Մատչելիության հղումներ

Չենք կարող ասել, որ վիրուսի տարածումը կանգնում է. Արսեն Թորոսյան


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարությունում հանդես է գալիս մամուլի ասուլիսով, 10 ապրիլի, 2020թ.
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարությունում հանդես է գալիս մամուլի ասուլիսով, 10 ապրիլի, 2020թ.

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 16-ով՝ հասնելով 937-ի, մահացել է ևս երկու մարդ. մահացածների ընդհանուր թիվը հասավ 12-ի: Այս մասին այսօր հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը.- «Այս պահին, մի հոգի էլ առավոտյան մահացավ: Դա դեռ չէինք հայտնել, 12 մահ արդեն: Մյուսը վաղվա թվերի մեջ կերևա, որ 81 տարեկան մեր քաղաքացի էր ծանր հիվանդություններով»:

Առաջին մահը երեկ է գրանցվել: Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանի Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք, որ այն արձանագրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝ զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա։

Ծայրահեղ ծանր ունենք 8 հոգի. նախարար

Կորոնավիրուսից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 777 մարդ, առողջացածների թիվն ավելացել է 11-ով և հասել 149-ի: Նախարարից տեղեկացանք, որ 180 հոգու մոտ ախտորոշված է թոքաբորբ.- «Ծայրահեղ ծանր ունենք 8 հոգի, ծանր վիճակում` 40 հոգի»:

Արցախում կորոնավիրուսի 5 դեպք է հաստատվել

Տիգրան Աբրահամյանը
Տիգրան Աբրահամյանը

Արցախի առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ օրվա ընթացքում թեստավորված անձանից երկուսի մոտ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս։ Փաստորեն Արցախում կա արդեն 5 դեպք։

Արցախում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի համակարգող Տիգրան Աբրահամյանն ավելի վաղ «Ազատությանը» փոխանցել էր, որ առավոտից թեստավորել են 9 քաղաքացիների։

«Ունենք 3 համայնք, որոնք ամբողջությամբ ինքնամեկուսացած են, առաջին միջադեպը որտեղ տեղի է ունեցել, Միրիկ համայնքն է ու իր հարակից 2 համայնքները»,- ասաց Աբրահամյանը:

Հարցին` ինչպե՞ս է գնահատվում վարակակիրների վիճակը, նա պատասխանեց.- «3-ի վիճակը նորմալ է, լուրջ ախտանիշներ վարակին հատուկ չունեն»:

«Վիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից»

Արսեն Թորոսյանը խորհրդարանում
Արսեն Թորոսյանը խորհրդարանում

«Մենք չենք կարող համարել, որ տարածումը կանգնում է»,- առավոտյան խորհրդրանում առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց Հայաստանի առողջապահության նախարարը՝ շեշտելով՝ վիրուսի շրջանառությունը որպես այդպիսին դուրս է եկել վերահսկողությունից:

«Մենք չենք կարող համարել, որ տարածումը կանգնում է և 100 տոկոս մարում է, ինչո՞ւ, որովհետև առաջ եթե օրինակ` մենք ունենում էինք 50 դեպք, բայց մի աղբյուրից, օրինակ` մի մեծ արտադրամասի ևս 50 աշխատող, մենք հիմա ունենում ենք 16, 20, 30 դեպք, բայց 10 տարբեր աղբյուրներից կամ 20 աղբյուրներից: Հետևաբար վիրուսի շրջանառությունը որպես այդպիսին դուրս է եկել վերահսկողությունից, բայց մեր խնդիրն է ամեն հնարավոր դեպքը գտնել, և միևնույնն է անել նույն գործողությունները, ոնց որ արել ենք մինչև հիմա` թեստավորել, հաստատել, մեկուսացնել շրջանակը, բուժել և արդեն առողջացած դուրս թողնել:

Այդ գործողությունը մենք պետք է անենք այնքան, քանի դեռ ուժ ունենք: Մոտավորապես պատասխանը հետևյալն է` երբ կլինենք ուժասպառ ազգովի, երկրով մեկ, այն ժամանակ որոշ գործողություն արանքից կհանենք, մենակ թեստավորումն ու բուժումը կթողնենք, մեկուսացումն արդեն էլ չենք անի, որովհետև անիմաստ կլինի, տարածումը շատ-շատ մեծ կլինի: Եվ այս համատեքստում է պետք նայել այս բոլոր սահմանափակող միջոցառումների հանելը, խստացնելը, փոխելը և ոչ թե պարզապես թվերի, ասել` դե քանի որ արդեն դանդաղ է աճում, վերջ, ուրեմն ամեն ինչ անցյալում է, և կարող ենք ոչ մի բան չանել, ու դրա մասին է խոսում շատ այլ երկրների փորձը»:

Դիմակ կրե՛լ

Ի վերջո դիմակ դնե՞լ, թե՞ ոչ, նախարարն այսօր բացատրեց` պաշտպանիչ դիմակներ կրելով կեղտոտ ձեռքերը դեմքից պաշտպանում ենք. ամեն րոպե լվացվել հնարավոր չէ.- «Ասել եմ, որ կարիք չկա, բայց հիմա նոր խորհուրդներով ասում եմ, որ խորհուրդ է տրվում կրել»:

Ավելի ուշ` արդեն մամուլի ասուլիսի ժամանակ, Արսեն Թորոսյանը նորից ընդգծեց՝ վերջին օրերին նոր վարակակիրների ցածր թվերը չպետք է հանգստացնեն։ Կրկին շեշտեց՝ օջախներն են շատացել, հիվանդության ինկուբացիոն շրջանը երկար է տևում, ինչն էլ բարդացնում է իրավիճակը։

«Նախկին կյանքին վերադառնալ երկար ժամանակ դեռ չենք կարող»,- ընդգծեց նախարարը՝ հորդորելով չկորցնել զգոնությունը։ Թորոսյանի խոսքով՝ այս պահին ամենաառաջնային նպատակն է կառավարելի վիճակ ունենալ.- «Թույլ տանք առողջապահական համակարգին զբաղվել այդ պացիենտներով, և եթե հակառակն ունենանք, ապա կունենանք աղետալի իրավիճակ, երբ առողջապահական համակարգը չի կարողանա մեծ թվով պացիենտների առողջությամբ զբաղվել, բուժել, հոգ տանել նրանց համար»:

Oրական 1000 թեստ է արվելու

Այսօրվանից օրական 1000 թեստ է արվելու։ Սա դեռ շաբաթվա սկզբին խոստացել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Առողջապահության նախարարից տեղեկացանք, որ նախկին դեպքերից բացի, կթեստավորվեն նաև թոքաբորբով հիվանդները, սուր շնչառական ախտանիշներով բուժաշխատողները, հաստատված վարակով մորից ծնվածները, ջերմություն, գրիպի նշաններով հղիները.- «Այս ամեն ինչը որոշում է բժիշկը և ոչ թե պացիենտը»:

Ի դեպ, առողջապահական համակարգը կհամալրվի ևս 100 հազար թեստերով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնել է արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը՝ թվարկելով նաև այն բոլոր բժշկական պարագաները, որոնք բերվել են Չինաստանից Հայաստան։

XS
SM
MD
LG