Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում վարակակիր վարսավիրների սպասարկած 140 հաճախորդներից որևէ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել


Ամերիկյան Միսուրի նահանգում կորոնավիրուսով վարակված երկու վարսավիր անցած ամիս սպասարկել են 140 հաճախորդի, նրանցից որևէ մեկի մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Նույնիսկ թեստավորումից հետո նրանց մի մասը մեկուսացվել է, և երկու շաբաթվա ընթացքում որևէ մեկի մոտ կորոնավիրուսի ախտանշաններ չեն եղել: Այս մասին հայտնում է նահանգի առողջապահական գերատեսչությունը, որը մանրակրկիտ ուսումնասիրել է վարսավիրանոցում տեղադրված տեսախցիկի արձանագրածը:

Կորոնավիրուսային վարակի պատմության հերթական այս առեղծվածային դրվագը ստիպել է մասնագետներին ավելի մանրակրկիտ ուսումնասիրություններ անցկացնել՝ մասնավորապես հասկանալու, թե ինչպես են երկու վարակված վարսավիրները շփվել առողջ հաճախորդների հետ, որքանով է պահպանվել սոցիալական հեռավորության կանոնը, և ամենակարևորը՝ ինչպիսի դիմակներ են կրել վարակակիրներն ու հաճախորդները, CNN-ի հետ զրույցում հայտարարել է նահանգային առողջապահական կառույցի ղեկավար Քլեյ Գոդարդը: Առայժմ, ըստ պաշտոնյայի, հստակ է մեկ բան՝ դիմակների միանշանակ արդյունավետությունը կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու գործում:

Մինչ այդ, Ամերիկայում վարակը շարունակում է տարածվել, թեև, ինչպես Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ևս փաստել է, երկրում վարակի տարածման պիկը հաղթահարված է, այն ապրիլին էր, երբ օրական հաստատվում էր մի քանի տասնյակ հազար դեպք։

Այդուհանդերձ, Ամերիկան վարակակիրների և զոհերի ցուցանիշներով աշխարհում առաջին երկիրն է: Վարակի ընդհանուր հաստատված ավելի քան 7,5 միլիոն դեպքից 2 միլիոն 421 հազար զոհերից 112 հազարը միայն Միացյալ Նահանգներում են:

Վերջին շաբաթներին երկրով մեկ տեղի ունեցած հակառասիստական բողոքի ցույցերը վարակի նոր բռնկման պատճառ չեն դարձել, հայտարարել է երկրի փոխնախագահ Մայք Փենսը: Համաճարակի պայմաններում զանգվածային հավաքներն արգելող Հարավային Կալիֆորնիայի իշխանությունները մերժել են Հանրապետական կուսակցության համագումարը հյուրընկալել նահանգի Շարլոթ քաղաքում: Այդ հավաքի ընթացքում կուսակցությունը պաշտոնապես պետք է առաջադրեր Դոնալդ Թրամփի թեկնածությունը նախագահական ընտրություններում: Սպիտակ տան ղեկավարին չի հաջողվել համաձայնության գալ ինչպես համագումարի պատվիրակների թվի, այնպես էլ միջոցառման ընթացքում սոցիալական հեռավորության պայմանի շուրջ: Հանրապետական կուսակցությունը ստիպված է եղել համագումարը տեղափոխել Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաք:

Նախօրեին ԱՄՆ Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովը կորոնավիրուսի դեմ ևս մեկ պատվաստանյութ ստեղծելու համար առաջարկել է 44 միլիոն եվրո հատկացնել Պենտագոնին: Մինչ այդ, ամերիկյան Regeneron Pharmaceuticals ընկերությունն արդեն սկսել է վարակի բուժման համար նախատեսված դեղամիջոցի` այսպես կոչված «հակամարմին կոկտեյլի» փորձարկումը: Բիոտեխնոլոգիական ընկերության գլխավոր գիտաշխատող Ջորջ Յանկոպուլոսը Reuters-ի հետ զրույցում նշել է, որ եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, մեկ ամսից կարող են հստակ իմանալ՝ որքանով է այն արդյունավետ, իսկ արդեն ամռան վերջին հնարավոր կլինի այն լայնորեն կիրառել:

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի և դեղամիջոցի բացակայության պայմաններում վարակը սրընթաց տարածվում է հատկապես Հարավային Ամերիկայում, էպիկենտրոնն այժմ Բրազիլիան է, որտեղ հաստատվել է 806 հազար դեպք, զոհվել ավելի քան 40 հազար մարդ:

Վարակվածության ցուցանիշով երրորդ տեղում Ռուսաստանն է, Հնդկաստանը վերջին օրերին հայտնվել է չորրորդ հորիզոնականում՝ երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 297 հազարի, հինգերորդ տեղում Մեծ Բրիտանիան է:

Եվրոպական տարածաշրջանում վարակի տարածումը կանխելու հարցում որոշակի հաջողություններին զուգահեռ՝ տասնյակ երկրներ բացում են սահմանները, տնտեսությունը և նույնիսկ վերսկսում մարզական մրցաշարերը:

Իտալիայում մարզիկներին թույլատրվել է վերադառնալ մարզադաշտ, սակայն մրցումները կանցկացվեն առանց հանդիսատեսի: Չեխիան ամբողջությամբ բացել է սահմանները հարևան Սլովակիայի, Ավստրիայի և Գերմանիայի հետ և արտոնել է անարգել ուղևորությունները Հունգարիայի հետ: Երկրի ազգային ավիափոխադրողը վերսկսել է չվերթները Փարիզ, Ֆրանկֆուրտ, Բուխարեստ, Կիև և Օդեսա: Հունգարիայում դպրոցականներին թույլատրվել է հաճախել դասերի՝ առայժմ կամավորության սկզբունքով:

Մասնագետները սակայն ահազանգում են Եվրոպայում սպասվող համաճարակի հնարավոր երկրորդ ալիքի մասին՝ զգուշացնելով, որ սահմանափակումների թուլացումը կարող է զուգորդվել վարակակիրների թվի աճով:

Վարակի բռնկման օջախը համարվող Չինաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը ընդամենը յոթն են, երկրի ամենախիտ բնակեցված բնակավայրերից համարվող մայրաքաղաք Պեկինում վերջին քսանչորս ժամվա ընթացքում հաստատվել է ընդամենը երկու դեպք։ 1 միլիարդ 400 միլիոն բնակչություն ունեցող Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 83 հազար 64 է:

XS
SM
MD
LG