Մատչելիության հղումներ

Մերձբալթյան երկրները վերաբացեցին միմյանց միջև սահմանները. Նյու Յորքի 5 շրջաններ վերաբացվել են


Լիտվայի և Լատվիայի սահմանում` անցակետում ստուգում են ուղևորների առողջական վիճակը, 15-ը մայիսի, 2020թ.
Լիտվայի և Լատվիայի սահմանում` անցակետում ստուգում են ուղևորների առողջական վիճակը, 15-ը մայիսի, 2020թ.

Ռուսաստանում բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, որոնցից չորսը կառավարության անդամներ են, ներառյալ` վարչապետ Միխայիլ Միշուստինը վարակվել են կորոնավիրուսով: Երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ երեկ կայացած տեսախորհրդակցությանը մասնակցել է նաև նրանցից մեկը` գիտության և բարձրագույն կրթության նախարար, 41-ամյա Վալերի Ֆալկովը:

Պուտինն ասել է, թե գաղտնիք չէ, որ Ֆալկովի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական էր, և հետաքրքրվել է, թե իրեն ինչպես է զգում: Նախարարը հավաստիացրել է, որ արդեն լավ է և վերադարձել է հեռավար աշխատանքի: Միշուստինից ու Ֆալկովից բացի, կորոնավիրուս էր հայտնաբերվել նաև շինարարության նախարար Վլադիմիր Յակուշևի և մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի մոտ:

Կորոնավիրուսով վարակվել են նաև Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը և նրա կինը՝ գեղասահքի օլիմպիական չեմպիոնուհի Տատյանա Նավկան: Ապրիլի սկզբին լրագրողները նկատել էին, որ Պեսկովը պիջակի վրա ինչ-որ բեյջ է ամրացրել` վիրուսից չվարակվելու համար, բայց դա նրան չփրկեց:

Ինչ վերաբերում է Պուտինի հետ մամուլի խոսնակի հանդիպումներին, Պեսկովն ասել է, որ նախագահի հետ մեկ ամիս առաջ է հանդիպել: Կրեմլը բծախնդրորեն հետևում է 67-ամյա Պուտինի առողջության պահպանմանը, կառավարության անդամների հետ կամ այլ խորհրդակցություններ նա անցկացնում է տեսակապի միջոցով Մոսկվայի մոտ գտնվող նախագահական նստավայրից:

Ռուսաստանը վերջին երկու շաբաթների ընթացքում դարձել է կորոնավիրուսի նոր դեպքերի էպիկենտրոնը: Անցած օրվա ընթացքում կրկին 10 հազար 500-ից ավելի նոր դեպք է արձանագրվել, մահացել է 113 մարդ: Ընդհանուր առմամբ Ռուսաստանում 260 հազարից ավելի դեպք է արձանագրվել, բայց մահվան դեպքերը համեմատաբար քիչ են, պաշտոնապես այսօրվա դրությամբ հաղորդվում է 2 հազար 418 մարդու մահվան մասին:

Չինաստանը տնտեսական աճ է գրանցել

Կորոնավիրուսի օջախ Չինաստանը ոչ միայն հաղթահարել է հիվանդությունն ու ճգնաժամը, այլև տնտեսական աճ է գրանցել: Չինաստանի ազգային վիճակագրական բյուրոյի մամուլի խոսնակ Լյու Այուան այսօր մամուլի ասուլիսում ասել է, որ ապրիլ ամսին գրանցվել է արդյունաբերության 3,9 տոկոսի աճ: Տարվա առաջին երկու ամիսներին Չինաստանում տնտեսական անկումը կազմել էր 13 տոկոս, մարտ ամսին մեկ տոկսից ավելին, բայց ապրիլից տնտեսությունը վերաբացվել է, և հիմնականում բարձր տեխնոլոգիաների ոլորտը, մեքենաշինությունը, սարքավորումների արտադրությունը, ինպես նաև էլեկտրաէներգիայի, նավթի, քարածուխի, մետաղագործական արդյունաբերությունը աճ են արձանագրել:

Ազգային վիճակագրական բյուրոյի մամուլի խոսնակը միաժամանակ հայտնել է, որ սպառողական շուկան, սպասարկման, առևտրի, ներդրումների, արտահանման ոլորտները դեռևս գտնվում են ցածր մակարդակի վրա: Ճգնաժամի հետևանքով շատերն են աշխատանք կորցրել, որն ազդում է սպառողական շուկայի վրա, արտահանումներն ու առևտուրը ցածր մակարդակի վրա են, քանի որ ճգնաժամը բացասական ազդեցություն է թողել նաև Չինաստանի առևտրատնտեսական խոշոր գործընկեր երկրների վրա:

Ինչ վերաբերում է վիրուսի տարածման վիճակագրական տվյալներին, ապա Չինաստանում ճգնաժամը հաղթահարելուց հետո դրանք գրեթե չեն փոխվում: Այսօրվա դրությամբ հաղորդվում է ընդամենը 91 ակտիվ դեպքի մասին:

Նյու Յորքի շրջաններից հինգն այսօրվանից վերաբացվում են

Միացյալ Նահանգները չնայած մնում է աշխարում կորոնավիրուսի ամենաշատ դեպքերը և ամենաբարձր մահացությունն ունեցող երկիրը, այնուամենայնիվ կարանտինի սահմանափակումների թուլացումը հասնում է նաև ամենաշատ տուժած շրջաններ: Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն նախօրեին հայտնել է, որ մեգապոլիսի շրջաններից հինգն այսօրվանից վերաբացվում են: Wall Street-ը` ԱՄՆ-ի ֆինանսական բորսան, մայիսի 14-ին փակվել է ֆոնդային երեք հիմնական ինդեքսների կայուն աճով, ինչը պայմանավորված է երկրի տնտեսությունը վերաբացվելու հեռանկարով:

Արևմտյան Եվրոպայում իրավիճակը կայունանում է

Եվրոպայում, մասնավորապես` Արևմտյան Եվրոպայի երկրներում իրավիճակը շատ ծանր էր, հիմա էլ ճգնաժամը հաղթահարված չէ, բայց իրավիճակը կայունանում է, շատ երկներում սահմանափակումները թուլացվել կամ հանվել են, հիմա մտածում են սահմանները բացելու մասին, ավիաընկերությունները պատրաստվում են առաջիկա օրերին հիմնական ուղղություններով վերականգնել չվերթները:

Սահմանների վերաբացման ամենանշանակալից քայլն այսօր կատարեցին մերձբալթյան երեք երկրները: Լիտվան, Լատվիան և Էստոնիան այսօր վերաբացեցին միմյանց միջև սահմանները: Երթևեկությունը վերականգնվել է, բեռնափոխադրումները` նույնպես, Ռոյթերսի ռեպորտաժում բոլորը գոհունակություն են հայտնում: Բալթյան երեք երկրների արտաքին գործերի նախարարներն այսօր հուշագիր են ստորագրել, մամուլի համատեղ ասուլիս տվել:

Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսն ասել է, որ 30 տարի առաջ «բալթյան ճանապարհը» օգնել է` ճեղքելու երկաթյա վարագույրը, հիմա փորձում են հավաքական ու համակարգված կերպով դուրս գալ վիրուսի ստեծած իրավիճակից և մյուսներին ևս օրինակ ծառայել:

Այս պահի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերն անցել են 4 միլիոն 500 հազարը, ավելի քան 300 հազար մարդ է մահացել, բուժվել են 1 միլիոն 700 հազարը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG