Գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարան չէր ներկայացել։
Հայաստանի նախկին նախագահը տևական ժամանակ է գտնվում է Իզմիրլյան բժշկական կենտրոնում, անցած շաբաթ է վիրահատվել։
Դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց բժշկական կենտրոնի տրամադրած տեղեկատվությունը․ - «Ռոբերտ Քոչարյանը գտնվում է ստացիոնար բուժման մեջ և չի կարող ներկայանալ այսօրվա դատական նիստին»։
«Հաշվի առնելով, որ ամբաստանյալի բացակայությամբ գործի քննությունը չի կարող շարունակվել, այսօրվա դատական նիստը հետաձգվում է», - հավելեց Դանիբեկյանը։
Սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնաթող նախագահը կալանքի տակ է անցած հունիսից։
Անցած 11 ամիսների ընթացքում նա երեք անգամ վիրահատվել է։ Վերջին վիրահատությունն անցած շաբաթ էր։ Կալանքի տակ գտնվելու ընթացքում առաջին անգամ Քոչարյանը վիրահատվել էր անցած հոկտեմբերին։
Երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանն ասել էր, որ հոր մոտ բարորակ ուռուցք է եղել։ Դրանից հետո կատարված երկու վիրահատությունները կապ ունեն առաջինի հետ։
Հետաձգված դատական նիստից հետո Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Քոչարյանն այժմ հետվիրահատական շրջանում է գտնվում։
Շաբաթ օրն իր ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր 2008-ի արյունալի հետընտրական իրադարձությունների գործի քննությանը՝ ընդգծելով, որ մեծ հաշվով պարզ է ովքեր են, ինչ շրջանակ է կազմակերպել սպանությունները։
Վարչապետը խոսել էր այս գործով ապացույցների կեղծման համար մեղադրվող Մարտի 10-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի մասին․ - «Կրակված պարկուճները տարածքում փոխել ա գործը քննող քննչական խմբի ղեկավարը։ Դա նշանակում ա իսկական կրակողների պարկուճները չկան, և մենք հնարավորություն չունենք էսօր էդ պարկուճներով նույնականացնել և փորձել էդ զենքերը գտնել»։
Վահագն Հարությունյանը գտնվում է հետախուզման մեջ։ Նա Ռուսաստանում է և այդ երկրի իրավապահները որոշում են կայացրել նրան չարտահանձնել Հայաստան՝ պատճառաբանելով, որ նրան մեղսագրվող արարքի վաղեմության ժամկետն անցել է։
Փաշինյանը շարունակել էր․ - «Ի՞նչ ա արեն էն պարկուճները։ Գուցե ինքը գիտի՞ հենց սպանության հեղինակների անուն-ազգանունները։ Եվ քննությունը պետք ա շարունակվի։ Եվ պետք ա մենք ջանքեր գործադրենք այդ անձին հետախուզվող ձերբակալելու և Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։ Դա հեշտ չի, բայց մենք պետք է գնանք էդ ճանապարհով։ Մեծ հաշվով, պարզ ա ովքեր են, ինչ շրջանակներ են կազմակերպել էդ սպանությունները։ Այո, պետք ա գնալ մինչև վերջ և նաև էն անհատներին, ովքեր էդ կրակոցը իրականացրել են, պետք ա բացահայտել։ Բայց պարզ ա ովքեր են ապօրինի զինված խմբավորումներ ձևավորել և մտցրել ժողովրդի մեջ»։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբն այս հայտարարությունից հետո պնդեց, թե պարկուճները ոչ մի առնչություն չունեն մահվան հանգամանքները բացահայտելու հետ։
Փաստաբան Արամ Վարդևանյանը պարզաբանում է իրենց հայտարարությունը․ - «Պատկերացրեք մի այնպիսի իրավիճակ, երբ տեղի ունենա մի կենցաղային հարցի շուրջ սպանություն, այնուհետև սպանություն կատարած անձը պարկուճները հավաքի։ Ձեր կարծիքով, նման սպանությունը այլևս հնարավոր չի՞ լինի բացահայտել։ Իհարկե հնարավոր կլինի։ Պարկուճները նշանակություն չունեն»։
Նրանք պնդում են, թե առնվազն յոթ զոհերի մահվան հետ պարկուճները ոչ մի առնչություն չունեն:
Վարդևանյանն ասաց․ - «Բացի այդ, եթե իմ հիշողությունը չի դավաճանում, գրեթե յոթ դեպքերը մահվան, կամ հինգը կապված էին Չերյոմուխայի օգտագործման հետ, որը պարկուճների հետ առհասարակ առնչություն չունի․․․ Առհասարակ նշանակություն չունի պարկուճը։ Խոսքը պարկուճների հետ կապված կարող է գնալ երեք դեպքի հետ կապված»։
Ոչ թե պարկուճները, այլ փամփուշտներն ունեն էական նշանակություն, հայտարարում են կալանքի տակ գտնվող նախկին նախագահի փաստաբանները և հիշեցնում Մարտի 1-ի գործով մեղադրյալ, Ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի մեղադրանքը։
Նա մեղադրվում է զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանության համար։ Անցած օգոստոսին երկամսյա կալանքից հետո Պետրոսյանն ազատ արձակվեց կալանավայրից, քանի որ գործը քննող ՀՔԾ-ն կալանավորման միջնորդություն չէր ներկայացրել, փոխարենը խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը։ Բացի այդ, ըստ Պետրոսյանի փաստաբանի, Զաքար Հովհաննիսյանի մարմնից հանված գնդակը չի արձակվել Գեղամ Պետրոսյանին ամրակցված զենքից։
Երկրորդ նախագահի փաստաբանների պնդմամբ՝ պարկուճների հարցով ՀՔԾ-ի և Դատախազության գործադրած հավանական ու անհավանական ջանքերի պայմաններում, նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը Պետրոսյանի մեղադրանքը չի հաղթահարել․ - «Նախաքննությունը այդքան երկար տևող դուք հաճա՞խ եք տեսել, որ անձը, ով սպանության մեջ է մեղադրվում, լինի ազատության մեջ։ Եթե էդպես է, բա ինչի՞ ենք գրավի համար սենց պայքարում»։
ՀՔԾ-ից «Ազատությանը» փոխանցեցին, որ Գեղամ Պետրոսյանի գործով նախաքննությունը շարունակվում է։
Քոչարյանի փաստաբանական խումբը նաև հայտարարում է, թե դատավոր Աննա Դանիբեկյանը վախենում է արդարադատություն իրականացնել, քանի որ Նիկոլ Փաշինյանը՝ որպես գործադիր իշխանության ղեկավար, խոսում է փաստացի դատարանի վարույթում գտնվող գործի մասին՝ ընդգծելով դրա քաղաքական բնույթը:
Փաստաբանները, միևնույն ժամանակ, պնդում են, թե վարչապետ Փաշինյանն ամեն կերպ փորձում է վերաշարադրել պատմությունը և մաքրվել Մարտի 1-ի խարանից, ինչը երբեք չի ստացվելու:
Փաշինյանը զանգվածային անկարգությունների և ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման, բայց համաներմամբ ազատ էր արձակվել 3 տարի հետո։
«Ազատության» հարցին, թե ինչ կապ ունի ընդդիմության ներկայացուցիչը արձակված կրակոցների հետ, եթե անցած տասը տարիների ընթացքում չկա որևէ դատավճիռ, որ ընդդիմության ներկայացուցիչը պատասխանատվություն է կրել կոնկրետ անձի սպանության համար, Վարդևանյանն արձագանքեց․ - «Ես անմեղության կանխավարկածը հարգում եմ բոլորի դեպքում՝ անկախ նրանից, թե ում մասին է խոսքը։ Հետևաբար Ձեր հարցը քանի որ քրեաիրավական գնահատական է ենթադրելու, ես դրանից զերծ կմնամ։ Ես առնվազն հետևյալը նորից կընդգծեմ՝ սահմանադրական կարգի տապալման մասով կար 7-ի գործ և նաև Նիկոլ Փաշինյանի մասով հատված։ Քրեական հետապնդումը դադարեցրեցին բոլորի մասով, քանի որ հետադարձ ուժի արգելքի հարց կար»։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 26-ին։