Մատչելիության հղումներ

Ինքնամեկուսացումը խախտելու դեպքում Ռուսաստանում չի բացառվում սահմանափակումների երկարաձգումը


Ռուսաստանի իշխանությունները չեն բացառում կորոնավիրուսի պատճառով սահմանափակումների երկարաձգումը, եթե մայիսյան արձակուրդներին ռուսաստանցիները խախտեն ինքնամեկուսացման ռեժիմը: Մոսկվայի և մերձմոսկովյան այգիներում և անտառներում խախտողներին խոստանում են հետևել դրոնների և ուղղաթիռների միջոցով:

Ռուսաստանում երկուշաբթի առավոտյան գրանցվել է Covid-19 վարակի ևս 10 հազար 581 դեպք, սա մի փոքր ավելի քիչ է, քան բացահայտվել էր նախօրեին, երբ առաջին անգամ արձանագրվել էր ավելի քան 10 հազար դեպք: Ընդհանուր առմամբ Ռուսաստանի բոլոր շրջաններում գրանցվել է վարակման 145 հազար 268 դեպք, մահացել է ևս 76 մարդ:

Ռուսգվարդիան մայիսյան տոների ընթացքում Մոսկվայի և Մոսկվայի մարզի զբոսավայրերում իրադրության մոնիտորինգի համար ուղղաթիռ և տեսահսկման անօդաչու սարքեր է օգտագործում: Խախտումների վերաբերյալ ստացված տեղեկությունը փոխանցում է պարեկություն իրականացնող իրավապահներին, նրանք էլ իրենց հերթին տեղում արդեն տուգանում են սահմանափակումները խախտողներին: Մոսկվացիները և մերձմոսկովյան բնակիչները պարտավոր են տանը մնալ առնվազն մինչև մայիսի 11-ը ներառյալ: Երկու շրջաններում էլ գործում է ինքնամեկուսացման խիստ ռեժիմ, խախտման համար 4-5 հազար ռուբլի տուգանք է սպառնում: Նման ռեժիմը գործում է մարտի վերջից, իսկ մերձմոսկովյան քաղաքներում և ավաններում այսօրվանից գործում է նաև հասարակական վայրերում դիմակները պարտադիր կրելու ռեժիմ, հակառակ դեպքում` նորից տուգանք:

«Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պապովան նախօրեին նախազգուշացրել է սահմանափակող միջոցների հնարավոր երկարաձգման մասին, եթե ռուսաստանցիները խախտեն ինքնամեկուսացման ռեժիմը առաջիկա շաբաթներին.- «Եթե մենք այսօր սկսենք խախտել, ապա մայիսի 12-ին ակնհայտ կդառնա, որ մենք պետք է ուժեղացնենք կարանտինային ռեժիմը, իսկ եթե չխախտենք, ապա կարող ենք հուսալ, որ մի շարք սահմանափակումներ հնարավոր կլինի հանել, բայց այսօր դա միայն հույս է»:

Իր հերթին առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, թե պանդեմիայի պատճառով սահմանված սահմանափակումները փուլ առ փուլ են հանվելու, ընդ որում դրանց մի մասը պետք է պահպանվի, քանի դեռ չկան կորոնավիրուսի տարածման կանխարգելման դեղորայքային միջոցներ:

«Աերոֆլոտն» այսօր հայտարարել է, որ նախատեսում է վերսկսել միջազգային թռիչքները հուլիսի կեսերին: Հիշեցնենք` մինչև հունիսի վերջ «Աերոֆլոտն» այսօր տոմսեր չի վաճառում: Ի դեպ, Ռուսաստանի ամենախոշոր ավիաընկերությունը ստիպված է եղել շուրջ 40 տոկոսով կրճատել իր աշխատողներին:

Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով վարակվել է նաև երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինը: Նա տեղափոխվել է հիվանդանոց: Այսօր, պաշտոնական տեղեկության համաձայն, վարչապետն իրեն նորմալ է զգում և ակտիվ աշխատում է փաստաթղթերի հետ:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե ինքնամեկուսացման ռեժիմում ապրող և աշխատող Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին Մեծ հաղթանակի 75-ամյա տարեդարձի կապակցությամբ ռուսաստանցիներին կդիմի Կարմիր հրապարակից: Ի դեպ, այսօր Մոսկվայում անցկացվել է մայիսի 9-ին կայանալիք ավիաշքերթի փորձը:

XS
SM
MD
LG