Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի նախագահ ընտրվելու կապակցությամբ


Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնում է, որ ըստ նախնական արդյունքների՝ Հարությունյանն ավելի քան 87 տոկոս է ստացել նախագահի երկրորդ փուլի ընտրություններում:

Ֆեյսբուքում գրառում է արել նաև Հարությունյանը. «Շնորհավորում եմ բոլորիս: Իսկ շնորհավորանքի առիթը բավականին ծանրակշիռ է. պանդեմիայի պարտադրած բարդ պայմաններում մենք բոլորս կարողացանք առանց ցնցումների հաղթահարել քվեարկության 2 փուլերը:

Քվեարկության ակտիվության թեմայով դատողությունները թողնենք քաղաքագետ-վերլուծաբաններին: Իմ կարծիքը հետևյալն է. մեր հայրենակիցների մի մասը` և՛ իմ, և՛ մյուս թեկնածուի կողմնակիցներից, գուցե թե մտածեց, որ ընտրության արդյունքը կանխորոշված է, և իր մասնակցությունն այդքան էլ պարտադիր չէ»:

Սրանով նա արձանագրել է Արցախի «անցումը ժողովրդավարության հաջորդ աստիճանին»:

Սրան հետևել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի ընտրյալ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, շնորհավորել ընտրությունների երկրորդ փուլում հաջողության հասնելու և նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Արայիկ Հարությունյանը նախագահի պաշտոնը ստանձնելու է Արցախի համար շատ բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում՝ պայմանավորված աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով և մասնավորապես մեր տարածաշրջանում ընթացող բարդ աշխարհաքաղաքական գործընթացներով։

Արմեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Արայիկ Հարությունյանը կկարողանա ամրապնդել համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտը Արցախում, կազմակերպել և ապահովել Արցախի անվտանգությունը, տնտեսական ու քաղաքական զարգացումը, համախմբել ժողովրդին միասնական նպատակների շուրջ։

Նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է ընտրողների 44,9 տոկոսը: Հիշեցնենք` այս փուլ էին անցել նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը:

Առաջին փուլում՝ մարտի 31-ին, Հարությունյանը հավաքեց ձայների 49,2 տոկոսը, իսկ Մայիլյանը՝ 26,4 տոկոսը:

Առաջին փուլից հետո Մայիլյանը կոչով հանդես եկավ՝ ընտրողներին հորդորելով չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը:

Կիրակի երեկոյան ժամը 22-ից Արցախում հաստատվել է արտակարգ իրավիճակ՝ մեկ ամիս ժամկետով՝ մինչև մայիսի 12-ը: Այստեղ նույնպես ստեղծվել է պարետատուն, պարետ է նշանակվել պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

XS
SM
MD
LG