Մատչելիության հղումներ

Փոխվարչապետը «չի կարող կիսել» ՌԴ ԱԳ նախարարի պնդումը, թե գազը Հայաստանի համար 2-3 անգամ էժան է եղել


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, արխիվ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, արխիվ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համամիտ չէ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, թե Հայաստանի համար ռուսական գազը երբևէ եղել է շուկայականից երկու-երեք անգամ էժան: Այս մասին Հայաստանի փոխվարչապետն ասաց՝ «Ազատության» խնդրանքով մեկնաբանելով երկու օր առաջ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի արած հայտարարությունները:

Երեքշաբթի օրը Ալեքսանդր Գորչակովի անվան հիմնադրամի տեսակապի ժամանակ խոսելով Հայաստանի համար գազի գինը նվազեցնելու հնարավորության մասին՝ Լավրովը հիշատակել էր ռուսական ընկերությունների դեմ դատական գործընթացները երկրում, պնդելով, թե «ինչ-որ բաներ հարիր չեն դաշնակիցների միջև հարաբերություններին», և հույս հայտնելով, թե այդ բոլոր հարցերը կկարգավորվեն «համատեղ համաձայնությամբ»:

«Երբ Հայաստանի ու Բելառուսի համար [գազի] ներկայումս գործող գները շուկայականից երկու-երեք անգամ ավելի ցածր էին, որևէ մեկը չէր խոսում այն մասին, որ դա քաղաքականություն է, բոլորը պնդում էին, թե իրենց դեպքում այդպես էլ պետք է լիներ», - նաև ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:

Արձագանքելով այս հայտարարություններին՝ Մհեր Գրիգորյանն ասաց. - «Նախ հարկ եմ համարում արձանագրել, որ պարոն Լավրովն իր խոսքում տրամաբանական համարեց գազի գնի հետ կապված հարցադրումը և շեշտեց, որ դաշնակիցները պետք է ունենան գնային առավելություններ. ես դա կարևոր եմ համարում: Համաձայն եմ, որ համեմատության մեջ սահմանին գազի գինն առանձին ժամանակահատվածներում եղել է շուկայականից ցածր, սակայն չեմ կարող կիսել պարոն Լավրովի այն պնդումը, որ Հայաստանի համար այն երբևէ եղել է շուկայականից երկու-երեք անգամ ցածր»:

Հայաստանի փոխվարչապետը հարկ համարեց ընդգծել ևս մեկ հանգամանք. - «Գազի գնի շուրջ մեր դիմումի առաջնային շարժառիթը եղել է նախևառաջ սակագնի թանկացման ռուսական կողմի ցանկությունը, ոչ թե էներգակիրների միջազգային գների կտրուկ անկումը: Այսինքն՝ միտքը, որ մենք իրավիճակից ելնելով օգտվում ենք գների անկման հանգամանքից, այնքան էլ տեղին չէ»:

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ Հայաստանն ու Բելառուսը շաբաթներ առաջ դիմել էին Մոսկվային` գազի գինը վերանայելու հարցով: Ռուսական կողմը, սակայն, դաշնակիցների խնդրանքներն առայժմ չի բավարարել: Ավելին, «Գազպրոմ Արմենիա»-ն ապրիլի 1-ին սակագինը բարձրացնելու հայտ է ներկայացրել Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:

Ինչ վերաբերում է ռուսական կապիտալով կամ ընդհանրապես որևէ օտարերկրյա կապիտալով ընկերությունների գործունեությանը Հայաստանում, ապա, փոխվարչապետի խոսքով, Կառավարությունը գործել և գործում է տնտեսավարողների համար առավելագույն բարենպաստ պայմանների ապահովման սկզբունքով:

«Օտարերկրյա, այդ թվում` ռուսական կապիտալով ընկերությունները նախևառաջ Հայաստանյան ռեզիդենտ ընկերություններ են, հանդիսանում են գործատու ու հարկատու, և մենք առնվազն ոչ պակաս շահագրգռվածություն ունենք վերջիններիս բնականոն և արդյունավետ գործունեության համար ստեղծել և ապահովել նպաստավոր պայմաններ: Միևնույն ժամանակ, Կառավարությունը չի հանդուրժի, որ որևէ հանգամանքով պայմանավորված որևիցե ընկերություն գործի օրենքից դուրս, և այս մասով ռուսաստանյան մեր գործընկերների հետ կա փոխըմբռնում քաղաքական ամենաբարձր մակարդակով», - շեշտեց Մհեր Գրիգորյանը:

XS
SM
MD
LG