Մատչելիության հղումներ

Գազի միջոցով Կրեմլը ձգտում է ստրկացնել ԵԱՏՄ պետությունները. վերլուծաբան


«Գազպրոմ Արմենիա»-ի շենքը Երևանում, արխիվ
«Գազպրոմ Արմենիա»-ի շենքը Երևանում, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարության ֆոնին, թե քանի դեռ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) չկա միասնական բյուջե ու հարկային միևնույն համակարգ, անհնար է խոսել գազի միասնական սակագնի մասին՝ այդպիսով մերժելով Բելառուսի ու Հայաստանի առաջարկը՝ անցնել գազի նույն սակագնին, Երևանում հայտարարում են, որ Կրեմլի նպատակն է ստրկացնել ԵԱՏՄ անդամ պետությունները: Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահն էլ նշում է, որ դեռ պարզ չէ՝ երբ են քննարկելու ռուսական կապույտ վառելիքը հայաստանցիների համար թանկացնելու «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը։

Գարեգին Բաղրամյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց, որ դեռ ուսումնասիրում են հայտը։ Հարցին՝ «կա՞ արդեն օր, թե երբ եք քննարկելու «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը», ՀԾԿՀ նախագահն արձագանքեց. - «Չէ, որ լինի, մենք մեր վերջնական հաշվարկները, տեսակետները դնելու ենք կայքում մեր, հանրային քննարկում ենք կազմակերպելու: Այսինքն՝ հենց եղավ, անմիջապես կիմանաք: Դեռևս ուսումնասիրում ենք հայտը»:

«Հանրային քննարկումից հետո նոր նիստ է գումարվելու, և որոշում կայացնեք՝ ճի՞շտ եմ հասկանում Ձեզ», - այս հարցին էլ Բաղրամյանը պատասխանեց. - «Այո, ճիշտ եք հասկանում: Որոշում կայացնելուց հետո էլ առնվազն 30 օր հետո նոր սակագները մտնելու են ուժի մեջ»:

Թե ուսումնասիրության ընթացքը որքան կտևի, հանձնաժողովի նախագահը նշեց. - «Ինձ թվում է՝ արդեն ավարտական փուլում ենք, բայց հիմա կոնկրետ օր չեմ կարող ասել դեռևս»:

Երեկ կայացած Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի հեռավար նիստում տնտեսական միության տարածքում էներգակիրների միասնական շուկայի և գնագոյացման միասնական մոտեցման մասին խոսել են և՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և՛ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, սակայն Պուտինն արձագանքել է մերժմամբ։

Այս ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ ռուսաստանյան մոնոպոլիստ «Գազպրոմ»-ին պատկանող «Գազպրոմ Արմենիա»-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին վաճառվող գազի սակագները հուլիսի 1-ից միջինը 11 տոկոսով բարձրացնելու հայտով։

Անցած տարվա հունվարի 1-ից Հայաստանի սահմանին հազար խորանարդ մետր ռուսական գազն այլևս արժե 165 դոլար՝ նախկին 150-ի փոխարեն, բայց բնակիչներին հասնող գազի սակագինը չի փոխվել՝ մնալով նույն 290 դոլարը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ամիսներ է, ինչ բանակցում է ռուսական կողմի հետ՝ գազի գնի շուրջ։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ Ռուսաստանի նպատակն է ԵԱՏՄ-ի միջոցով ոչ թե գրավիչ պայմաններ ստեղծել այլ պետությունների համար, այլ՝ վերահսկել նրանց։

«Ռուսաստանը ասում է՝ «մենք ձեզ ընդունեցինք ոչ թե նրա համար, որ դուք լավ ապրեք կամ արտոնություն ստանաք, այլ մենք ձեզ ընդունում էինք նրա համար, որ է՛լ ավելի կոշտ վերահսկենք ձեզ»: Ու պետք չի մոռանալ, որ Ռուսաստանի համար գազի գործոնը լրջագույն գործոնն է՝ պահել մեզ, Բելառուսին ստրկական վիճակում, ու պարզ է՝ Ռուսաստանը էդ լծակից չի հրաժարվի, էդ նայիվ շատ մոտեցումներ են», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Գրիգորյանը:

«Այո, ճիշտ է, որ փորձ է արվում և՛ Բելառուսի կողմից, և՛ Հայաստանի կողմից՝ շուկայական հարաբերությունների անցնել, էդ հարցը բարձրացնել, ճիշտ է՝ էդ պայքարը պետք է տանես, բայց պետք է քեզ չխաբես: Ռուսաստանը կյանքում էդ լծակը՝ քո դեմ ուղղված, քեզ ստրկացնելու, չի փոխի: Հենց դրա պատճառով է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում նախկին հանցավոր ռեժիմի ներկայացուցիչներին Հայաստանի, ովքեր բերեցին նրան, որ մեր կախվածությունը Ռուսաստանի գազից դարձավ գրեթե 100-տոկոսանոց», - հայտարարեց վերլուծաբանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG