Մատչելիության հղումներ

Հայաստանում սկսվել է Covid-19-ի հակամարմինների վերաբերյալ հետազոտություն


Հայաստանում մեկնարկում է նոր հետազոտություն, որի նպատակն է պարզել կորոնավիրուսի տարածվածության աստիճանը։ Նախ բուժաշխատողների, ապա բնակչության շրջանում կանցկացվեն հակամարմինների թեստեր, որը ցույց է տալիս՝ արդյոք մարդը երբևէ վարակվել է Covid-19-ով։

Ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Վարդուհի Պետրոսյանն ասում է՝ երկար ժամանակ ուսումնասիրում էին դրսի փորձը, ինչ թեստեր ընտրել, որ ճշգրտությունը կասկածի տակ չդրվի.- «Քանի որ ազատ շուկա է, և անկանոն ձևով ամեն տեղ` և Եվրոպայում, և Միացյալ Նահանգներում արտադրվել են մեծ քանակի և արագ թեստեր, և էլազյան մեթոդով թեստեր»:

Ընտրվել է շճաբանական Էլայզա տեխնոլոգիան, և թեստերի առաջին խումբն արդեն Հայաստանում է: Դրանց ճշգրտության աստիճանը հնարավոր ամենաբարձրն է, զգայունությունը` հարյուր տոկսոս, ասում է Վարդուհի Պետրոսյանը.- «Սպեցիֆիկությունը 99.8 տոկոս է, սա բավականին բարձր է, և ի՞նչ է նշանակում 99.8 տոկոս, դա նշանակում է` եթե հազար հոգու թեստավորենք, երկու հոգու մոտ իրականը կլինի բացասական, բայց հազարից երկուսի մոտ թեստը ցույց կտա դրական»:

Հակամարմինների որոշման պրոցեսն սկսում են բուժաշխատողներից: Վարդուհի Պետրոսյանն ասում է՝ Covid-19-ի առաջնագծում աշխատող մոտ 1000 բուժաշխատողից նմուշառում կանեն՝ նաև պոլիկլինիկաների կազմից՝ բժիշկ-բուժքույր-մայրապետ, պացիենտների հետ ամենասերտ շփումներ ունեցող մասնագետները։

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետներն են նմուշառումն ու լաբորատոր աշխատանքը կատարում, կենտրոնի լաբորատորիայի ղեկավար Թամարա Հովսեփյանն ասում է՝ երեկ արդեն սկսել են նմուշներ վերցնել «Նորք» ինֆեկցիոնի բուժանձնակազմից.- «Նմուշները սկսել ենք արդեն հավաքել և ուզում ենք` որոշակի քանակ հավաքվի, նոր սկսենք անցկացնել հետազոտությունը: Նայեք, երկուշաբթի օրը նոր պետք է փորձնական մի հատ անենք, հասկանանք` ոնց է աշխատում»:

Թեստերի առաջին խումբը ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի ծրագրի միջոցներով է ներկրվել, երկրորդ՝ բնակչության համար նախատեսված խմբաքանակը ձեռք բերելու համար Առողջապահական համաշխարհային կազմակերպության հետ են բանակցում: Հանրային առողջապահության մասնագետ Վարդուհի Պետրոսյանն ասում է՝ այդ մի հետազոտությունից հետո, երբ թեստավորվի ոչ թե ողջ բնակչությունը, այլ ընտրանքային խումբ, պարզ կդառնա մեր երկրում կորոնավիրուսով վարակվածության տոկոսը:

«Ընտրենք ավելի մեծ տարածվածություն ունեցող համայնքներում, հասկանանք` ինչքան է տարածվածությունը և ավելի ցածր տարածվածություն ունեցող համայնքում հասկանանք, որպեսզի պատկերը հասկանալի լինի: Օրինակ` Շվեդիայում գիտենք, որ խիստ միջոցառումներ չէին ձեռք առնվել, և իրենք սպասում էին, որ տարածվածությունը բնակչության մոտ կլինի շատ բարձր, բայց հետազոտությունները պարզեցին, որ մոտ 7 տոկոս է տարածվությունն այնտեղ, այսինքն` ավելի պակաս է, քան իրենք պատկերացնում էին»:

Երկրները բնական իմունիտետ կարող են ձեռք բերել բնակչության 60-70 տոկոսի վարակվելու դեպքում, մենք հեռու ենք այդ թվերից, ասում է մասնագետը: Գիտական հանրության շրջանում կորոնավիրուսի հետ կապված հարցերը շարունակվում են, պարզ չէ, այնուամենայնիվ, եթե մարդը ունի հակամարմիններ, այսինքն` արդեն վարակվել է Covid-ով, որքան ժամանակ է նա պաշտպանված, արդյո՞ք ցմահ:

«Ուղղակի ժամանակը հայտնի չէ, թե ինչքան ժամանակով այդ իմունիտետը կպահպանի այդ մարդուն ևս մեկ անգամ վարակվելուց»,- նշում է Վարդուհի Պետրոսյանը:

Հենց այս պատճառով էլ նա քաղաքացիներին հորդորում է հակամարմինների որոշման թեստ ինքնուրույն չհանձնել. այս օրերին երևանյան մի շարք բուժհաստատություններ ու լաբորատորիաներ քաղաքացիներին նման հետազոտություններ առաջարկում են.- «Եթե իրեն ասեն, որ ինքը վարակվել է արդեն, ինքը լինելու է ավելի անզգույշ»: Հատկապես որ այստեղ էլ անորոշություններ կան՝ հակամարմինները սկսում են առաջանալ 6-րդ օրվանից, պիկին հասնում 17-րդ օրը, ե՞րբ նմուշ հանձնել, որ հակամարմինների խտությունը բավարար լինի: Սեփական մարմնում Covid-19-ի հակամարմինները որսալու փոխարեն` մասնագետն առաջարկում է ուղղակի դիմակ կրել:

XS
SM
MD
LG