Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է 2,5 միլիոնին, համաճարակի զոհերի թիվը գերազանցել է 170 հազարը, բուժվել է շուրջ 650 հազար մարդ:
Եվրոպայում համաճարակն աստիճանաբար նահանջում է, կարանտինի պայմաններն աստիճանաբար մեղմացվելու են: Գերմանիայում նույնիսկ հայտարարեցին Բունդեսլիգայի խաղերի վերսկսման մասին՝ մայիսի 9-ից և առանց երկրպագուների:
Շվեդիայում, որտեղ կարանտին չի հայտարարվել, իրավիճակն անհասկանալի է. Այնտեղ լուրջ ճգնաժամ չկա, բայց մահացությունը շատ ավելի բարձր է, քան հարևան երկրներում, որտեղ կարանտին է գործում:
Ռուսաստանում վարակի բռնկումներ են արձանագրվում հիվանդանոցներում և բանակում:
Բայց կան երկրներ, որտեղ պաշտոնապես համաճարակ չկա: Բելառուսում վարակվածների վերաբերյալ թվերն անկանոն են հրապարակվում, բնակչությունը դրանց չի հավատում: Արձակուրդներից հետո դպրոցներում վերսկսվել են դասերը, երկրում չեն պատրաստվում չեղարկել Հաղթանակի օրվան նվիրված շքերթը:
Տաջիկստանում ևս պաշտոնապես համաճարակ չկա, իսկ մահվան դեպքերը, ներառյալ՝ բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում, վերագրվում են թոքաբորբի: