Մատչելիության հղումներ

Հայաստանը գրանցել է ամենաբարձր տնտեսական աճը նախորդ 12 տարիների ընթացքում


2019 թվականը Հայաստանը փակել է 7,6 տոկոս տնտեսական աճով՝ այսպիսով գրանցելով ամենաբարձր աճը նախորդ տասներկու տարիների ընթացքում։

Հայաստանի վիճակագրական կոմիտեի համաձայն, համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նման բարձր աճ չի գրանցվել 2007 թվականից ի վեր։

Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ իր գլխավորած կառավարությունը կկարողանա այս տարի ավելի բարձր ցուցանիշ արձանագրել։

«Վիճակագրության կոմիտեն հրապարակել է ՀՆԱ աճի տվյալները՝ 7,6 տոկոս, համախառն ներքին արդյունքի աճը 2019 թվականին 2018 թվականի համեմատ կազմել է 7,6 տոկոս, ըստ էս նախնական տվյալների։ Բացարձակ թվով ինչքա՞ն է», - հարցրեց Փաշինյանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանին

«6 տրիլիոն 551 միլիարդ 849 միլիոն», - պատասխանեց Ավինյանը։

«Կարող ենք արձանագրել հետևյալը, որ 2019 թվականին եթե 7,6 տոկոս է, դա նշանակում է, որ 2008 թվականից ի վեր ամենամեծ տնտեսական աճն ենք արձանագրել 2019 թվականին, ինչի կապակցությամբ բոլորիս շնորհավորում եմ, համոզված եմ, որ մեր համատեղ աշխատանքի արդյունքում 2020 թվականին ավելի մեծ ցուցանիշ կարձանագրենք», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Անցած տարվա պետական բյուջեի համաձայն, 2019 թվականին կանխատեսվում էր 4,9 տոկոս տնտեսական աճ, սակայն տարվա արդյունքներով Հայաստանը գրանցեց էականորեն ավելի բարձր ցուցանիշ։

Եթե Վիճակագրական կոմիտեի թվերը վերածենք ամերիկյան դոլարի, ապա անցած տարի Հայաստանի տնտեսությունը կազմել է 13 միլիարդ 636 միլիոն դոլար։

Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF)՝ այս հունվարի սկզբին հրապարակած տվյալներով, մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքով Հայաստանը 2019-ին առաջ է անցել Վրաստանից, իսկ այս տարի կանցնի նաև Ադրբեջանից։

Հիմնադրամի հրապարակումից օրեր անց էլ լույս տեսավ Համաշխարհային բանկի Global Economic Prospects զեկույցը, ըստ որի առաջիկա երեք տարիներին Հարավային Կովկասում Հայաստանն ունենալու է ամենաբարձր տնտեսական աճը։

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանն այսօր «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իշխանությունների հայտարարած 7,6 տոկոս աճը բաղկացած է ոչ միայն տնտեսության վերելքից, իր դերն ունի նաև ստվերի կրճատումը։

«7,6 տոկոս տնտեսական աճն ընդհանուր առմամբ մեր նման երկրների համար կարելի է համարել դրական, լավ ցուցանիշ, բայց ես միևնույն ժամանակ կառաջարկեի խուսափել տնտեսական աճ ձևակերպումից, ավելի լավ է օգտագործենք ՀՆԱ-ի իրական ծավալի աճ, որովհետև նման փոփոխությունը մասամբ պայմանավորված է նաև ստվերի կրճատմամբ և մի մասն է, որ պայմանավորված է տնտեսական աճով», - ասաց Ֆանյանը։

«Ազատության» հարցին, թե ի՞նչ կարող ենք սպասել այս տարի, թեև միջազգային կառույցներն ավելի ցածր աճ են կանխատեսում քան 7,6 տոկոսն է՝ հիմնականում 5 տոկոսի շրջանակներում, տնտեսագետը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ 5 տոկոսից իրականում ավելի կլինի, սակայն հավանականությունը, որ մենք կարող ենք, օրինակ, 8 տոկոսից ավելի ՀՆԱ-ի իրական ծավալի աճ գրանցենք, շատ բարձր չեմ գնահատում։ Նախադրյալներ որպես այդպիսին տնտեսական աճի չեմ տեսնում բավարար»։

XS
SM
MD
LG