Մատչելիության հղումներ

Սահմանափակումները պետք է շարունակվեն նաև ապրիլի 14-ից հետո, կարծում է Արսեն Թորոսյանը


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կարծում է՝ արտակարգ դրության սահմանափակումները պետք է շարունակվեն նաև ապրիլի 14-ից հետո, և նման առաջարկ է ներկայացնելու կառավարությանը։

«Մեր առաջարկությունը կառավարությանը լինելու է արտակարգ դրությունը երկարացնել: Իհարկե, որոշումը կընդունվի հաշվի առնելով շատ հանգամանքներ, սակայն իմ բացման խոսքում նշված գործողությունների շարունակականությունը ապահովելու համար կարծում եմ, որ արտակարգ դրության ռեժիմը կարևոր է», - ասաց նախարարը:

Մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրությունը ավարտվում է ապրիլի 14-ին: Թե ի՞նչ է լինելու այդ ժամկետի ավարտից հետո, կառավարությունում դեռ քննարկում են։

Մամուլում այսօր հայտնվել էր արտակարգ դրությունը երկարաձգելու կառավարության որոշման նախագծի մի տարբերակ, որը սակայն պաշտոնապես շրջանառության մեջ դրված չէ, իսկ պարետատան մամուլի ծառայությունից հայտնում են, որ շրջանառված նախագիծը իրական տարբերակը չէ, վերջնական տարբերակ դեռ չկա, կառավարությունը դեռ քննարկում է հարցը և երբ նման որոշում լինի, ապա պաշտոնապես կտեղեկացնեն:

«Ազատության» աղբյուրները միևնույն ժամանակ հաստատում են, որ կառավարությունը հակված է արտակարգ դրության սահմանափակումները ևս մեկ ամիս շարունակելուն: Այստեղ, սակայն, իրավական մի նրբություն կա: Ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանը պնդում է՝ օրենքը թույլ չի տալիս Հայաստանի ողջ տարածքում արտակարգ դրությունը 30-օրյա ժամկետից հետո երկարաձգելու որոշում կայացնել:

«Ամբողջ հանրապետության տարածքով նույն ռեժիմով այլևս, այս օրենքի համաձայն, անհնար է շարունակել արտակարգ դրությունը», - նշեց Մարուքյանը:

Արտակարգ դրության մասին օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը, և այդ ժամկետների ավարտից հետո արտակարգ դրությունը պետք է դադարի:

Օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ կետը, որում նշվում է արտակարգ դրության երկարաձգման հնարավորության մասին, եթե մինչև նշված ժամկետների ավարտը չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս։

Էդմոն Մարուքյանը կարծում է, որ անտրամաբանական կլիներ, եթե օրենքը թույլ տար երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը:

«Դա անտրամաբանական կլիներ, որովհետև եթե նման հնարավորություն թույլ տար օրենսդիրը, ապա դուրս կգար, որ ամեն 30 օրը լրանալիս կարելի է ևս 30 օրով երկարացնել և երկիրը տարիներով պահել արտակարգ դրության մեջ, եթե այդ ձևով մեկնաբանես: Այսինքն՝ մինչև 30 օրը լրանալը գաս ասես՝ «հիմքերը դեռ առկա են հայտարարելու և ևս 30 օր հանրապետության ամբողջ տարածքով եկեք արտակարգ դրությունը երկարացնենք», դա որևէ ձևով տրամաբանական չէր, և օրենսդիրը նման բան նկատի չի ունեցել նշված օրենքը սահմանելիս», - ասաց ԼՀԿ ղեկավարը:

Մարուքյանը վստահ է՝ այժմ գործող բազմաթիվ խիստ սահմանափակումներ կարելի է հանել: Օրինակ՝ թույլատրել հանրային տրանսպորտի և մետրոյի աշխատանքը, թույլ տալ նաև ոչ մթերային որոշ խանութներին աշխատել:

«Ես կարծում եմ՝ բազմաթիվ սահմանափակումներ կան, որ անիմաստ են մտցված: Օրինակ՝ ինձ որևէ մեկը չի կարողանում պատասխանել, թե ինչո՞ւ մարդիկ մարզերից չեն կարող գալ Երևանում վիրահատությունների անհետաձգելի, թե օրինակ՝ ինչո՞ւ չի կարելի գնալ իրենց դաշտերը և դաշտերում աշխատել՝ գարնանացան է և մեր երկիրը կախված է մեծապես գյուղատնտեսությունից նաև: Օրինակ՝ ինչո՞ւ տնտեսական և շինանյութի խանութները պետք է փակ լինեն, բայց մթերային խանութից կարելի է մածուն գնել, նույն հաջողությամբ մարդ կա ուզում է ներկ գնի, քանի դեռ տանն է իր տան պատը ներկի, զբաղվի, ինչ-որ բան անի, բայց փակ են այդ խանութները: Ինչո՞ւ, օրինակ, բաց տարածության մեջ կապիտալ շինարարություններն արգելված են, երբ որ 100 քառակուսի մետրի վրա երկու անձ է աշխատելու: Նմանատիպ սահմանափակումներ կան, որոնք անիմաստ են: Ես կարծում եմ, որ կրթական հաստատությունները, դպրոցները, մասսայական հավաքները պետք է շարունակել սահմանափակ պահել, բայց բազմաթիվ այլ ոլորտներ, այդ թվում՝ մետրոն և հանրային տրանսպորտը նույնպես պետք է վերաբացվի», - ասաց Էդմոն Մարուքյանը:

Պետաիրավական հանձնաժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամները ևս այսօր քննարկում էին, արդյո՞ք օրենքը հնարավորություն տալիս է երկարաձգել արտակարգ դրությունը, թե ոչ:

Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասում է՝ օրենքում անորոշություններ կան, սակայն մի բան պարզ է՝ կորոնավիրուսի համաճարակը շարունակվում է, վտանգները պահպանվում են, հիվանդությունը հաղթահարված չէ ու հիմնական սահմանափակումներն էլ պետք է պահպանվեն, սակայն թե իրավական ի՞նչ ձևակերպում կգտնվի, հիմա քննարկման փուլում է։

«Բնականաբար, կարծում եմ՝ առաջնային է այս փուլում մեր քաղաքացիները կյանքը և առողջությունը, և այս անորոշությունը, բնականաբար, մենք մեր քննարկումների, այդ թվում նաև հենց ընդդիմադիր խմբակցությունների, կառավարության հետ համատեղ կփորձենք հնարավոր իրավական ճիշտ լուծում ընտրել: Նորից եմ ասում՝ առաջնային դասելով մեր քաղաքացիների կյանքը և առողջությունը: Բոլորիս համար ակնհայտ է, որ կորոնավիրուսի համաճարակը Հայաստանի Հանրապետությունում չի վերացել, ավելին, եթե նայենք վարակվածների թվով և, ցավոք, մահերի արձանագրած թվով շատ ավելի անբարենպաստ վիճակում ենք, քան մարտի 16-ին, երբ հայտարարվեց այդ հիմքով արտակարգ դրություն, հետևաբար, բոլոր հիմքերն այս պահին կան Հայաստանի Հանրապետությունում շարունակել արտակարգ դրության ռեժիմը», - նշեց Գաբրիելյանը:

XS
SM
MD
LG