Մարտի 16-ից Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը, որն ավարտվում է հունիսի 13-ին, կառավարության որոշմամբ երկարաձգվեց արդեն 4-րդ անգամ ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը: Հիմքերը մնում են նույնը՝ երկրում կորոնավիրուսի համաճարակը:
Նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը.- «Այն պատճառները, որով արտակարգ դրությունը հայտարարվել էր, շարունակում են գոյություն ունենալ»:
Կառավարության նիստին իրավունքի ուժով հաջորդեց Ազգային ժողովի (ԱԺ) հատուկ նիստը, որտեղ հիմնական զեկուցող վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրում ստեղծված իրավիճակը ճգնաժամային որակեց` արձանագրելով, որ դա հաղթահարել հնարավոր է միայն հանրային վարքագծի փոփոխությամբ: Փաշինյանը հնչեցրեց կանխատեսումներ, որ համաճարակը առնվազն 1,5 տարի կշարունակվի` նկատելով` աշխարհում ավելի վատատեսական կանխատեսումներ էլ կան.- «Եթե հանրայնորեն, լայնորեն այդ կանոնները չպահպանվեն, համավարակի համաճարակի հաղթահարումը դառնալու է անհնարին»:
Վարչապետը կարծում է` հանրությունը պետք է սովորի ապրել կորոնավիրուսի հետ: Պատկերավոր համեմատություն անցկացրեց մեքենաների ու վիրուսի միջև.- «Օրինակ` երբ հայտնվեցին ավտոմեքենաները, ինչ-որ մի պահից մարդիկ սկսեցին մեծ թվերով վրաերթերի ենթարկվել, և դա բերում էր մարդկային մեծ զոհերի, և այդ ամենի արդյունքում է, որ ստեղծվեցին հետիոտնային անցումները, լուսացույցները, կանոնակարգվեցին երթևեկության կանոնները, և այդ ժամանակ ոչ ոք կամ գոնե հիմա, փառք Աստծո, ոչ ոք չի ասում` ես չեմ հավատում ավտոմեքենաների մահաբեր ուժին»:
Կորոնավիրուսից ապաքինված Փաշինյանը անդրադարձավ նաև իր և իր ընտանիքի վարակվելու փաստին: Ասաց, որ իր օրինակով կարող է պնդել` դիմակ և ձեռնոց կրելն արդյունավետ է, որովհետև իր տեղեկություններով` ինքը, վարակակիր լինելով հանդերձ, ոչ մեկին չի վարակել.- «Եթե ենթադրենք, որ ես վարակված եմ եղել արդեն ամսի 20-ին և Արցախի նորընտիր նախագահի երդմնակալության իրավիճակին մասնակցել եմ վարակակիր լինելով, նախ փակ դահլիճում եղել եմ դիմակով և շփում եմ ունեցել Արցախի երրորդ նախագահի հետ, այսինքն` դիմակով է եղել շփումը, և այդ 14 օրն անցել է, և որևէ ախտանիշ չկա»:
Փաշինյանը վստահ է` խնդիրը առողջապահական համակարգը չէ, այլ այն, որ մինչև օրս կան մարդիկ, ովքեր պնդում են, որ կորոնավիրուսը կեղծ է։ Իսկ առողջապահական համակարգը, ըստ վարչապետի, իր առջև դրված խնդիրն ամբողջությամբ լուծել է.- «Նույնիսկ վերակենդանացման բաժանմունքներում բացառիկ ընտանեկան մթնոլորտ է հաստատված, մարդիկ ասում են միայն շնորհակալության խոսքեր, և դրա մեջ ձև չկա: Մեր պրոբլեմն առողջապահական համակարգից դուրս է, մեր պրոբլեմը, կներեք, մեր բիսեդկաներում է»:
Վարչապետը հանձնարարել է ձևավորել աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվությունների տարածման սկզբնաղբյուրներով.- «Արդյո՞ք կարող է այստեղ օտարերկրյա հատուկ ծառայությունները կապ ունեն, արդյո՞ք կարող է օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող շրջանակներ և ուժեր գոյություն ունեն, և արդյո՞ք կարող են լինել քաղաքական շրջանակներ կամ ոչ քաղաքական, կրիմինալ շրջանակներ, ովքեր, իրենց նեղ շահերից ելնելով, կարող են փողեր ծախսել այդպիսի այդօրինակ ապատեղեկատվություն տարածելու համար»:
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բարձրաձայնեց արտակարգ դրության ընթացքում մարդու իրավունքերի պաշտպանության խնդիրը, մասնավորապես խոսեց ոստիկանների գործողությունների մասին. հենց ոստիկաններն են հսկում, որ հանրային վայրերում քաղաքացիները դիմակ կրեն, ինչը հունիսի 4-ից պարտադիր է Հայաստանում.- «Մենք տեսնում ենք բռնի ուժ, մենք տեսնում ենք մարդու արժանապատվությունը վնաստացնող վերաբերմունք, որն արգելված է Եվրոպական կոնվենցիայով, և դա շատ վատ հետևանքներ է ունենում` նախ ոստիկանության հետ կապված և երկրորդը` որպես նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետություն: Հիմա բոլոր երկրները Covid-ի ժամանակահատվածում` այս պանդեմիայի, մոնիտորինգի տակ են առ այն, թե մարդու իրավունքները որքանով են սահմանափակվում»:
«Ոստիկանությունն ուժային կառույց է, և նա օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրավունք ունի կիրառել ուժ: Պարզ է` դիմակ չկրելու համար, ուղղակի դիմակ չկրելու համար չի կարելի ուժ կիրառել, պարզ է բոլորին, բայց դե դիմակ չկրելու համար քաղաքացու հետ հաղորդակցության ընթացքում տեղի են ունենում այլ զարգացումներ, եթե, իհարկե պետք է ուժ կիրառի ոստիկանը»,- արձագանքեց վարչապետը:
«Բարգավաճ Հայաստանից» Միքայել Մելքումյանը վարչապետից անուններ պահանջեց, թե իշխանության շարքերից ով որ հարցում է թերացել վիրուսի տարածման ընթացքում.- «Անպայման պիտի գնահատական տալ, պառլամենտն էլ պիտի իմանա դրա մասին, տեսնենք` ով ինչ չի արել` հատկապես հաշվի առնելով, և կուզենայի Ձեր ամփոփիչ ելույթում Դուք ասեիք` վերջին կադրային փոփոխությունները, հասկանանք, համաճարակի հետ կապ ունի, թե չունի և ինչքանով կապ ունի, որպեսզի հենց նենց ազատելով չի, հետո պետք է պատասխանատվության ինստիտուտ լինի նաև»:
Վարչապետն իր եզրափակիչ ելույթի 10 րոպեն ամբողջությամբ նվիրեց հակահամաճարակային կանոնները նորից ու նորից հիշեցնելուն.- «Եվ կրկին ուշադրություն, խուսում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակ է, բոլորիդ կոչ ենք անում կրել դիմակներ և դրանք հանել միայն սնվելիս»:
Արտակարգ դրության վերաբերյալ կառավարության որոշումը խորհրդարանում քվեարկության ենթակա չէ: Օրենսդիրում քվեարկության է դրվում միայն արտակարգ դրությունը կամ դրա որոշակի միջոցառումների չեղարկման հարցը, խմբակցություններից որևէ մեկը նման նախաձեռնությամբ հանդես չեկավ: