Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանխատեսմամբ՝ հաջորդ շաբաթվա ընթացքում նոր կորոնավիրուսով ախտահարումների թիվը կգերազանցի 10 միլիոնի շեմը։
Այս շաբաթվա տվյալներով՝ աշխարհում վարակվել է մոտ 9 միլիոն 400 հազար մարդ։
ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը ողջունել է մահմեդականների ամենամյա ավանդական ուխտագնացությունը՝ հաջը չեղարկելու Սաուդյան Արաբիայի որոշումը, քանի որ հարյուր հազարավոր հավատացյալների մասնակցությամբ այդ կրոնական միջոցառման ընթացքում գործնականում անհնար կլինի ապահովել սոցիալական հեռավորություն և վարակի զսպմանն ուղղված այլ կանոնները։
«Մենք ենթադրում ենք, որ հաջորդ շաբաթ վարակվածների ընդհանուր թիվը կհասնի 10 միլիոնի։ Դա սթափեցնող հիշեցում է առ այն, որ մենք պարտավոր ենք շարունակել աշխատանքը պատվաստանյութեր և դեղամիջոցներ ստեղծելու ուղղությամբ։ Մենք պարտավոր ենք հրատապ կարգով կիրառել մեր տրամադրության տակ եղած ամբողջ գործիքակազմը վարակի տարածումը զսպելու և մարդկանց կյանքը փրկելու համար»,- ասել է Գեբրեյեսուսը։
Երեկվա ճեպազրույցին ներկա ԱՀԿ արտակարգ ծրագրերի ղեկավար Մայք Ռայանն ասել է, որ կորոնավիրուսի համավարակը մոլորակի որոշ շրջաններում ու հատկապես Կենտրոնական և Հարավային Ամերիկայում նույնիսկ չի հասել գագաթնակետին։
Ռայանը գովեստով է խոսել տարբեր երկրներում կորոնավիրուսի ստուգումների մասին, ասելով, որ մասնավորապես Մեծ Բրիտանիան լուրջ ջանքեր է գործադրել, և դա թույլ է տվել աստիճանաբար թուլացնել կարանտինը։
«Միացյալ Թագավորությունը փուլային մոտեցում է ընտրել, Միացյալ Թագավորությունը լսում է գիտնականներին, գիտությունն է որոշումներ ընդունելու հարցում առաջնորդողը, և բոլոր կառավարությունները բոլոր մակարդակներում պետք է հաշվի առնեն, որ, այո, կլինեն թերացումներ, նահանջ, անակնկալներ, բայց Բրիտանիայի կիրառած փուլային տարբերակը ճիշտ ճանապարհ է, և մենք պետք է հուսանք, որ առողջապահական բոլոր համակարգերը՝ ներառյալ բրիտանականը, կարող են անհրաժեշտ հսկողություն իրականացնել, ինչը կտա առաջ շարժվելու հնարավորություն», - ասել է Մարք Ռայանը։