«2019-ը բյուջետային առումով պատմական տարի էր», - այսօր անցած տարվա բյուջեի տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ առցանց ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով՝ 2019-ին արձանագրվել է վերջին 12 տարվա մեջ աննախադեպ ցուցանիշ՝ 7,6 տոկոս տնտեսական աճ։ Կառավարությանը հաջողվեց նախատեսվածից 104 միլիարդ դրամով ավելի հարկային եկամուտներ ապահովել, որից 62 միլիարդը դարձավ պետական բյուջեի եկամուտը, իսկ 42 միլիարդը վերադարձվեց ավելացված արժեքի հարկի պարտքը։
Այնուամենայնիվ, ըստ վարչապետի, 2019-ին բյուջե չի մուտաքագրել այն ամբողջ պոտենցիալը, որի հնարավորությունն ունեինք։ «Ամենատարբեր հաշվարկներով՝ Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն գոյություն ունի, և նույնիսկ որոշ գնահատականներ կան, որ բյուջեի հավաքագրման պոտենցիալը կարող էր ավել լինել մինչև, օրինակ, 400 միլիարդ դրամի», - ընդգծեց Փաշինյանը:
2020-ը, ըստ վարչապետի, նույնպես պատմական է, բայց ոչ տնտեսական աճի առումով՝ խոսքը կորոնավիրուսի մասին է: Այդ ժամանակաշրջանը նոր է սկսվել, և պարզ չէ, թե ինչքան կտևի, հետևաբար՝ դեռևս վաղ է կորուստներն ամփոփելու համար։ Ամեն դեպքում, Փաշինյանն իր ելույթում խոսեց ստեղծված ճգնաժամը իբրև հնարավորություն օգտագործելու կարևորության մասին։ Նրա համոզմամբ՝ այժմ պետության, պետական կարգի և քաղաքացու փոխհարաբերություններում խորը վերագնահատման գործընթաց է տեղի ունենում, և այդ առումով այսօր, ինչպես 2018-ին, հեղափոխական ժամանակներ են։
Ըստ վարչապետի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանում պետք է վերագնահատենք մեր վերաբերմունքը կարգապահության և քաղաքացիական պարտականությունների նկատմամբ։ Կարգապահությունը պետք է լինի ոչ թե ուժի և հարկադրանքի, այլ՝ հոգեբանության, պետության նկատմամբ ունեցած նոր փիլիսոփայության արդյունք։
Այս նույն համատեքստում, ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք է բյուջեի նկատմամբ ձևավորվել նոր ընկալում, անցյալում թողնել այն հին ընկալումը, թե բյուջեն մարդկանց թալանելու, նրանց վերջին լուման ձեռքից խլելու համար է։ «Բյուջեի նոր ընկալումը պետք է լինի հետևյալը, որ պետական բյուջեն մեր ընդհանուր դրամապանակն է, որը մենք ձևավորում ենք միասին՝ մեր ընդհանուր կարիքները հոգալու համար: Պետբյուջեի նկատմամբ վերաբերմունքը ինձ համար հետևյալ հարցի պատասխանն է՝ հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունե՞ն արդյոք կամք՝ պետականություն ունենալու», - ասաց պետության ղեկավարը:
Այս առումով, ըստ վարչապետի, պետք է փոխվի նաև հանրության ընկալումը պետական պաշտոնյաներին բարձր աշխատավարձ վճարելու անհրաժեշտության նկատմամբ, քաղաքացին պետք է ուզենա, որ պաշտոնյան ստանա բարձր աշխատավարձ, իհարկե՝ զերծ մնալով կոռուպցիոն երևույթներից։ Դա, ըստ Փաշինյանի, նույնպես պետականություն ունենալու կամքի դրսևորում է։
Վարչապետը պարզ համեմատություն անցկացրեց՝ յուրաքանչյուր ընտանիք իր ամենատարբեր կարիքները բավարարելու համար փորձում է որակյալ մասնագետներ գտնել:
«Ենթադրենք՝ մի միլիարդ դրամը, որով պիտի ֆինանսավորվի, օրինակ, պետական բարձրաստիճան պաշտոնյաների, պաշտոնյաների, դատավորների աշխատավարձը, դատավորների՝ առանձնահատուկ նշում եմ, դա որպես գումար Հայաստանի Հանրապետության 3 միլիոն քաղաքացիների կյանքում ոչինչ չի կարող փոխել, բայց այդ գումարով որակյալ պաշտոնյաների, որակյալ ծառայողների վարձելը և ներգրավելը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքում շատ, շատ, շատ, շատ էական բաներ կարող է փոխել», - հայտարարեց Կառավարության ղեկավարը:
Ըստ վարչապետի՝ այսօր բարեփոխումների ամենալավ շրջանն է, քանի որ տնտեսական առումով այլևս որևէ կորցնելու բան չունենք, մինչդեռ 2019-ին կառավարությունը շատ զգույշ էր, կենտրոնացած՝ տնտեսական աճ և եկամուտներ ցույց տալու և ունենալու վրա։ «Բայց հիմա մենք մի վիճակում ենք, որ կորցնելու բան չունենք, ավելի ճիշտ՝ մեր այսօրը կորսված է, մենք պետք է մտածենք վաղվա մասին: Եվ այս առումով՝ մեր պետականության ունենալու կամքի արտահայտություն պետք է դառնա այն բարեփոխումների նկատմամբ վերաբերմունքը, որ Կառավարությունը այսօր ձեռնարկում է», - շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
Առաջիկայում մեկնարկելիք բարեփոխումների շարքում վարչապետն առանձնացրեց գույքահարկի համակարգի փոփոխությունը, որի համաձայն բոլոր քաղաքացիները պետք է գույքահարկ վճարեն՝ համապատասխան իրենց ունեցած գույքի արժեքի: Այդ կերպ, ըստ Փաշինյանի, քաղաքացին պետք է արտահայտի պետություն ունենալու իր կամքը:
«Թող նրա համար ինքը վճարի տարին 100 դրամ, թող վճարի տարին 200 կամ 300 դրամ, էդ 300 դրամը որ ինքը պահեց իրեն, որից հիմա մենք իրենց 30 տարի ազատել ենք, էդ մարդու կյանքում որևէ բան փոխե՞լ է էդ 300 դրամը՝ չի փոխել, բայց պետության կյանքում էդ 300 դրամը շատ բան է փոխում», - հայտարարեց վարչապետը: