Ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն անցել է 4 միլիոն 715 հազարը, համաճարակի զոհ է դարձել ավելի քան 315 հազար մարդ, բուժվել են մոտ 1 միլիոն 735 հազարը, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները:
Միացյալ Նահանգներն ինչպես վարակի նոր դեպքերի քանակով, այնպես էլ մահացության ցուցանիշով շարունակում է մնալ առաջինը, լուրջ աճ է նկատվում Բրազիլիայում և Հնդկաստանում:
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման առանց անուններ նշելու քննադատել է համաճարակի դեմ պայքարի՝ ամերիկյան ներկայիս վարչակազմի գործողությունները: Ըստ նրա՝ որոշ քաղաքական գործիչներ «չեն էլ փորձում ձևացնել, թե վերահսկում են իրավիճակը»:
Եվրոպան փորձում է վերադառնալ բնականոն կյանքի: Իտալիան հայտարարել է, որ հունիսի 3-ից բացելու է սահմանները Եվրամիության երկրների համար:
Ֆրանսիայում, մինչդեռ, կարանտինային միջոցառումների թուլացումից հետո առաջին շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի տարածման 25 նոր աղբյուր: Երեկ այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Օլիվիե Վերանը: Le Figaro-ն, վկայակոչելով Ելիսեյան պալատում իր աղբյուրները, գրում է, որ նախագահ Էմանյուել Մակրոնի շրջապատում վախենում են կորոնավիրուսի երկրորդ ալիքից: Եթե համաճարակաբանական իրավիճակը վատթարանա, երկրում կարող են նորից խիստ կարանտին հայտարարել: Ըստ պատգամավորների՝ դրա համար Ֆրանսիայում ամեն օր հայտնաբերված COVID-19 նոր դեպքերի թիվը պետք է ավելանա առնվազն երկու անգամ:
Բելգիայում Սեն Պիեռ հիվանդանոցի բժիշկներն իրենց այցելել որոշած վարչապետ Սոֆի Վիլմեսի ավտոշարասյանը մեջքով են կանգնել՝ ի նշան առողջապահական ոլորտում պետության վարած քաղաքականության դեմ բողոքի:
Իսկ չեչեն բժիշկները, որոնք բողոքել էին անձնական պաշտպանիչ միջոցների բացակայությունից, հեռուստատեսությամբ ներողություն են խնդրել: Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը պահանջում է նրանց ազատել աշխատանքից:
Դաղստանի առողջապահության նախարարի խոսքով, մինչդեռ, «հիվանդանոցից դուրս» թոքաբորբից ռուսաստանյան հանրապետությունում արդեն մահացել է ավելի քան 650 մարդ, այդ թվում `40 բժիշկ, և միայն 27 մարդ է մահացել COVID-19-ից: