Մատչելիության հղումներ

Խորհրդարանը քննարկում է 2020 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը


Կառավարությունը Ազգային ժողովի արտահերթ քննարկմանն է ներկայացրել 2020 թվականի բյուջեն վերանայելու նախագիծը՝ 2 տոկոս անկում 4,9 տոկոս աճի փոխարեն։

Նոր կորոնավիրուսի համաճարակը իրավիճակ է փոխել ամբողջ աշխարհում, և Հայաստանի կառավարությունը ևս պետք է լուրջ խմբագրումներ կատարի ծախսերն ու եկամուտներն ամփոփող գլխավոր փաստաթղթում:

Ըստ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի, տնտեսական աճ պետք չէ ակնկալել, քանի որ վիճակը ողջ աշխարհում անորոշ է, ռուբլին՝ անկայուն, տուրիզմի ոլորտը՝ փակված, արտերկրից դրամական փոխանցումներն էլ կրճատվում են․ - «Առաջարկվող նախագծով ենթադրվում է, որ մենք կունենանք 2 տոկոս անկում։ Հաշվարկները կատարված են այս գնահատականների համար այն տեղեկատվության հիման վրա, ինչը որ հայտնի է։ Անորոշության աստիճանը չափազանց մեծ է»։

Այդ իրավիճակում Կառավարությունը ծախսերը հիմնականում պահպանելու է, բայց ակնկալվող եկամուտները չեն ստացվելու, ուստի պակասուրդը կաճի:

Օրենքով թույլատրվում է միայն մինչև 3 տոկոսանոց պակասուրդ, սակայն այժմ կատարվող փոփոխություններով առաջարկվում է պակասուրդի թույլատրելի ցուցանիշը դարձնել համախառն ներքին արդյունքի 5 տոկոսը:

«Մենք չենք դրել հարկաբյուջետային քաղաքական առջև, որ ծախսերը պետք է կրճատել, ինչը, մեր խորը համոզմամբ, կհանգեցներ բացասական ազդեցությունների ավելի խորացման։ Մինչդեռ ծախսերը գրեթե նույն մակարդակի պահպանելով՝ մենք մտադիր ենք մեղմել ազդեցությունը և արագ վերականգնման համար նախադրյալներ ստեղծել», - նշեց Ջանջուղազյանը։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքներին հակազդելու համար նախագծով առաջարկվում է Կառավարությանը օժտել 2020 թվականի պետական բյուջեում փոփոխություններ կատարելու իրավասությամբ։ Գործող օրենքը կառավարությանը թույլատրում է առանց Ազգային ժողովի միայն հաստատված հատկացումների 3 տոկոսի սահմաններում վերաբաշխում անել։ Իսկ առաջարկվող նախագծով նախատեսվում է Կառավարությանը այդ սահմանաչափը գերազանցող վերաբաշխումներ անելու հնարավորություն տալ։

Այս կետը հարուցեց ընդդիմադիր պատգամավորների դժգոհությունը։ Էդմոն Մարուքյանը («Լուսավոր Հայաստան») նկատեց, որ այդպիսո խորհրդարանի վերահսկողական գործառույթը պակասում է․ - «Կառավարությունը, ըստ այս օրենսդրության, պարտավոր է բյուջեի ներսում համապատասխան տոկոսից դուրս արված շարժերի համար գալ խորհրդարան, խորհրդարանից թույլատրություն ստանալ։ Եվ մենք քննարկենք էդ ծախսերը։ Բնականաբար, մենք կողմ ենք, որ ճիշտ և որակյալ, էֆեկտիվ ծախսեր արվեն, որ մեր ժողովրդին էս վիճակից հանեն։ Հիմա փաթեթ ա բերվել խորհրդարան, որ մինչև տարեվերջ որքան որ շարժ անեն, այլևս չեն գալու խորհրդարան։ Խորհրդարանը սրա հետ համաձա՞յն ա, թե՞ չէ։ Սրա մասին ա էս նախագիծը»։

Համազասպ Դանիելյանը («Իմ քայլը») ընդունեց, որ իրենց էլ այս կետը խնդրահարույց է թվում, բայց խորհրդարանական դերի մասին խոսող ընդդիմությունը սովորաբար տրված գործիքներից էլ չի օգտվում․ - «Կոնկրետ էս նախագծի հետ կապված՝ խորհրդարանի վերահսկողության և ասելիքը տեղ հասնելու հետ կապված առաջարկներ ձևակերպենք մինչև երկրորդ ընթերցում, որոշ բաներ փոխենք»։

Ֆինանսների նախարարը հայտարարեց, որ արտակարգ դրության պայմաններում Կառավարությունը ճկունության կարիք ունի․ - «Առաջարկվող նախագծով որևէ ոտնձգություն չի արվում Ազգային ժողովի իրավասություններին, և չի էլ կարող արվել, բնականաբար։ Խոսքը ընդամենը վերաբերում է կարճաժամկետ հատվածում ճկունության որոշակի աստիճանի հայցմանը որոշակի սահմանափակման պայմաններում։ Բայց, միևնույն է, նույնիսկ ճկունության այդ աստիճանը կաշկանդված է Ազգային ժողովի կողմից ընդունված և գործող օրենքներով»։

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն ասաց․ - «Կառավարության դրդապատճառներն էլ հասկանալի են։ Գործադիրն այս լիազորությամբ ցանկանում է ավելի ճկուն և օպերատիվ գործելու հնարավորություն ստանալ, ինչը, այո, կարևոր է հատկապես մեր ճգնաժամային պայմանններում։ Սակայն դա նման փոփոխություն կատարելու, Ազգային ժողովին վերահսկողական գործառույթից զրկելու բավական անհամոզիչ և թույլ հիմնավորում է, քանի որ Կառավարությունը վերջին առնվազն մեկ-մեկուկես ամսվա ընթացքում ցանկացած պահի հնարավորություն է ունեցել նախաձեռնությամբ հանդես գալ արտահերթ նիստ հրավիրելու, և որևէ անգամ չի եղել, որ Ազգային ժողովը նաև ամենասուր ժամանակահատվածին ճնգաժամի, համավարակի առաջին փուլում միշտ էլ պատրաստ ենք եղել արձագանքել և լիագումար նիստեր ենք հրավիրել»։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG