Մատչելիության հղումներ

Կառավարությունը վաղը կքննարկի արտակարգ դրությունը ևս 1 ամսով երկարաձգելու հարցը


Այսօր մեր կողմից հակահամաճարակային կանոնների պահպանումն արդյունքի է բերում 7-14 օր հետո, և այսօր արձանագրված դեպքերը արձանագրում են մեր` այդքան օր առաջ դրսևորած վարքագիծը: Այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն` արձանագրելով, որ ըստ էության 1-2 շաբաթ առաջ հակահամաճարակային կանոնները չեն պահպանվել:

Հիշեցնենք, որ նախորդ օրվա ընթացքում արձանագրվել է 566 նոր դեպք (ընդհանուր թվով` 14 հազար 669 դեպք):

Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել մարտի 16-ից, ապա այն երկարաձգվեց մինչև մայիսի 14-ը, կրկին` մինչև հունիսի 13-ը:

«Մենք ունենք հնարավորություն 7-14 օր հետո զրոյացնելու Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի աճը և կանգնեցնելու վարակը, և սա ամենակարևոր արձանագրումն է, որ մենք այսօր պետք է անենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` կրկին կոչ անելով դիմակ կրել, սոցիալական հեռավորություն պահպանել և մշտապես ախտահանվել:

Վարչապետը նաև հայտնեց, որ վաղը կառավարության արտահերթ նիստում որոշում կկայացնեն արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարացնելու մասին, քանի որ այն պատճառները, որոնց բերումով արտակարգ դրություն էր հաստատվել, վերացված չեն: Կառավարության նիստից հետո կհրավիրվի Ազգային ժողովի նիստ, հարցը կքննարկի օրենսդիր մարմինը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր հերթին նշեց, որ մեծ թվով դեպքերի գրանցման պատճառ են դառնում մեծաթիվ մասնակցությունները հուղարկավորություններին, հոգեհանգստյան արարողություններին, ինչպես նաև հարսանյաց հանդեսներին: Պապիկյանն ընդգծեց` արգելքներով չէ, որ այս խնդիրները պետք է լուծվեն, այլ հանրային բարձր գիտակցության շնորհիվ, և այդ գիտակցության սերմանումը կախված է բոլորիցս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG