Մատչելիության հղումներ

Նախկին վարչապետը «գրգռված ու քաղաքականացված» է որակում Մարտի 1-ի գործով դատավարությունը


Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի մոտ մեկ ժամ տևած փակ նիստից նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նախընտրեց մանրամասներ չփոխանցել։

2016-ի ապրիլին պաշտոնյա չէր, բայց Հովիկ Աբրահամյանից հետո ստանձնելով վարչապետի պաշտոնը՝ 2017-ի մարտին հենց Կարապետյանն էր աղմկահարույց հայտարարությանն արել, թե անորակ դիզվառելիքի պատճառով ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի զինտեխնիկան բազմաթիվ դեպքերում չէր աշխատել։ Հայտարարությունը, սակայն, իրավական հետևանք չունեցավ։ Պաշտպանության նախարարությունից ասացին, թե անորակ վառելիքի պատճառով 2016-ին ռազմական տեխնիկայի խափանումներ չեն եղել։ Նույն պնդումն արեցին նաև Գլխավոր դատախազությունից՝ փոխանցելով, որ ուսումնասիրությունների արդյունքում քրեական գործի հարուցումը մերժվել է։

«Քանի որ հանձնաժողովը փակ է, և պարունակում է պետական գաղտնիք, այդ իսկ պատճառով ավել ասել չեմ կարող», - ասաց Կարապետյանը։

Պաշտոնաթողությունից հետո Ռուսաստանում «Գազպրոմբանկի» տնօրենների խորհրդում խոհրդականի պաշտոնը զբաղեցնող Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորություն ներկայացրած Հայաստանի և Արցախի նախկին վարչապետերի թվում է։ Անցած շաբաթ անձամբ գնացել էր դատարան՝ երաշխավորելու ազատության մեջ Քոչարյանի պատշաճ վարքագիծը։

Քննադատությունը չէր ուշացել․ թե՛ տուժողների փաստաբանները, թե՛ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները կասկածի տակ էին դրել երաշխավորների հեղինակությունը։

Հարցին, թե ինչու գնաց այդ քայլին, Կարապետյանը պատասխանեց, որ հարգում է Քոչարյանի ներդրումը և ավանդը Արցախի և Հայաստանի անկախության և կայացման գործում․ - «Որևիցե մեկը չի ասում անմեղացրեք մեղավորին։ Մենք ընդամենը ասում ենք՝ հաշվի առնելով այս հանգամանքները, որը որ ասել ենք, պրոցեսը կատարեք մեկ այլ կերպ։ Խափանման միջոցը փոխելով»։

«Ազատության» դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանի թիմը պնդում է, որ քաղաքական հետապնդում է իրականացվում, Կարեն Կարապետյանն արձագանքեց․ - «Բավականին գրգռված և քաղաքականացված պրոցես է»։

Մի շարք այլ հարցեր հնչեցին, որ կուտակվել էին, այդ թվում՝ հեղափոխության օրերին ձերբակալված Փաշինյանի ու իր դեմ առ դեմ հանդիպման մասին, քաղաքականություն վերադառնալու ծրագրերի և Սերժ Սարգսյանի հետ շփումների մասին։

Ազատության հարցին՝ «2018-ին Դուք ունեի՞ք ծրագիր մնալու Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, այդ հարցե՞րն էիք բանակցում, և Նիկոլ Փաշինյանը Ձեզ մերժեց», Կարապետյանի արձագանքը․ - «Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունները մեր ներքին գործն է»։

Իսկ հարցին, թե ինչպե՞ս է գնահատում երկրի տնտեսական, քաղաքական իրավիճակը, նախկին վարչապետը պատասխանեց․ - «Այսօր ես Կառավարությանը ցանկանում եմ հաջողություններ, որ այս իրավիճակից մենք մինիմալ կորուստներով դուրս գանք, որովհետև իրականում պրոբլեմը լուրջ ա։ Մինիմալ կորուստներով՝ բոլոր առումով։ Բայց Կառավարության հետ ես շատ հարցերում համակարծիք չեմ»։

Քաղաքականություն վերադառնալու ծրագրեր ունի՞, թե՞՝ ոչ. այս հարցին Հայաստանի նախկին վարչապետը բացասական պատասխան տվեց։ Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ասաց, խոսել է հեռախոսով՝ մայիսի 9-ին.- «Շնորհավորել եմ Սերժ Սարգսյանի տոնը»։

Խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը ևս չբացահայտեց, թե ինչ պատասխաններ է տվել Կարեն Կարապետյանը անորակ վառելիքի մասին։

Ըստ Քոչարյանի, սակայն, դրանով չեն սահմանափակվել․ - «Նաև հարցերի մի ամբողջ փաթեթ տրվել են արդեն իր վարչապետության ժամանակ ինչ աշխատանքներ են կատարվել 16-18 թվականներին։ Եթե այդ աշխատանքները կատարված լինեին, բնականաբար, այսօրվա քննիչ հանձնաժողովի կարիքը չէր լինի»։

Անդրանիկ Քոչարյանը չբացառեց, որ հանձնաժողով հրավիրեն Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին, էլի մեկ-երկու հոգու։ Այս պահին սպասում են Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Էդուարդ Նալբանդյանի պատասխանին։

Նա, ըստ Քոչարյանի, Ռուսաստանում է, իրենք նրան պատրաստ են նաև տեսակապով լսել․ - «Շատ լավ բնակարան ունի Մոսկվայում, շատ էլիտար։ Ինքը այս պահին բնակվում է իր ամառանոցում, էլի Մոսկվայի մարզում։ Ասում են՝ բավականին ապահով։ Բայց դա ոչ մի նշանակություն չունի, մենք հրավերը ուղարկել ենք և ակնկալում ենք, որ պարոն Նալբանդյանին մեր դեսպանատունը գուցե այսօր արդեն փոխանցած կլինի»։

Հանձնաժողովի աշխատանքի վերջնաժամկետը հունիսի 4-ն է։ Զեկույցի «կմախքը», ասում է Քոչարյանը, երևում է:

Շաբաթներ առաջ հանձնաժողովականների հարցերին պատասխանեց նաև 2016-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Բազմաթիվ ներկա ու նախկին պաշտոնյաների շարքում միակը, որը մերժել է հանձնաժողով գալու հրավերը, Հայաստանի պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովն է։

Անդրանիկ Քոչարյան․ - «Կան եզրակացության մեջ կտորներ, որը արդեն անտեսել, և՛ Զինված ուժերի համար, և՛ կառավարման տարբեր մակարդակների համար չի կարող անտեսված լինել թե՛ իրավական հետևանքներով, թե՛ դրանից բխող այլ հետևանքներով։ Ամբողջական խճանկարը, բնականաբար, հանձնաժողովը պետք է և՛ Ազգային ժողովին ներկայացնի․․․ բայց դրա էն գաղտնի մասերը գուցեև գտնվի ձևաչափ, թե ինչ ձևով պետք է ներկայացվի Ազգային ժողովին»։

XS
SM
MD
LG