Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսը ոչ թե կրճատել, այլ բազմապատկել է գործը մի քանի ՏՏ ընկերություններում


Կորոնավիրուսի առաջացրած տնտեսական ճգնաժամի ֆոնին, երբ շատերը կորցնում են մեծ գումարներ կամ աշխատանքը, որոշ ընկերություններում ամեն ինչ ճիշտ հակառակն է. գործը շատ է։ 4 երկրներում ներկայացված, ռեստորաններից պատվերները տներ ու գրասենյակներ հասցնող հավելված առաջարկող «Մենյու Գրուպ»-ում այս օրերին շատ ավելի լարված են աշխատում ու սնունդ առաքում տանը փակված մարդկանց։

«Հայաստանում և Վրաստանում ուժեղ անկում ունեցանք առաջին մի քանի օրը, Հայաստանում արդեն վերականգնվել է, իսկ Վրաստանում դեռևս չէ, որովհետև մենք մտածում ենք՝ պասն էլ դեր ունի էդ անկման մեջ: Բելառուսում և Ուկրաինայում էական աճ ենք ունեցել պատվերների մեջ, որովհետև այնտեղ ըստ երևույթին պատվերները մարդկանց կյանքի անբաժանելի մասն են, մարդիկ ռեստորան գնալու փոխարեն նախընտրում են պատվիրել», - ասաց «Մենյու Գրուպ»-ի հիմնադիր Վահան Քերոբյանը:

Վահան Քերոբյանի խոսքով՝ կորոնավիրուսի տարածման պատճառով լարված են թե՛ «Մենյու»-ի առաքիչները, թե՛ գնորդները, որոնք շտապում են վերցնել պատվերն ու արագ փակել դուռը, առանց երկար բարակ շնորհակալական խոսքերի։

«Առաքիչները ևս շատ լարված են, որովհետև անկախ նրանից, որ փորձում ենք հնարավորինս անշփում լինել հաճախորդների հետ, պատվերները փոխանցել հնարավորինս անշփում, բայց միևնույն է, մարդիկ ենթագիտակցորեն գիտեն, որ քայլում են փողոցով, մտնում են ռեստորան, դուրս են գալիս, իսկ հաճախորդներն էլ դե ևս լարված են, ոչ ոք չի ժպտում: Մարդիկ տրամադրված չեն շատ փող ծախսելու և այլն», - նշեց «Մենյու Գրուպ»-ի հիմնադիրը:

Վերջին շաբաթների պատվերները հուշում են՝ մարդկանց կյանքը շատ է փոխվել, ուշ երեկոյան կամ գիշերային բազմամարդ խնջույքների պատվերներ այլևս չկան։

«Այն, ինչ որ մենք տեսնում ենք, դա շեղված lunch-ն է, այսինքն՝ եթե առաջ մարդիկ lunch-ը պատվիրում էին 11-ից 1-ը, հիմա՝ 12:30-ից 2-ը: Այսինքն երևում է, որ մարդիկ ուշ են վեր կենում, ուշ են սկսում աշխատել, ուշ են սովածանում և այլն: Շատ նվազել են գիշերային պատվերները», - ընդգծեց Քերոբյանը:

«Կրիսպ» ընկերությունում այս օրերին ծրագրավորողներն օրը 16 ժամ են աշխատում: Հայաստանում ստեղծվող այս հավելվածի բեռնումները 10 անգամ ավելացել են, աշխարհագրությունը շատ լայն է՝ Չինաստանից մինչև Եվրոպա ու ԱՄՆ։

«Շատ սահուն մեր մոտ դա ստացվեց, որովհետև մենք հենց հեռակա աշխատող մարդկանց համար ենք սարքում ու բավական լավ ենք հասկանում՝ ոնց է պետք դա կազմակերպել», - ասաց ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը:

Ընկերության ստեղծած գործիքը խլացնում է կողմնակի աղմուկը տեսակապի ժամանակ՝ լինի վիրտուալ դաս, կոնֆերանս, թե զրույց փողոցից։

Գործը շատ է նաև Հայաստանում հիմնադրված մեկ այլ ընկերությունում՝ «Արլուպա»-ում։ Վիրտուալ իրականություն ստեղծող հավելվածի բեռնումները վերջին ամսվա ընթացքում ամեն շաբաթ մոտ 30 տոկոսով ավելանում են։ Մարդիկ ծրագիրը ներբեռնում են հավանաբար ավելի շատ ազատ ժամանակ ունենալու պատճառով, ասում է ընկերության համահիմնադիր Արման Աթոյանը։

«Ինչը նրա նշան է, որ մարդիկ քանի որ տանն են, որոշակի զբաղվածություն և հետաքրքրություն են փնտրում», - ասաց Աթոյանը:

Հավելվածն օգտագործող մարդիկ կարող են իրենց տանը հյուրընկալել վիրտուալ կերպարների, բայց այս օրերին հատկապես պահանջված է հավելվածի վիրտուալ ճամփորդության բաժինը։ Հնարավոր չէ՞ մեկնել պլանավորված ճամփորդության, հոգ չէ, կարելի է փորձել այցելել ցանկացած վայրը տնից չհեռանալով՝ հեռախոսը ձեռքիդ։

«Կարծես դուք այդտեղ լինեք, ինչ-որ մեկը ձեզ պատմում է Լոնդոնից կարաք դա վիդեո անեք, կարաք նայեք: Երբ որ դուք քայլում մտնում եք այս սֆերայի մեջ, ձեր ամբողջ կողքերում, դուք ոնց որ էդ 360 վիդեոյի մեջ եք, այսինքն՝ դա կենտրոնում է կանգնած: Հիմա մեր թիմը շատ ակտիվ աշխատում է այս ուղղությամբ, որ այս մոդուլն ավելի կատարելագործի», - նշեց «Արլուպա»-ի համահիմնադիրը:

Ինչպես «Կրիսպ»-ում, այդպես էլ «Արլուպա»-ում արտակարգ իրավիճակի օրերին գրասենյակ չեն գնում, խոստովանում են՝ տնից ավելի արդյունավետ են աշխատում։

«Անհարմարությունները կա, այդ մարդկային շփումը շատ կարոտում ենք, դրա համար նախորդ շաբաթ թիմով սուրճ էինք խմում բոլորս online, բայց աշխատել ստացվում է», - ընդգծեց Աթոյանը:

«Մենյու Գրուպ»-ի աշխատակիցների մեծ մասը ևս տանն են, Վահան Քերոբյանը քչերից մեկն է, որ այսօր գրասենյակում էր։

«Մենք բավական լավ կարողանում ենք մարդկանց առանց օֆիս բերելու աշխատեցնել և մարդիկ էլ հաճույքով են դա անում, որովհետև պատկերացրեք՝ ինչքան ժամանակ են խնայում ճանապարհի վրա և այլն և շատ ու շատ այլ բաների վրա: Պետք է փորձենք արդյունավետությունն ավելի բարձրացնել, բայց արդեն երևում է, որ էլ հետ չենք վերադառնա նախկին աշխատաոճին», - ասաց Քերոբյանը:

XS
SM
MD
LG