Մատչելիության հղումներ

Միշուստինի կորոնավիրուսով վարակվելը տարատեսակ ենթադրությունների տեղիք է տվել


Կորոնավիրուսով վարակվելու մասին Ռուսաստանի վարչապետի երեկվա հայտարարությունն այսօր դարձել է երկրում քննարկվող ամենակարևոր հարցը։

Ռուսաստանցիների մի մասը համացանցում գրում է, թե իրականում Միշուստինը չի վարակվել, իսկ նրա «հիվանդանալու» սցենարը Կրեմլը հնարել է PR-ի համար՝ իբր տեսեք, նույնիսկ վարչապետը սովորական ռուսաստանցու պես վարակվել է, կբուժվի, նորից կվերադառնա աշխատանքի, ճիշտ այնպես, ինչպես Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

Ռուսաստանցիների մի մասն էլ կարծում է, թե Միշուստինի «հիվանդանալու» նպատակը ռուսաստանցիներին ցույց տալն է, որ անհրաժեշտ է պահպանել ինքնամեկուսացումը և մայիսյան այս տաք օրերին դուրս չգալ բնակարաններից։

Մեկնաբան Վլադիմիր Պոզներն այս կապակցությամբ գրել է, թե 90 տոկոսով համոզված է, որ Ռուսաստանի վարչապետը իսկապես հիվանդացել է, իսկ 10 տոկոսով չի բացառում, որ մի սցենար կա, որը պետք է օգնի համոզելու ռուսաստանցիներին պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը։

Իհարկե հնչել նաև կարծիքներ, թե ակտիվ Միշուստինին այդ ձևով պարզապես հեռացրել են պաշտոնից։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը շտապեց անհեթեթություն որակել այն պնդումները, թե Միշուստինը նման ձևով պարզապես հեռացվել է աշխատանքից։

Դաշնային հեռուստաալիքները երեք ցուցադրել են Պուտին - Միշուստին տեսակապը, որի ժամանակ Ռուսաստանի վարչապետը երկրի նախագահի տեղեկացրել է, որ վարակվել է կորոնավիրուսով և բժիշների սահմանած կանոնները պահպանելու համար պետք է ինքնամեկուսանա։

Պուտինը նրան առողջություն էր մաղթել՝ հավաստիացնելով, որ իշխանությունները մշտական կապի մեջ կլինեն նրա հետ․ - «Ոչ մի որոշում առանց Ձեր կարծիքի, առանց Ձեր մասնակցության չի ընդունվելու»։

Վարչապետի պարտականությունները կատարելու է առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը։

Թե որ հիվանդանոցում է բուժվում Միշուստինը, չեն հայտնում։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, նա ջերմություն ունի, բժիշկների հսկողության ներքո է։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փաստացի ինքնամեկուսացված է։ Մարտի վերջերից, երբ հայտնի դարձավ, որ «Կոմունարկա» հիվանդանոցի գլխավոր բժիշկը, որի հետ նախօրեին Պուտինն անձամբ շփվել էր, վարակվել է կորոնավիրուսով, նա ինքնամեկուսացավ։ Այդ օրվանից Պուտինը գրեթե բոլոր հանդիպումներն ու խորհրդակցություններըն անցկացնում է տեսակապի միջոցով։

Կորոնավիրուսի դեմ ակտիվ պայքարի առաջին իսկ օրերից առաջնագծում էին վարչապետ Միշուստինն ու Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինը։ Քաղաքագետները նույնիսկ նշում էին, որ նրանց միջև կան լուրջ տարաձայնություններ։

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացել է 114 հազար 431 մարդ, վերջին օրվա ընթացքում աճը կազմել է գրեթե 8 հազար։ Մահացել է 1169 մարդ, անցած մեկ օրում՝ 96 մարդ։ Ապաքինվել է 13 հազար 220 մարդ, վերջին օրվա ընթացքում՝ 1601։

Հայտնաբերված դեպքերի կեսից ավելին նախկինի պես բաժին է ընկնում Մոսկվային։ Քաղաքապետ Սոբյանինը երեկ չի բացառել, որ մայրաքաղաքը արդեն հասել է հիվանդացության գագաթնակետին՝ շեշտելով սակայն, որ քաղաքը համաճարակի հաղթահարման ճանապարհի կեսն անգամ չի անցել։

Երկրի բազմաթիվ մարզերում ու քաղաքներում կարանտինի խիստ ռեժիմը պահպանվում է։ Մայրաքաղաքի փողոցները գրեթե ամբողջությամբ դատարկ են։ Ոչ աշխատանքային օրերը երկարաձգվել են մինչև մայիսի 11-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG