Անցած մեկ օրում Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 11 հազարից ավելի նոր դեպք, ընդ որում, ըստ օպերատիվ շտաբի, վարակակիրներից 42,4 տոկոսի մոտ հիվանդության որևէ ախտանիշ չի եղել:
Մեկ օրում, ըստ պաշտոնական տվյալների, մահացել է 88 մարդ, ընդհանուր ցուցանիշը հասել է մոտ երկու հազարի: Արդեն ուղիղ մեկ շաբաթ է` երկրում օրական արձանագրվող նոր դեպքերը չեն նվազում տասը հազարից: Վիրուսի տարածման էպիկենտրոնը Մոսկվան է, որտեղ արձանագրվում է հիվանդացության կեսից ավելին:
Օրեր առաջ քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը որոշել է մի քանի շաբաթով` մինչև այս ամսվա վերջ երկարաձգել տեղաշարժի սահմանափակումները և պարտադիր դարձնել դիմակների և ձեռնոցների կրումը հասարակական վայրերում:
Մինչ այդ երկրում արձանագրվել է դեղամիջոցների ռեկորդային թանկացում: Ըստ պետական վիճակագրական ծառայության, դեղերի գները մեկ ամսում ավելացել են 3,2 տոկոսով, անցած դեկտեմբերի համեմատ` 5,5 տոկոսով, իսկ մեկ տարվա կտրվածքով գնաճը կազմել է մոտ տասը տոկոս: