Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կրկին վրդովվել ու անարդար է որակել ռուսական գազի գինը` արձանագրելով, թե այս դժվարին ժամանակներում Մինսկը հազար խորանարդ մետրի համար վճարում է 127 դոլար, մինչդեռ Եվրամիության առաջատար ու ամենահարուստ երկրներից մեկը` Գերմանիան, նույն ռուսական գազը ստանում է երկու անգամ ավելի ցածր գնով:
«Ես դեռ կխոսեմ այս մասին Եվրասիական տնտեսական միության առաջիկա հանդիպման ժամանակ», - երեկ ասել է Լուկաշենկոն` քննարկելով հարցը նախ իր կառավարության ղեկավար, վարչապետ Սերգեյ Ռումասի հետ: - «Երեկ տեղեկություն եմ ստացել, որ Ռուսաստանը այս դժվարին ժամանակներում Եվրոպային բնական գազը վաճառում է մինչև 70՝ 65-68 դոլարով, բայց ոչ 127 դոլարով, ինչպես Բելառուսը: Սա ինչի՞ նման է, սա պահվածք չէ… Ես էլ չեմ ասում, որ Գերմանիան այդ գնով գազ է ստանում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի տարում ... »
Վարչապետ Ռումասը Լուկաշենկոյի հետ խորհրդակցությունից հետո լրագրողներին ասել է, որ Մինսկը կարող է թվերով ու փաստերով ապացուցել, որ Բելառուսին առաջարկված գինն արդարացի չէ․ - «Մենք բոլոր հիմքերն ունենք թվերով ցույց տալու, որ 127 դոլար գնով «Գազպրոմը» ավելի շատ շահույթ է ստանում, քան հեռավոր երկրներ արտահանելիս: Բելառուսը արտոնյալ գին չի ուզում, մենք ռուսական գին չենք ուզում, մենք արդար գին ենք ուզում»:
Մինսկն առաջին անգամը չէ այս հարցը բարձրացնում: Ուղիղ մեկ ամիս առաջ` ԵԱՏՄ առաջնորդների հեռակա խորհրդաժողովի ժամանակ, Լուկաշենկոն հենց բացման ելույթում Լուկաշենկոն կոչ էր արել Ռուսաստանի նախագահին իջեցնել գազի գինը: Ընդ որում, Բելառուսի նախագահն զգուշացրել էր, թե «հակառակ դեպքում հարվածի տակ կդրվի Եվրասիական միության գործունեությունն ու ապագան», ինչն ակնհայտորեն չի բխում Կրեմլի շահերից, որն ամեն կերպ փորձում է խորացնել ինտեգրացիան:
«Ակնհայտ է, որ տնտեսական պայմանների այսքան կտրուկ փոփոխությունների պարագայում գազի գինը պետք է առավել ճկուն լինի, իսկ հաշվարկի մեխանիզմը` տանելի սպառողների համար: Եվ հիմա դիմում եմ նախագահ Պուտինին, որպեսզի մենք օպերատիվ կերպով դիտարկենք այս հարցը», - ասել էր Բելառուսի նախագահը:
Հարցը շտապ կարգով քննարկելու Լուկաշենկոյի այս կոչը, սակայն, մեկ ամիս է՝ մնում է օդում կախված: Ռուսաստանի նախագահ Պուտինը մի քանի անգամ հայտարարել է, թե պատրաստ է քննարկել, սակայն, այդպես էլ որոշում չի կայացրել: Ընդ որում, Լուկաշենկոյից բացի, այս հարցով Կրեմլին են դիմել նաև Հայաստանն ու Ղրղըզստանը, և հիմա, փաստացի, միության անդամների մեծամասնությունը` հինգից երեքը Ռուսաստանի արձագանքին են սպասում:
Ի դեպ, երեք երկրներն էլ գազը ստանում են միայն Ռուսաստանից, երեք երկրներում էլ մատակարարման մենաշնորհը վերցրել է ռուսական «Գազպրոմը»` Հայաստանում և Ղրղըզստանում` 2014 թվականին, Բելառուսում` 2016-ին: Երեքն էլ միևնույն Եվրասիական տնտեսական միության անդամ են, սակայն յուրաքանչյուրի դեպքում Կրեմլը տարբերակված մոտեցում է ցուցաբերում գինը որոշելիս, իսկ «Գազպրոմի» դուստր ձեռնարկություններն տեղերում տարբեր չափի հավելավճարներ են սահմանում գազը սպառողին հասցնելիս:
Ամենաարտոնյալ վիճակում ղրղըզներն են․ սահմանին 165 դոլարով վաճառվող գազը սպառողին է հասնում մոտ 200 դոլարով, մարժան կազմում է 20 տոկոս։ Բելառուսի դեպքում մարժան հասնում է 57 տոկոսի, հայաստանցի սպառողները, մինչդեռ, այս շարքում ամենաբարձր գինն են վճարում. սահմանին 165 դոլար արժեցող վառելիքը, մինչ հոսում է «Գազպրոմ Արմենիայի» խողովակներով, թանկանում է շուրջ 75 տոկոսով, ու հայաստանցիներին հասնում հազար խորանարդ մետրը 290 դոլարով:
Ամիսներ առաջ Բելառուսի նախագահը հրապարակավ հայտարարել էր, թե Կրեմլը էներգակիրների գները դարձրել է ճնշման գործիք` գործընկերներից զիջումներ կորզելու համար․ - «Մեզ ակնարկում ենք, թե մենք տարբեր երկրներ ենք, պետք է մեկ երկիր դառնանք, որ գազի գինն էլ նույնը լինի: Ինչպե՞ս, բացատրեք ինձ, մենք ինչպես կարող ենք մեկ երկիր դառնալ Ռուսաստանի հետ: Լսել եք երևի, ասում են` եկեք Բելառուսը մտցնենք Ռուսաստանի կազմի մեջ...Չի՛ լինելու նման բան, եթե մենք այդ հարցը դնենք քվեարկության, բելառուսցիների 120 տոկոսը կասի ոչ»:
Մոսկվան ու Մինսկը ամսիներ շարունակ համաձայնության չէին գալիս նաև նավթի գնի շուրջ, ի վերջո Լուկաշենկոն հայտարարել էր` հոգ չէ, կգնի այլ երկրներից: Այսօր արդեն արտգործնախարար Մակեյը պաշտոնապես հայտարարեց, որ Բելառուսը սկսել է նավթ ստանալ Միացյալ Նահանգներից․ - «Մենք Ամերիկայի հետ համագործակցությունն այս ոլորտում դիտարկում ենք որպես մեր երկրի էներգետիկ անվտանգությունն ապահովող կարևոր տարր, ինչպես նաև մեր երկրի ինքնիշխանությունը ապահովող գործոն»:
Մինսկն ընդգծել է, որ մտադիր է շարունակել էներգակիրների դիվերսիֆիկացման քաղաքականությունը:
Հենց այս ֆոնին էլ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե պատրաստվում է հաջորդ շաբաթ կրկին բարձրացնել գազի գնի հարցը` Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստում: Հինգ երկրների առաջնորդների, այդ թվում Հայաստանի վարչապետի մասնակցությամբ այդ տեսակոնֆերանսը տեղի կունենա մայիսի 19-ին: