Եվրասիական տնտեսական միության հեռավար գագաթնաժողովի ժամանակ այսօր Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները բարձրաձայնել են միության շրջանակներում էներգակիրների գնի ձևավորման շուրջ տարաձայնությունները:
Պաշտոնական Երևանը շեշտել է, որ միության միջև 2025թ.-ի զարգացման ռազմավարությունում պետք է անպայման ներառել էներգակիրների ընդհանուր շուկայի ձևավորման հարցը: Ռուսաստանի նախագահն իր հերթին առաջարկել է հարցը հանել ռազմավարությունից, որն այսօր ԵԱՏՄ-ում ընդունվելիք հիմնական փաստաթուղթն է:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, շեշտել է.- «Ինչպես նախկինում նշել եմ, էներգակիրների ընդհանուր շուկան, որում գործում են հավասարության սկզբունքները, պետք է դառնա մեր ինտեգրացիոն գործընթացների հիմքը, առանց դրա հնարավոր չէ որակական առաջխաղացումը, առանց դրա հնարավոր չէ ապահովել տնտեսության զարգացման հավասար պայմաններ բոլոր անդամ երկրների համար»: Փաշինյանը հավելել է, որ մինչև 2025թ.-ի ռազմավարությունում պետք է անպայման նշվի էներգակիրների ընդհանուր գնի բանաձևը, որը կարելի է կիրառել փուլային տարբերակով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին ընդգծել է, որ միության անդամ երկու երկիր` Հայաստանն ու Բելառուսը չեն ընդունում գազի գնագոյացման եվրասիական բանաձևը: Պուտինը համարում է, որ ԵԱՏՄ-ում գազի գնի միասնական բանաձևի կիրառման համար անհրաժեշտ է ինտեգրման մակարդակ, որն այսօր դեռ չկա: Նրա խոսքով` Հայաստանն ու Բելառուսը չեն ընդունում գազի գնի ձևավորման ԵԱՏՄ երկրների ընդհանուր բանաձևը.- «Նախագիծը հիմնականում համաձայնեցված է, բացառությամբ մեկ կետի, որը վերաբերում է գազի փոխադրման սակագներին, կա բանաձև, որին աջակցում են երեք երկրներ` Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը: Դրա էությունն այն է, որ գազի գնագոյացման մոտեցումները կարելի է որոշել ավելի ուշ` «ԵվրԱզեսի» գազի ընդհանուր շուկայի ձևավորման շուրջ բանակցություններում: Այդ բանաձևը դեռևս չեն ընդունում մեր հայ և բելառուս գործընկերները»:
Ռուսաստանի նախագահը հավելել է, որ եթե Մինսկն ու Երևանը կարողանային համաձայնել այս բանաձևի հետ, ապա ռազմավարության հաստատման ճանապարհին այլ խոչընդոտներ չէին մնա: Միևնույն ժամանակ Պուտինն ընդգծել է.- «Եթե Հայաստանն ու Բելառուսը չփոխեն գազի սակագների ձևավորման վերաբերյալ դիրքորոշումը, ապա տրամաբանական կլինի բացառել այդ կետը ԵԱՏՄ զարգացման ռազմավարության նախագծից»:
Հայաստանի վարչապետը շեշտել էր, որ այդ կետի ներառումը ռազմավարության նախագծում անհրաժեշտ է: Հավելենք` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերջին շրջանում պարբերաբար հայտարարում է, որ բնական և տրամաբանական չէ, երբ Բելառուսն իր դաշնակից Ռուսաստանից գազ է գնում ավելի թանկ, քան այդ գազը Ռուսաստանից գնում են եվրոպական երկրները: