Մատչելիության հղումներ

Օբաման քննադատում է ԱՄՆ գործող վարչակազմին համաճարակին ոչ համարժեք արձագանքի համար


ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամա, արխիվ
ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամա, արխիվ

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման կոշտ քննադատության է հնչեցրել ամերիկյան իշխանությունների հասցեին՝ կորոնավիրուսի համաճարակին ոչ համարժեք արձագանքի համար: ԱՄՆ 44-րդ նախագահի խոսքով՝ ներկայիս համաճարակը ցույց տվեց, որ քաղաքական գործիչներից շատերը նույնիսկ չեն փորձում ձևացնել, թե վերահսկում են իրավիճակը:

2017 թվականին նախագահական պաշտոնը թողնելուց հետո Բարաք Օբաման, Ամերիկայում նախկին նախագահների շրջանում ձևավորված ավանդույթի համաձայն, իր հրապարակային հատուկենտ ելույթներում ձեռնպահ է մնացել Սպիտակ տան ղեկավարության հասցեին քննադատությունից: Իր այս վերջին ելույթի ընթացքում էլ նա նախագահ Դոնալդ Թրամփի անունը չի հնչեցրել, թեպետ նրա խոսքի հասցեատերը ակնհայտորեն ամերիկյան գործող ղեկավարությունն է:

«Այս համաճարակը ցույց տվեց, որ ղեկավար պաշտոններ զբաղեցնող բազմաթիվ անձինք պարզապես իրենց հաշիվ չեն տալիս տեղի ունեցածում, նրանցից ոմանք նույնիսկ չեն փորձում ձևացնել, որ պատասխանատվություն են կրում», - հայտարարել է Միացյալ Նահանգների նախկին առաջնորդը մի շարք քոլեջների և համալսարանների շրջանավարտներին հղած տեսաուղերձում: «Ի տարբերություն այլ սերունդների՝ դուք ստիպված եք լինելու ժամանակից շուտ մեծանալ: Այս համաճարակը ցնցել է ստատուս քվոն՝ երևան հանելով մեր երկրում խորապես արմատացած բազմաթիվ խնդիրներ՝ տնտեսական հսկայական անհավասարությունից մինչև շարունակվող ռասայական անհավասարություն, տարրական առողջապահական ծառայությունների բացակայություն, որոնց կարիքը մարդիկ ունեն», - ասել է երեք տարի առաջ պաշտոնավարումն ավարտած Օբաման և հավելել. - «Եթե այս աշխարհն ավելի լավը դառնա, ապա՝ ձեր շնորհիվ»:

«Այս համաճարակը շատ երիտասարդների ստիպեց համոզվել, որ նախկին մեթոդները չեն գործում, որ կարևոր չէ, թե որքան դրամ ես վաստակում, եթե քեզ շրջապատում են հիվանդ և քաղցած մարդիկ, և որ մեր հանրությունը և մեր ժողովրդավարությունն աշխատում է միայն այն ժամանակ, երբ մենք մտածում ենք ոչ միայն մեր, այլև միմյանց մասին», - ընդգծել է ԱՄՆ 44-րդ նախագահը:

Նախագահական պաշտոնը թողնելուց հետո Բարաք Օբաման երբեք չի արձագանքել անգամ իր հասցեին Դոնալդ Թրամփի մեղադրանքներին, նաև խուսափել է քննադատել երկրի գործող նախագահի վարած քաղաքականությունը: Սակայն վերջին շրջանում նա արդեն մի քանի անգամ, առանց Թրամփի անունը հնչեցնելու, կոշտ գնահատականներ է հնչեցրել գործող վարչակազմի հասցեին: Մասնավորապես, վերջերս իր նախկին աշխատակիցների հետ հեռախոսային զրույցում Սպիտակ տան նախկին ղեկավարը համաճարակի հարցում Թրամփի վարչակազմի գործողություններն անվանել է «բացարձակ քաոսային աղետ»:

Միացյալ Նահանգները կորոնավիրուսի վարակակիրների և մահվան ցուցանիշներով աշխարհում առաջին երկիրն է՝ վարակվել է ավելի քան մեկուկես միլիոն մարդ, զոհվել՝ մոտ 91 հազարը: Վարակի տարածումը երկրում կանխելու նպատակով կարանտինային միջոցառումների հետևանքով ամերիկյան տնտեսությունը հայտնվել է աննախադեպ ծանր ճգնաժամում, երեք ամսվա ընթացքում երկրում գործազուրկների թիվը գերազանցել է 36 միլիոնը։

XS
SM
MD
LG