Այսօր Արցախում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակի պայմաններում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:
Ավելի քան 280 ընտրատեղամասերը բացվեցին և քվեարկությունը մեկնարկեց ժամը 8-ին:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, հիշեցնենք, մրցում են նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը:
Առաջին փուլում՝ մարտի 31-ին, Հարությունյանը հավաքեց ձայների 49,2 տոկոսը, իսկ Մայիլյանը՝ 26,4 տոկոսը:
Առաջին փուլից հետո Մայիլյանը կոչով հանդես եկավ՝ ընտրողներին հորդորելով չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը, և, ըստ «Ազատության» տեղեկությունների, ինքը նույնպես այսօր չի մասնակցելու քվեարկությանը:
Կիրակի երեկոյան ժամը 22-ից Արցախում հաստատվել է արտակարգ իրավիճակ՝ մեկ ամիս ժամկետով՝ մինչև մայիսի 12-ը: Այստեղ նույնպես ստեղծվել է պարետատուն, պարետ է նշանակվել պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Չնայած արտակարգ իրավիճակին՝ ընտրություններն անցկացվելու են, դրանք կչեղարկվեին արտակարգ դրության պայմաններում:
Այս պահի դրությամբ առկա տվյալներով՝ Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 6-ն է, մեկուսացվածները 17-ն են: