Մատչելիության հղումներ

Բերնի Սանդերսը լքեց դեմոկրատական ներկուսակցական ընտրարշավը


Անկախ սենատոր Բերնի Սանդերսը ուղիղ հեռարձակմամբ հայտարարում է ներկուսակցական ընտրարշավը դադարեցնելու մասին, 8 ապրիլի, 2020թ.
Անկախ սենատոր Բերնի Սանդերսը ուղիղ հեռարձակմամբ հայտարարում է ներկուսակցական ընտրարշավը դադարեցնելու մասին, 8 ապրիլի, 2020թ.

Վերմոնտից ընտրված անկախ սենատոր Բերնի Սանդերսը այլևս չի պայքարի նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության կողմից նախագահ առաջադրվելու համար: Այս մասին Սանդերսը հայտարարեց չորեքշաբթի երեկոյան` Վերմոնտում գտնվող իր տանից հեռարձակված ուղերձի ընթացքում:

«Ես հայտարարում եմ իմ ընտրարշավի դադարեցման մասին: Դա շատ դժվարին և ցավոտ որոշում էր»,- հայտարարում էր Սանդերսը` նշելով, թե շատ լավ հասկանում է, որ իր կողմնակիցների շրջանում այս քայլը հազիվ թե մեծ ոգևորություն առաջացնի:

«Ես գիտեմ, որ գուցեև լինեն մարդիկ, որոնք համաձայն չլինեն այս որոշման հետ: Կան մարդիկ ,որոնք կարծում են, որ հարկավոր է պայքարել մինչև վերջ` մինչև Դեմոկրատական կուսակցության համագումարում կայանալիք վերջին քվեարկությունը: Ես հասկանում եմ այդ մոտեցումը: Դրա հետ մեկտեղ մի իրավիճակում, երբ ճգնաժամը երկրում խորանում է, իսկ նախագահ չի կարողանում կամ չի ցանկանում հանդես գալ վստահելի առաջնորդի դերում, առաջնահերթությունը մարդկանց պաշտպանությունն է: Ամենահուսահատ այս ժամանակահատվածում ես չեմ կարող հանգիստ խղճով շարունակել մի ընտրարշավ, որը չունի հաղթելու շանսեր և կարող է խանգարել այն ամենակարևոր գործին, որին լծված ենք մենք բոլորս»,- հայտարարում էր Սանդերսը` նկատի ունենալով կորոնավիրուսի տարածման դեմ Միացյալ Նահանգներում ծավալված պայքարը:

Հիշեցնենք, որ փետրվարի և մարտին` դեռ մինչև կորոնավիրուսի համաճարակի տարածումը կայացած ներկուսակցական ընտրությունների մի քանի փուլերում քարոզարշավի առաջատարը համարվող Բերնի Սանդերսը մեկը մյուսի ետևից մի շարք պարտություններ կրեց` զիջելով իր հիմնական մրցակցին` նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին:

Այս պահի դրությամբ Սանդերսը օգոստոսին կայանալիք Դեմոկրատական կուսակցության համագումարի ընթացքում 914 պատվիրակ ներկայացնելու իրավունք ունի, Բայդենը`1217: Վերջնական հաղթանակի համար Բայդենին հարկավոր է ևս 700 պատվիրակի տեղ ստանալ ապագա կուսակցական համաժողովում: Նշենք, սակայն, որ Սանդերսի երեկվա հայտարարության գլխավոր առանձնահատկություններից մեկն այն էր, որ առաջիկա ամիսներին կայանալիք ներկուսակցական ընտրությունների ընթացքում սենատորի անունը շարունակելու է մնալ քվեաթերթիկներում, և նրա կողմնակիցները զրկված չեն լինի Սանդերսի օգտին քվեարկելու հնարավորությունից:

Այդ քայլի նպատակը, ըստ Սանդերսի, կուսակցական համագումարին առավելագույն թվով կողմնակիցներ պատվիրակելու մտադրությունն է: Դա, Սանդերսի թիմակիցների համոզմամբ, հնարավորություն կտա իրենց գործուն կերպով ազդել Ջոզեֆ Բայդենի դիրքորոշումների վրա` թեքելով դրանք դեպի ձախ, դեպի վերմոնտցի սենատորի դավանած «դեմոկրատական սոցիալիզմ»:

«Նախագահի թեկնածու կառաջադրվի փոխնախագահ Բայդենը: Դրա հետ մեկտեղ մենք պետք է շարունակենք աշխատել առավելագույն թվով պատվիրակների տեղեր ստանալու ուղղությամբ, որպեսզի կուսակցության ապագա համագումարի ընթացքում կարողանանք լուրջ ազդեցություն ունենալ կուսակցական (նախընտրական) ծրագրի ձևավորման և այլ գործառույթների հանդեպ»,-շեշտում էր Սանդերսը:

Իրականում նա չի լքել ընտրարշավը. Թրամփ

Սենատորի հայտարարությունից մի քանի ժամ անց արդեն նախագահ Դոնալդ Թրամփը քննադատեց նրա այս մոտեցումը` պնդելով, թե այն ընտրարշավը լքելու հետ շատ քիչ առնչություն ունի:

«Իրականում նա չի լքել ընտրարշավը: Միթե՞ դա ընտրարշավից դուրս գալ է նշանակում, երբ դու հայտարարում ես, թե պահում ես արդեն իսկ շահած պատվիրակների տեղերը և կուսակցական համագումարից առաջ պայքարում ես նոր պատվիրակների համար. դա ընտրարշավի դադարեցում չէ»,- Սպիտակ տանը կայացած ասուլիսի ժամանակ նշում էր Թրամփը` ենթադրելով, թե Բերնի Սանդերսի իրական նպատակը հետագայում Ջոզեֆ Բայդենի հետ բանակցությունների մեջ մտնելն է:

Թրամփն, ի դեպ, վստահ է, որ ինչպես և 2016-ին, այս աշնանը ևս Բերնի Սանդերսի կողմնակիցների մի զգալի մասը գերադասելու է քվեարկել իր, այլ ոչ թե Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված միասնական թեկնածուի օգտին:

Դեմոկրատների առաջնորդներն ի դեպ հստակորեն գիտակցում են այդ վտանգը: Չի բացառվում, որ Բերնի Սանդերսի կողմնակիցները, որոնց ճնշող մեծամասնությունը երիտասարդներ են, նոյեմբերի 3-ին որոշի չքվեարկել Ջոզեֆ Բայդենի օգտին` նրան քաղաքական հին, վարկաբեկված համակարգի մաս համարելով: Դա էր թերևս պատճառը, որ Բայդենը Բերնի Սանդերսի ուղերձից հետո հնչեցրած առաջին իսկ հայտարարության մեջ փորձեց շահել վերմոնտցի սենատորի երիտասարդ աջակիցների համակրանքը:

«Բերնի Սանդերսը ոգեշնչեց և նոր լիցք հաղորդեց իր միլիոնավոր աջակիցներին, մասնավորաբար երիտասարդ ընտրողներին: Նա պարզ քարոզարշավ չէ, որ վարում էր: Նա քաղաքական շարժում էր ստեղծել, ինչը շատ լավ է թե՛ մեր երկրի և թե՛ մեր ապագայի համար»,- ընդգծում էր Ջոզեֆ Բայդենը:

XS
SM
MD
LG