Հայաստանի կառավարությունը այսօր արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելուն:
Որոշման համաձայն՝ մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը, այն է՝ հունիսի 13-ը ժամը 17:00-ը, երկարաձգվում է ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը ժամը 17:00-ը:
Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էր միայն տվյալ հարցը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստը հայտարարեց ավարտված` խոստալով, որ մանրամասները կքննարկվեն Ազգային ժողովում տեղի ունենալիք հատուկ նիստին:
Հայաստանում այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 15 հազար 281 է, որից բուժվել են 5 հազար 639-ը, հիվանդությունից մահացել է 258 մարդ:
Կառավարության ղեկավարը երեկ պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտնել էր, որ արտակարգ դրությունը հերթական անգամ երկարացվելու է: