Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա ամբողջ ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին հենց ինքը՝ վարչապետն առավոտյան Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց։
«Երեկ պարզվեց, որ կորոնավիրուսի իմ թեստը դրական է, ընդ որում՝ ուզում եմ ասել, որ որևէ ախտանշան չեմ ունեցել, պարզապես քանի որ առաջնագիծ մեկնելու պլաններ կային, որոշեցի թեստավորվել, և թեստը դրական դուրս եկավ: Դրանից հետո թեստավորվեցինք ամբողջ ընտանիքով, և ամբողջ ընտանիքով փաստորեն դրական արդյունք ունենք, այսինքն վարակված ենք կորոնավիրուսով: Ուզում եմ ասել, որ որևէ սիմպտոմ՝ ախտանշան չունենք», - նշեց Փաշինյանը:
Գործադիրի ղեկավարի խոսքով՝ ամեն օր աշխատանքի ներկայանալուց առաջ, ինչպես կարգն է, ինքը ջերմաչափել է, սակայն ջերմություն չի ունեցել, իսկ որտե՞ղ կամ ո՞ւմից է վարակվել, վարչապետը սեփական վարկածն ունի՝ աշխատանքային խորհրդակցություններից մեկի ընթացքում: Վստահ է՝ ընտանիք մյուս անդամներն իրենից են վարակվել։
«Խորհրդակցությունների ժամանակ գիտեք, որ ջրի բաժակներ են դնում, ես մի օր ֆիքսեցի, արձանագրեցի՝ այդ բաժակն առանց ձեռնոցի տեղադրելու փաստը, իհարկե, տեղում նկատողություն արեցի և առաջարկեցի, որ փոխեն, բայց ենթադրում եմ՝ դրանից առաջ էլ նույն կերպ է եղել, և այդ աշխատողը՝ մատուցողը, ով մատուցում էր այդ բաժակը, հաստատվել է նրա մոտ նույնպես դրական», - ասաց Փաշինյանը:
Վարչապետը հայտնեց, որ ինքը մեկուսացվել է կառավարական առանձնատանը և այնտեղից շարունակելու է լիարժեք աշխատել, որքան հիվանդությունը թույլ կտա: Ասում է՝ աշխատանքի համար բոլոր պայմանները ստեղծված են։
«Ինչքան որ հնարավոր կլինի, կաշխատեմ, նույնիսկ հնարավոր է սպասվածից ավելի շատ, բայց, իհարկե, մեկուսացվածության պայմաններում: Հետևյալն եմ ուզում ասել, որ խնդրում եմ, կոչ եմ անում բոլորիդ՝ անպայման պահեք հակահամաճարակային կանոնները: Դե էդպես ստացվեց, որ հակահամաճարակային կանոնները մեզ կոնկրետ դեպքում չօգնեցին, բայց համոզված եմ, որ այդ կանոնների պահպանման արդյունքում առնվազն կառավարությունում ինձնից մարդ չի վարակվել կամ հնարավորինս քիչ մարդ է վարակվել», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնեց, որ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է:
Արդյոք կառավարությունում այլ վարակակիրներ ևս կա՞ն, Գևորգյանը չբացառեց՝ նշելով, որ վարակի ախատնշաններ ունեցող անձինք չկան: Գործադիրի ղեկավարի հետ շփված բոլոր անձինք, Մանե Գևորգյանի վստահեցմամբ, պահպանել են անվտանգության բոլոր կանոնները։
«Որպես այդպիսին կառավարության անդամների համատարած թեստավորում չի անցկացվել, և թեստավորումն իրականացվում է միայն բժշկական ցուցումով, այս պահի դրությամբ բժշկական ցուցում մենք չունենք: Կառավարության անդամները, որոնք ունեցել են անմիջական շփում վարչապետի հետ, բոլորը պահպանել են անվտանգության կանոնները՝ դիմակների կրման, սոցիալական հեռավորության պահպանման, ախտահանման նյութերը միշտ եղել են, մարդիկ միշտ դա օգտագործել են», - ասաց նա:
Ի դեպ, չնայած վարակվածությանը, վարչապետն այսօր տեսակապի միջոցով մասնակցեց պարետատան նիստին, իսկ դրանից հետո էլ ճեպազրույցին՝ այս անգամ արդեն կառավարական առանձնատան բակում՝ պարետ Տիգրան Ավինյանի ու առողջապահության նախարար Ասեն Թորոսյանի հետ։
«Կարծում եմ՝ իմ դեպքը, մեր դեպքը վկայում է, որ ընդհանրապես մեր բոլոր շփումներում մեր բոլոր շրջապատի մարդկանց պետք է վերաբերվենք որպես պոտենցիալ աղբյուր կորոնավիրուսի, որովհետև մեր ընտանիքի որևէ անդամ որևէ ախտանիշ չի ունեցել», - հայտարարեց վարչապետը: