Մատչելիության հղումներ

Արցախում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը


Մոտ 280 ընտրատեղամասերում քվեարկելու իրավունք ունեցող բնակիչները պետք է որոշեն, թե ով է առաջիկա տարիներին գլխավորելու Լեռնային Ղարաբաղը։

Լեռնային Ղարաբաղի հեռացող նախագահ Բակո Սահակյանն այսօր վերահաստատեց իր դիրքորոշումը նախագական ընտրությունների երկրորդ փուլն անցկացնելու կապակցությամբ։

Բակո Սահակյան
Բակո Սահակյան


«Ամբողջությամբ արդարացված և հիմնավորված եմ համարում պետություն կողմից գործադրված քայլերը։ Եվ հակասություններ չենք տեսնում մենք, ճիշտ հակառակը։ Գործել և գործում ենք իրավիճակի պահանջներին համապատասխան, և մեր գործողությունները նպատակ են հետապնդում ստեղծելու մեր հայրենիքի համար նպաստավոր պայմաններ և՛ այսօր, և՛ վաղը հաստատակամության շրջանակներում ապահովելու և՛ մեր երկրի զարգազումը, և՛ մեր երկրի անվտանգության ապահովումը, և՛ տնտեսության զարգացումը, և՛ մեր հասարակական հարաբերությունների ապահովումը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բակո Սահակյանը։

Նախագահի ընտրության առաջին փուլում՝ մարտի 31-ին նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը հավաքեց ձայների 49,2 տոկոսը, իսկ գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը՝ 26,4 տոկոսը:

Մայիլյանն այնուհետև ընտրողներին կոչ էր արել բոյկոտել երկրորդ փուլի քվեարկությանը՝ պատճառաբանելով, որ մարտի 31-ի ընտրությունները հեռու էին այն չափանիշներից, այն սպասումներից, որ ձևավորվել էին Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո։

Մասիս Մայիլյանը հրաժարվում է խոսել լրագրողների հետ, առաջին փուլից հետո հրաժարվեց պատասխանել նաև «Ազատության» հարցերին։

Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանին, ապա այսօր նա հայտարարեց, որ որևիցե մեկի հետ, այդ թվում՝ Մասիս Մայիլյանի, ինքը խնդիր չունի, պատրաստ է համագործակցել բոլորի հետ, ովքեր կիսում են իր ծրագրերը․ - «Այս երկրում ես պրոբլեմ չունեմ ոչ մեկի հետ․ ո՛չ Մասիս Մայիլյանի հետ, ո՛չ Սամվել Բաբայանի հետ, ոչ մեկի հետ ես պրոբլեմ չունեմ։ Հանուն մեր երկրի ես պատրաստ եմ բոլորի հետ համագործակցել, բայց այն դեպքում, որ էդ բոլորը իմ հարազատները, իմ բարեկամները, իմ ընկերներն են»։

«Հայաստանում և սփյուռքում շատ-շատ քննադատեցին Արցախի իշխանություններին, Հայաստանի իշխանություններին, որ չէր կարելի նման պայմաններում անցկացնել ընտրություն։ Սա ևս Ձեր լեգիտիմության հետ կապված խնդիր չի՞ առաջացնի ապագայում»։ Այս հարցին Հարությունյանն արձագաքեց․ - «Ախր ինչպե՞ս պետք էր հետաձգել։ Իսկ եթե հայտարարեր նախագահը արտակարգ դրություն, թեկնածուներից որևէ մեկը, կամ ժողովրդից որևէ մեկը Սահմանադրական դատարան դիմի, ի՞նչ հիմունքներով ենք առանց արտակարգ իրավիճակ հայտարարելու արտակարգ դրություն հայտարարում, եթե այդ արտակարգ դրություն հայտարարելու որևէ նախապայման չկա։ Ասում են՝ մի երկու հոգի հիվանդ են։ Կարող է շատ ավելի հիվանդներ կան, բայց դեռ պանդեմիայի այդ կանոնները չկան։ Եվ ես համոզված եմ, որ մենք հաղթահարելու ենք այդ իրավիճակը»։

Գրիգորի Մարտիրոսյան
Գրիգորի Մարտիրոսյան


Ինչ վերաբերում է համաճարակին, ապա Արցախի պետնախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյանը այսօր ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ իրավիճակը գտնվում է վերահսկողության ներքո․ - «Իրավիճակը լրիվությամբ վերահսկվում է։ Մենք ունենք վարակի երեք աղբյուր, որոնցից երկուսը ամբողջությամբ վերահսկելի և սահմանափակված են։ Մյուսի վրա դեռ շարունակում ենք աշխատել, որովհետև թե՛ վարակակիր անձի ընտանիքի շփումների առումով, թե՛ մի քիչ ավելի խոշոր բնակավայր լինելու առումով մի փորք ավելի խնդրահարույց է։ Բայց մենք շարունակում ենք աշխատել, և իրավիճակը այս պահի դրությամբ ամբողջովին վերահսկողության տակ է»։

Համաճարակի թեմային շուրջ այսօր զրուցել ենք նաև Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ։ Նա ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ այս պահի դրությամբ չի կարծում, որ Արցախում համաճարակը կարող է դուրս գալ վերահսկողությունից․ - «Քանի որ ամեն ինչ արվում է, և մենք ժամանակ ունեինք, որպեսզի այդ բոլոր միջոցառումները իրականացնեինք և հնարավորինս պատրաստ լինեինք վարակի ներթափանցման հետ կապված։ Եվ վստահ եմ, որ մեր բնակչությունն էլ է շատ ավելի գիտակցաբար մոտենում․․․ կարանտինային բոլոր պայմանները կատարելով՝ մենք հնարավորինս կխուսափենք»։

XS
SM
MD
LG