Մատչելիության հղումներ

Covid-19. ԱՄՆ-ը արտոնել է նոր դեղամիջոց, Իսպանիան թույլ է տվել տնից դուրս գալ, Ռուսաստանում վարակվել է ևս մեկ նախարար


Կորոնավիրուս է ախտորոշվել Ռուսաստանի Կառուցապատման գծով նախարարի մոտ

Ռուսաստանը հերթական հակառեկորդն է սահմանել` անցած 24 ժամում երկրում արձանագրվել է նոր կորոնավիրուսի մոտ տասը հազար դեպք:

Այսօր հաղորդվեց, որ վարչապետից բացի վարակված են նաև Կառուցապատման գծով նախարար Վլադիմիր Յակուշևն ու նրա տեղակալը: Էպիկենտրոնը շարունակում է մնալ մայրաքաղաքը: «Ամենատարբեր հաշվարկներով Մոսկվայի բնակիչների երկու տոկոսն արդեն վարակվել է», - այսօր իր բլոգում գրել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

Հաշվի առնելով, որ մեգապոլիսում ավելի քան 12 միլիոն մարդ է ապրում, ստացվում է` միայն Մոսկվայում վարակված է ավելի քան 250 հազար մարդ:

«Հսկայական թվով մարդիկ այսօր հիվանդանոցում են` ծանր վիճակում», - պնդել է Սոբյանինը, կոչ անելով մոսկվացիներին չկորցնել զգոնությունը:

Մեկ տարի առաջ Մոսկվայի հիվանդանոցներում 30 հազար մահճակալ կար` բոլոր տեսակի հիվանդների համար, մինչդեռ այսօր միայն Covid-19-ով հիվանդների թիվն անցնում է 17 հազարից, այսինքն` մահճակալների կեսից ավելին արդեն նրանց է տրամադրվել, սա ահռելի, հսկայական ծավալ է: Եվ եթե վերջերս դեռ օրական 2-3 մարդ էր մահանում, այսօր արդեն` 40, 50, 60:

Հաշվի առնելով վերջին վիճակագրությունը, քաղաքապետը չի բացառել, որ գործող սահմանափակումները կարող են ավելի խստացվել: Արդեն ավելի քան երկու շաբաթ է` Մոսկվայում փաստացի կարանտին է հայտարարված, բնակիչները սեփական ավտոմեքենաներով և հեծանիվով տեղաշարժվելու համար անգամ պարտավոր են հատուկ անցաթուղթ ստանալ:

Իսպանիայում արդեն սկսում են աստիճանաբար մեղմել սահմանափակումները

Մինչ Ռուսաստանում վիրուսը նոր է թափ հավաքում, ամիսներ առաջ դրա էպիկենտրոնը դարձած Իսպանիայում արդեն սկսում են աստիճանաբար մեղմել սահմանափակումները: Այսօր, ավելի քան յոթ շաբաթ շարունակված կարանտինից հետո, իսպանացիներն առաջին անգամ թույլ է տրվել տնից դուրս գալ` զբոսանքի կամ բացօթյա մարզանքի համար:

«Այնպիսի զգացողություն է, ասես` պատմական իրադարձության մասնակից եմ», - «Ռոյթերզ»-ին ասել է Բարսելոնայի բնակիչներից մեկը, մյուսը խոստովանել է, - «Մի փոքր դժվար է պահպանել սոցիալական հեռավորության նորմերը, հատկապես, վազելիս, երբ դրսում այսքան մարդ կա, բայց, սա է մեր կյանքն այլևս, պետք է լուծումը գտնենք»:

Իշխանությունները որոշ լուծումներ արդեն առաջարկել են, կառավարությունը հորդորել է երիտասարդներին փողոց դուրս գալ մինչև կեսօր և երեկոյան 7-ից հետո` մինչ այդ ընկած ժամանակահատվածը թողնելով տարեցներին ու երեխաներին:

Մոտ 47 միլիոն բնակիչ ունեցող Իսպանիան դարձել էր առաջինը Եվրոպայում վարակակիրների, երկրորդը` մահացության ցուցանիշով, մարտից ի վեր երկրում արձանագրվել էր վարակի ավելի քան 213 հազար դեպք, 25 հազար մարդ մահացել էր: Վիրուսի տարածումը կանխելու համար մինչև վերջերս երեխաներին անգամ արգելված էր տնից դուրս գալ:

Հիմա, երբ վարակի ու մահվան դեպքերը զգալի նվազել են, Մադրիդը որոշել է մայիսի 11-ից բացել խոշոր առևտրի կետերն ու հասարակական օբյեկտները: Պաշտոնյաները միաժամանակ զգուշացրել են` որոշ սահմանափակումներ ուժի մեջ կմնան առնվազն մինչև հունիսի վերջ:

Կարանտինային նորմերը աստիճանաբար վերացվում են նաև եվրոպական մյուս երկրներում. Ավստրիայում արդեն բաց են բոլոր խանութները, Գերմանիայում` երկուշաբթի կբացվեն եկեղեցիները, թանգարաններն ու մանկական խաղահրապարակները:

Գերմանիայի կանցլերը կոչ է անում միավորվել պատվաստանյութ ստեղծելու հարցում

Եվրոպայի առաջատար երկրի կանցլերը այսօր հատուկ ուղերձ է հրապարակել` կոչ անելով աշխարհին միավորվել պատվաստանյութ ստեղծելու հարցում, և երաշխավորել, որ այն հասանելի լինի բոլորին:

«Դա մեր առջև դրված ամենակարևոր խնդիրն է հիմա, որը թույլ կտա միլիոնավոր մարդկային կյանքեր փրկել», - հայտարարել է Անգել Մերկելը, փաստելով` չնայած խնդրի հրատապությանը, մոտ ութ միլիարդ եվրո դեռ պակասում է` պատվաստանյութի մշակման աշխատանքների համար:

Առաջիկա երկուշաբթի այս հարցով միջազգային դոնորների խորհրդաժողով կանցկացվի, «սա մի գործ է, որը կարող է հաջողել միայն միասնական ջանքերով», - ընդգծել է Մերկելը:

«Այս վիրուսը բոլորին է սպառնում, ուստի մեր խնդիրն է աշխատել միասին ողջ աշխարհով մեկ: Սա ոչ միայն համագործակցելու մի հնարավորություն է, այլ` անհրաժեշտություն: Գերմանիան ստանձնում է այդ պատասխանատվությունը, և մենք կերաշխավորենք, որ երբ պատվաստանյութը պատրաստ լինի, դրանից բոլոր ժողովուրդները օգտվեն»:

ԱՄՆ-ը թույլատրեց օգտագործել «Ռեմդեսիվիր»-ը

Մինչ այդ Ամերիկան երեկ պաշտոնապես արտոնեց առաջին դեղամիջոցը կորոնավիրուսի դեմ պայքարում, դեղերի ու սննդի որակին հետևող դաշնային գործակալությունը թույլատրեց օգտագործել «Ռեմդեսիվիր»-ը` առավել ծանր վիճակում գտնվող հիվանդներին բուժելու համար:

«Մենք մի շարք խոստումնալից արդյունքներ ունենք այս մասով», - երեկ Սպիտակ տանը հայտարարեց նախագահ Դոնալդ Թրամփը:

Հակավիրուսային այս դեղը ստեղծվել էր տարիներ առաջ` մեկ այլ համաճարակի` էբոլայի ժամանակ. դրա դեմ արդյունավետ չէր եղել: Մասնագետները, միաժամանակ, պարզել էին` այն կարող է օգտակար լինել կորոնավիրուսների դեպքում, ուստի, երբ այս համաճարակը բռնկվել էր, վերսկսել էին դրա կլինիկական փորձարկումները:

Ամերիկայում կատարված հետազոտությունը օրեր առաջ փաստեց՝ «Ռեմդեսիվիր»-ը նպաստում է առավել արագ ու արդյունավետ ապաքինմանը` մոտ 30 տոկոսով կրճատելով բուժման ժամանակահատվածը: Արտադրող ընկերությունը` Gilead-ը հայտարարել է, թե երկուշաբթի արդեն դեղի 1,5 միլիոն չափաբաժին կնվիրի ամերիկյան հիվանդանոցներին:

Ըստ մասնագետների, այս ծավալը կբավականացնի մոտ 140 հազար պացիենտների` հնարավորություն տալով առավել ճշգրիտ և համապարփակ եզրակացության գալ դեղի արդյունավետության և հեռանկարների վերաբերյալ:

Վերջին տվյալներով, աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 3,5 միլիոնին, անցած տարեվերջից տարածվող վարակն արդեն շուրջ 240 հազար մարդու կյանք է խլել:

XS
SM
MD
LG