Մատչելիության հղումներ

Արցախի նախագահի երդմնակալությանը հաջորդած խնջույքի լուսանկարները հայտնվել են քննադատության թիրախում


Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը հաջորդած խնջույքի լուսանկարները սուր քննադատության առիթ են դարձել Հայաստանի իշխանությունների հասցեին։

Երեկ տեղի ունեցած միջոցառման լուսանկարներից պարզ է դառնում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, մի քանի տասնյակ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ մասնակցել են բացօթյա տարածքում կազմակերպված խնջույքին՝ առանց պահպանելու սոցիալական հեռավորությունը։

Սոցիալական ցանցերում օգտատերերը, քննադատելով կորոնավիրուսի տարածման պայմաններում նման մարդաշատ հավաքի անցկացումը, հիշեցնում են, որ անձամբ վարչապետն է պարբերաբար կոչ անում չմասնակցել բազմամարդ միջոցառումների և դիմակներ կրել, մինչդեռ հենց իրենք չեն պահպանում այդ կանոնները։

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը «Ազատության» հետ զրույցում պատասխանելով հնչող քննադատությանը՝ պնդեց, թե իրենց կողմից պահպանվել են սահմանված բոլոր կանոնները․ - «Մինչև ընդունելությունը տեղի էր ունեցել Արցախի նախագահի երդմնակալության արարողությունը, որից առաջ և որի ժամանակ և՛ վարչապետը, և՛ տիկինը, և՛ կառավարության անդամները, և՛ Ազգային ժողովի պատգամավորները, հրավիրյալները մեր կողմից կրել են դիմակներ, շատերը նաև կրել են ձեռնոց»։

Գևորգյանի խոսքով, հրապարակված լուսանկարները ընդամենը մի պահ են, երբ շնորհավորանքներ են հնչել։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրենք դիմելու են Արցախի ոստիկանություն՝ խնջույքի մասնակիցներին, այդ թվում վարչապետ Փաշինյանին տուգանելու համար։

Ըստ Իոաննիսյանի, բարձրաստիճան պաշտոնյաները խախտել են Արցախի պարետի որոշումը, որով արգելվում է 20 հոգուց ավելի մասնակիցներով միջոցառումները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Կառավարության նիստի ընթացքում ասել էր, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շատ լուրջ է, և իրենք պետք է օրինակ ծառայեն քաղաքացիների համար․ - «Քաղաքացիների կողմից շատ ճիշտ դիտարկում էր արված, նաև սոցիալական ցանցերում, թե եթե փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է, ինչու կառավարությունում և կառավարության քննարկումների ժամանակ այդ պայմանը չի պահվում։ Կարծում եմ, շատ արդարացի և ճիշտ դիտարկում է»։

Երեկվանից հնչող քննադատությանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաև Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ով նույնպես մասնակցել է երդմնակալության արարողությանն ու ընդունելությանը։

Սիմոնյանն ընդգծում է, որ լուսանկարներն արվել են Լեռնային Ղարաբաղում, որտեղ կորոնավիրուսի հետ կապված այլ իրավական ռեժիմ է գործում․ - «Լուսանկարը, որը որ այսօր շրջանառվում է համացանցում, արված է բաց տարածքում, արված է Արցախում գործող կանոնների, կարգի, օրենքին համապատասխան»։

Այդուհանդերձ նա հասկանալի է համարում շատերի մոտ առաջացած զայրույթն ու հարցերը․ - «Ամեն մի բառ, ամեն մի լուսանկար, ամեն մի արտահայտություն շահարկումների առիթ են հանդիսանում։ Նույնիսկ բաց տարածքում շնորհավորելիս պետք էր այդ բանը հաշվի առնել»։

Սիմոնյանը ևս ընդունում է, որ իրենք պիտի օրինակ ծառայեն քաղաքացիների համար․ - «Մենք բոլորս այս իրավիճակում պետք է հետևություններ անենք ամեն ինչից և մեր սխալների, բացթողումների վրա սովորենք։ Կրեք դիմակները, դրանք պարտադիր են»։

Օրինակ ծառայելու մասին այսօր խոսել է նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով աղմուկ հանած լուսանկարներին։ Նրա խոսքով, սոցիալական հեռավորությունը պետք տէ պահպանվի ամեն տեղ և ցանկացած իրավիճակում։

XS
SM
MD
LG