համաճարակաբանը


Վերջին մեկ օրում 1843 թեստավորվածներից կորոնավիրուսը հաստատվել է 551 մարդու մոտ, 588-ը ապաքինվել են, 13-ը` մահացել: Նրանցից ամենաերիտասարդը 38 տարեկան կին էր, տարեցը՝ 85 տարեկան տղամարդ։ Առողջապահության նախարարությունը հայտնում է նաև՝ կորոնավիրուսով վարակված ևս 3 մարդ մահացել է այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 113 է:

Ընդհանուր առմամբ Հայաստանում արդեն 19 հազար 708 մարդ է քովիդով վարակվել, մահացել` 332-ը։ Այժմ տանը կամ հիվանդանոցներում բուժում է ստանում 10 հազար 409 քաղաքացի։

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ հատկապես մարզային հիվանդանոցներում ավելացնում են մահճակալները, կորոնավիրուսով հիվանդներին սպասարկելու համար վերապրոֆիլավորվում են հիվանդանոցներ։ Դրանցից մեկը, օրինակ՝ «Վեդի» ԲԿ-ն է։ Տնօրեն Արամայիս Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ այս պահին կարող են սպասարկել մինչև 40 հիվանդի, իսկ ամսվա վերջ արդեն կկարողանան ընդունել մինչև 90 պացիենտի։ Այս բժշկական կենտրոնում, սակայն, ռեանիմացիոն մահճակալներ չկան։ Տնօրենի խոսքով՝ հիվանդանոցն աշխատում է խիստ ծանրաբեռնված։

55 վարակվածների էլ կարող է ընդունել Դիլիջանի բժշկական կենտրոնը։ Այստեղ հինգ ռեանիմացիոն մահճակալ ունեն։ Մեկ այլ` Մարտունու բժշկական կենտրոնում էլ 1 շաբաթ է, ինչ վերապրոֆիլավորման աշխատանքներ են իրականացվում։ Այստեղ կարող են ընդունել 50 քովիդով վարակվածների, հիվանդանոցը կունենա նաև 10 ռեանիմացիոն մահճակալ, փոխանցեց տնօրեն Անդրանիկ Հարությունյանը։

«Պատրաստ էնք, պարզպես քննարկվեց, որպեսզի մահճակալներն ավելանան, դրա համար երկարեց: Թե չէ հիմնականում 30+10 էր նախատեսված, այդքան մասով պատրաստ էինք արդեն բացվելու: Նախարարը երևի որոշեց, որ մի քիչ ավելի մահճակալների քանակն ավելացնի: Մինչ օրս քանի հիվանդ Երևան ենք ուղարկում, տեղ չկա, հիվանդանոցի կարիքը կա: Մենք չենք կարա կորոնավիրուս պառկացնենք, իրավունք չունենք, քանի որ բաժանմունքը պատրաստ չի, երբ որ երկկողամանի թոքաբորբ մեզ մոտ պառկած էր, թեստավորման արդյունքը եկավ դրական, արդեն տեղափոխեցինք», - հայտնեց նա:

Շինարարական աշխատանքները դեռ չի ավարտել նաև Սպիտակի բժշկական կենտրոնը, որտեղ կորոնավիրուսով հիվանդների բուժման համար վերապրոֆիլավորելու կառավարության որոշումը բուժանձնակազմի շրջանում դժգոհության ալիք էր բարձրացրել։ Բժշկական կենտրոնից «Ազատությանը» փոխանցեցին՝ հիվանդանոցը առաջիկայում կարող է ընդունել ավելի քան 100 հիվանդի։

Թեև մահճակալներն ավելացնում են, սակայն քովիդով հաստատված դեպքերն ավելի շատ են լինում, հայտարարել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Վարչապետն էլ իր հերթին հավելել էր՝ մահճակալների ավելացումը չի կարող անվերջ ծավալվել, և հիվանդանոցները պետք է կարողանան նաև այլ հիվանդություն ունեցող քաղաքացիների բուժօգնությամբ զբաղվել։

Համաճարակը հաղթահարելու համար իշխանությունն ու մասնագետները պարբերաբար հորդորդում են դիմակներ կրել, սոցիալական հեռավորություն պահել ու հաճախ լվանալ և ախտահանել ձեռքերը։ Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին դիմակ էր բաժանում, այս անգամ ոչ թե կենտրոնում, այլ շենքերի բակերում:

Համաճարակաբան Արման Բադալյանը նկատում է՝ նախ պետք է դիմակները ճիշտ կրել. - «Միայն կրելը չի, այլ նաև ճիշտ կրելն է, հասանելի լինելը դիմակների, այդ լոգիկան է կարևոր նաև: Մենք միշտ ասում ենք` դրեցինք, նաև պիտի ճիշտ արվի, պատշաճ արվի, ճիշտ կրես, ճիշտ հանես ճիշտ նետես: Այդ բոլոր բաները պետք է պահպանես, միայն կրելով չի, որովհետև փողոցում որ տեսնում ենք` կրում են, խանութում կրում են, դու չգիտես` դա ինչ դիմակ է, քանի օրվա է, որտեղից է վերցրել: Դրա համար դա մարդու գիտակցության վրա է մնում: Պետությունը չի կարող մարդու ուղեղը վերահսկել, անհնար է: Բաները կան, որ մեր խղճի, պատասխանատվության վրա է, և մնացած այլ հարցեր` հավաքույթներ, բաներ կազմակերպելու: Այսօր ես իմ շուրջ շատ եմ տեսնում այդպիսի անպատասխանատու դեպքեր»:

Ըստ համաճարակաբանի՝ կորոնավիրուսի անկման մասին խոսել դեռ վաղ է։ Դիմակ կրելը պարտադիր է և անհրաժեշտություն, բաց կան նաև այլ պայմաններ. - «Կան այլ հենասուներ, ինչպիսիք են հիվանդների վաղաժամ հայտնաբերումը, մեկուսացումը, նրանց կոնտակտավորների վաղաժամ հայտնաբերումը և շարժունակության այսպես ասած` նվազեցումը... Դրանք բոլորը հենասյուներ են, ու իրար հետ բոլորն անխտիր փոխկապակցված են, որտեղ մենք ունեցանք խնդիր, այնտեղ իմացեք` պրոցեսը զսպման ավելի դանդաղեցվելու է: Այնպես որ միայն դիմակը չի, բնականաբար, բայց ինքը շատ կարևոր է, քանի որ ինքը շառ հեշտ է կյանքի կոչել, հավատացած եղեք, քան մնացածը, որ ես նշեցի»:

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG