Գերմանիան բացատրություն է ակնկալում, Սպիտակ տունն արդեն խոսում է հնարավոր պատժամիջոցների մասին, Ավստրալիան հորդորում է անկախ հետաքննություն անցկացնել. Արևմուտքը խստացնում է ճնշումը Չինաստանի նկատմամբ` նոր կորոնավիրուսի ծագման ու տարածման հանգամանքները պարզելու համար:
Օրեր առաջ դեռ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարարել էր, որ Վաշինգտոնը մանրազնին հետաքննություն է անցկացնում` պարզելու, թե որքանով են հիմնավոր այն պնդումները, որ կորոնավիրուսը ոչ թե կենդանուց է մարդկանց փոխանցվել, այլ սկիզբ է առել Վուհանի բիոլաբորատիորիայում և տարածվել է մարդկային սխալի պատճառով:
Երեկ Դոնալդ Թրամփը նոր թափ հաղորդեց այս կասկածներին` չբացառելով, որ վիրուսն իրականում ոչ թե սխալմամբ է տարածվել, այլ միտումնավոր․ - «Պետք է պարզել` տեղի ունեցածը սխալմո՞ւնք է եղել, և իրավիճակը պատահաբա՞ր է դուրս եկել վերահսկողությունից, թե՞ արվել է դիտավորությամբ։ Այս երկուսի միջև շատ մեծ տարբերություն կա: Երկու դեպքում էլ Չինաստանը պարտավոր է թույլ տալ մեր մուտքն այդ տարածք: Մենք դեռ շատ վաղուց ենք թույլտվություն խնդրել, բայց նրանք մերժել են: Կարծում եմ, նրանք շփոթված են... ինձ թվում է` գիտեն, որ ինչ-որ վատ բան է եղել»։
Օրեր առաջ լրագրողները Սպիտակ տանը ուղիղ տեքստով հարցրել էին Թրամփից, թե որքանով է հավաստի այն վարկածը, որ նոր վարակը ոչ թե չղջիկից է փոխանցվել մարդուն, այլ Վուհանի լաբորատորիայի աշխատակցից, որը վարակվել է անվտանգության կանոններին չհետևելու պատճառով: Միացյալ Նահանգների նախագահը չէր հաստատել, բայց և չէր հերքել այդ պնդումը՝ ընդգծելով, որ ամերիկյան կողմը քննություն է անցկացնում՝ ճշմարտությունը պարզելու համար։
«Եթե պարզվի, որ սխալմունք է եղել՝ այլ բան, սխալը սխալ է: Բայց եթե նրանք գիտակցաբար են արել, ուրեմն պետք է պատասխան տան», - հայտարարել էր ԱՄՆ նախագահը:
Դոնալդ Թրամփից բացի, նաև Ֆրանսիայի նախագահն ու Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն էին անցած շաբաթ պնդել, որ Չինաստանը ինչ֊որ բան է թաքցնում, և պետք է բացվի միջազգային համայնքի առջև: Երեկ էլ Գերմանիան է միացել այս հորդորներին: Եվրամիության առաջատար երկրի Էկոնոմիկայի նախարարը պնդել է, թե պաշտոնական Պեկինը պարտավոր է բացատրել կորոնավիրուսի տարածման հանգամանքները։
«Համաշխարհային այս ճգնաժամի պայմաններում Պեկինը պետք է լիակատար թափանցիկություն դրսևորի, հատկապես` վիրուսի ծագման հարցում», - ասել է նախարար Գերդ Մյուլլերը տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
Ավստրալիայի արտգործնախարարը ավելի հստակ է արտահայտվել․ երեկ ABC-ին տված հարցազրույցում Մարիս Փեյնն ընդգծել է, որ իրականությունը պարզելու համար անհրաժեշտ է միջազգային անկախ հետաքննություն անցկացնել, ոչ թե վստահել այդ գործը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որը շարունակաբար դրվատում է Չինաստանի վարած քաղաքականությունը․ - «Չի կարելի թույլ տալ, որ կորոնավիրուսի մասին տեղեկությունների տարածման համար պատասխանատու կառույցը դառնա նաև այդ տեղեկությունների վերլուծողն ու մեկնաբանողը: Դատախազը չի կարող միաժամանակ նաև դատավոր լինել»։
Չինաստանն անհիմն է որակում Ավստրալիայի պահանջը․ արտգործնախարարության խոսնակն այսօր կրկին պնդել է, թե Պեկինը մշտապես բաց ու թափանցիկ է եղել միջազգային համայնքի առաջ․ - «Չինաստանի թափանցիկությունը կասկածի տակ դնելու ցանկացած փորձ հակասում է փաստերին և վիրավորում այն հսկայական ջանքերը և զոհողությունները, որոնց գնացել է Չինաստանի ժողովուրդը՝ հանուն այս համաճարակի կանխարգելման ու վերահսկողության»:
Փորձագետները, մինչդեռ, պնդում են, որ առայժմ նոր կորոնավիրուսի ծագման վերաբերյալ բազմակողմանի և համապարփակ որևէ ուսումնասիրություն չի արվել, որևէ փաստ վերջականապես չի հաստատվել, և բազմաթիվ հարցեր դեռ մնում են անպատասխան: Ավելին, դեռ տարեսկզբին հեղինակավոր բժշկական ամսագրերից մեկը` Lancet-ը հոդված էր հրապարակել, որտեղ չինացի բժիշկները նկարագրել էին Covid-19֊ի հիվանդացության առաջին դեպքերը: Ի թիվս այլ մանրամասների, մասնագետները նշել էին, որ առաջին 41 վարակակիրներից 13-ը որևէ կապ չէին ունեցել Վուհանի շուկայի հետ, որտեղ էլ, ըստ պաշտոնական Պեկինի, տեղի է ունեղել վարակի փոխանցումը կենդանուց մարդուն:
Եվ քանի դեռ վիրուսի ծագման ու համաճարակի տարածման հարցում կասկածները լիովին չեն փարատվել, Արևմուտքում ավելի են խորանում մտահոգությունները, թե Պեկինը կարող է համաշխարհային այս ճգաժամից շահած դուրս գալ: Օրեր առաջ Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության` MI6-ի նախկին ղեկավար Ջոն Սոյերսը հրապարակավ զգուշացրել էր` մենք պետք է հավելյալ քայլեր ձեռնարկենք, որպեսի թույլ չտանք չինական ընկերություններին իրենց ձեռքն առնել արևմյան տեխնոլոգիաները:
Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն էլ անցած շաբաթ ընդգծել էր` վտանգն առավել սուր է հիմա, երբ պետությունները կանգնած են տնտեսական լրջագույն մարտահրավերների առաջ․ - «Մենք ամենայն հավանականությամբ տնտեսական անկում ենք ունենալու, ինչը առավել խոցելի կդարձնի մեր որոշ դաշնակիցներին, որոնք կարող են կենսական ենթակառուցվածները վաճառելու որոշում կայացնել: Իսկ դա կարող է խարխլել մեր տոկունությունը: Ես փոխանցել եմ այս ուղերձն անդամ երկրներին, և մենք քննարկել ենք հարցը»: