Ապրիլին` նախորդ տարվա ապրիլի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում աննախադեպ անկում է ապրել` 17.2 տոկոս, և սա մեկ ամսվա կտրվածքով գրանցված խոշորագույն անկումն է 2011թ.-ից ի վեր, ինչ Հայաստանի տնտեսությունը սկսեցին չափել նաև տնտեսական ակտիվության ցուցանիշով։
Վիճակագրական կոմիտեի այսօր հրապարակած տվյալների համաձայն` այս ապրիլին, երբ տնտեսությունը, ըստ էության, փակ էր կորոնավիրուսի պատճառով, անկում է գրանցվել տնտեսության բոլոր ճյուղերում. շինարարության ոլորտում՝ 51 տոկոս, ներհայաստանյան առևտրի շրջանառությունը կրճատվել է 33.1 տոկոսով, ծառայությունների ծավալը (առանց առևտրի)՝ 15.9 տոկոսով, արդյունաբերությունն անկում է գրանցել 8.6 տոկոսով, արտահանումը՝ 30.3 տոկոսով, ներմուծումը՝ 27.4 տոկոսով, գյուղատնտեսության տվյալները ներկայացված չեն։
Նախորդ ամսին՝ մարտին, 2019թ. մարտի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը նույնպես անկում էր գրանցել, սակայն անհամեմատ փոքր թվով` 4.4 տոկոս։
Ազգային ժողովում իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանի խոսքով` տեղի ունեցածը սպասելի էր.- «Սպասում էի, որ ապրիլը կլինի ամենամեծ անկումն արձանագրված ամիսը: Կարծում եմ` նույնատիպ ինչ-որ բան կարձանագրվի նաև մայիսին, բայց ես համոզված եմ, որ դա կլինի կորի ամենաներքևի կետը, այսինքն` ապրիլ-մայիսը կլինի, ինչպես ասում են հատակը, որից հետո ցուցանիշները կսկսեն բարձրանալ, իհարկե չեն վերականգնվի արագ, մի քանի ամսվա մեջ, բայց կորը կսկսի բարձրանալ»:
Մոտ մեկ ամիս առաջ կառավարության նիստում հրապարակվեց գործադիրի կանխատեսումը, ըստ որի այս տարին Հայաստանի տնտեսությունը կփակի 2 տոկոս անկմամբ: Միևնույն ժամանակ, կորոնավիրուսով պայմանավորված, երբ երկրի տնտեսությունը փակ էր շաբաթներ շարունակ, կառավարությունը հայտարարեց, որ տարվա ընթացքում 260 միլիարդ դրամ կամ այսօրվա փոխարժեքով ավելի քան 530 միլիոն դոլար լրացուցիչ պարտք է վերցնելու։
Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը «բնական» բնութագրեց կորոնավիրուսի և փակ տնտեսության պայմաններում նման անկումը.- «Հիմա փաստորեն եթե վերցնում ենք ապրիլն ապրիլի նկատմամբ` 17.2, բայց 4 ամսվա տվյալները եթե վերցնում ենք` 1.7 տոկոս: Կարող եմ ասել, որ վատ չի, որովհետև գնահատականները շատ ավելի վատ էին, ես նկատի ունեմ` մարտի վերջին, ապրիլի սկզբին արդեն որոշ տնտեսագետներ գնահատում էին, որ Հայաստանի Հանրապետությունը հենց ամեն օր կորցնում է 40 միլիոն դոլար համախառն ներքին արդյունքի առումով»:
Խաչատրյանի կանխատեսմամբ` այս տարի Հայաստանի տնտեսությունը կարող է անգամ փոքր՝ մինչև 1 տոկոս աճ ունենալ.- «Իրատեսական է բավականին, որովհետև ես այդ թիվը ներկայացնելիս հաշվի եմ առնում, որ 1-2 ամիս հետո տնտեսական կյանքի կակտիվանա, և ծառայությունների ու առևտրի ոլորտը հուլիսի վերջին, չհաշված տուրիստները, արդեն իրականում բավականին ակտիվ ազդեցություն կունենա տնտեսության վրա և կսկի լիարժեք աշխատել»:
Միջազգային հեղինակավոր կազմակերպությունները տարբեր կանխատեսումներ են ներկայացնում Հայաստանի տնտեսության այս տարվա զարգացումների վերաբերյալ։ Ամենաթարմը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկինն է, ըստ որի 2020թ.-ին Հայաստանի տնտեսությունը 3.5 տոկոս անկում կգրանցի, սակայն արդեն գալիք տարի աճ կունենա՝ 5.5 տոկոս: