Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների գրեթե կեսը դժգոհ է նոր կորոնավիրուսի դեմ պայքարում դաշնային իշխանությունների ձեռնարկած միջոցներից


Ըստ «Լևադա» կենտրոնի անցկացրած հարցման արդյունքների, ռուսաստանցիների գրեթե կեսը հավանություն չի տալիս նոր կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված դաշնային իշխանությունների ձեռնարկած միջոցներին։

Նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Միխայիլ Միշուստինի կառավարության քաղաքականությունը համաճարակի պայմաններում դուր չի գալիս բնակչության 48 տոկոսին։ Ռուսաստանցիները դաշնային իշխանությունների գործողություններն անբավարար են համարում։

Սոցիոլոգները նաև նշում են, որ կենտրոնական իշխանությունների նկատմամբ վերաբերմունքն ավելի թերահավատ է խոշոր քաղաքներում, որտեղ բնակվում է կես միլիոնից ավելի մարդ։

Ռուսաստանցիները քննադատում են իշխանություններին հասարակ մարդկանց, բիզնեսից անբավարար աջակցելու համար։ Իսկ ընդդիմադիրները, օրինակ, Ալեքսեյ Նավալնին, պահանջում են, որ Կառավարությունը հետևի արևմտյան երկրների օրինակին և ֆինանսական օգնություն բաժանի բնակչությանը։

Ռուսաստանի նախագահ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառում, որ ռուսաստանցիներին ուղղակի նյութական օգնություն տրամադրվի։ Հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում, պատասխանելով Միացյալ Նահանգների և այլ երկրների օրինակով նյութական օգնություն տրամադրելու հնարավորության մասին, Պեսկովը նաև ասել է․ - «Ռուսաստանում ընդունված միջոցառումների փաթեթներն ավելի նպատակահարմար են։ Սրա հետ մեկտեղ նախագահ Պուտինը հանձնարարել է նոր փաթեթ նախապատրաստել»։

Պեսկովն ընդգծել է․ - «Ռուսաստանի ֆինանսական ռեզերվները բավարար են, որպեսզի ճգնաժամային պայմաններում Ռուսաստանի իշխանությունները կատարեն իրենց սոցիալական պարտավորությունները»։

Ռուսաստանի իշխանությունները կարանտինի ռեժիմը երկարաձգել են մինչև մայիսի 11-ը՝ մարդկանց ուղարկելով վճարովի արձակուրդի։ Արտակարգ դրություն չի հայտարարվել, սակայն տնտեսությունն ըստ էության կանգնած է։ Տուժում է հատկապես փոքր և միջին բիզնեսը։

Տնտեսագետներն ահազանգում են, որ այս ճգնաժամի հետևանքով ռուսաստանցիների մի զգալի մասը՝ ընդհուպ մինչև 20 միլիոն մարդ, դառնալու է գործազուրկ։ Նզավելու են շարքային ռուսաստանցիների եկամուտները։ Իսկ միջին դասը ճգնաժամի արդյունքում կարող է ընդհանրապես անհետանալ։

Երկրի տարբեր մարզերի իշխանությունները հայտարարել են, որ կարանտինի ռեժիմի վերացումը փուլային է լինելու։ Երկրի մեծ մասում այսօր գործում են կարանտինային լուրջ սահմանափակումներ։

Վերջին 24 ժամվա ընթացքում, ըստ Կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի, Ռուսաստանում նոր կորոնավիրուսով վարակման 7 հազար 99 դեպք է գրանցվել։ Մոսկվայում մեկ օրում գրանցվել է 3 հազար 93 նոր դեպք։ Երկրում հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 106 հազար 498-ի։ Վարակման դեպքերի օրական աճը երկրում առաջին անգամ գերազանցել է 7 հազարը։

Մեկ օրում մահացել է 101 մեկ մարդ։ Մահերի թիվը երկրորդ օրն անընդմեջ գերազանցում է 100-ը։ Երկրում ընդհանուր առմամբ արձանագրվել է նոր կորոնավիրուսի հետևանքով մահվան 1073 դեպք, ապաքինվել է 11 հազար 619 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG