Առաջիկա նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության ամենահավանական թեկնածուն` նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը չի բացառել կուսակցության` ամռանը նախանշված համագումարի հեռավար անցկացումը: Այս մասին Բայդենը հայտարարել է ABC հեռուստաընկերության տված հարցազրույցում` նշելով. - «Մենք պետք է այդ մասին մտածենք արդեն այսօր: Չի բացառվում, որ մենք պարզապես չկարողանանք 10, 20 կամ, ասենք, 30 հազար մարդ հավաքել նույն դահլիճում»:
Դեմոկրատական կուսակցության համագումարը մեկնարկելու է օգոստոսի 17-ին Ուիսքոնսին նահանգի Միլուոքի քաղաքում: Նախապես ենթադրվում էր, որ համագումարը կկայանա հուլիսին, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով այն հետաձգվեց մեկ ամսով: Նախատեսվում է, որ համագումարի ընթացքում դեմոկրատները կհրապարակեն նոյեմբերին կայանալիք ընտրություններում իրենց կողմից առաջադրվող նախագահի և փոխնախագահի թեկնածուների անունները: