Մատչելիության հղումներ

Ջոզեֆ Բայդենը հերթական համոզիչ հաղթանակն է տոնում


ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, արխիվ
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, արխիվ

Չնայած Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի շարունակվող տարածմանը, նախօրեին միանգամից երեք խոշոր նահանգներում՝ Ֆլորիդայում, Իլինոյսում և Արիզոնայում Դեմոկրատական կուսակցության հարյուր հազարավոր աջակիցներ գնացին տեղամասեր՝ փրայմերիներին, ներկուսակցական ընտրություններին մասնակցելու նպատակով:

Ամերիկյան միակ նահանգը, որ մարդկանց մեծ կուտակումներից խուսափելու համար որոշեց հետաձգել քվեարկությունը, Օհայոն էր:

Նշենք, սակայն, որ ըստ ամերիկյան լրատվամիջոցների, նախօրեին կայացած ներկուսակցական ընտրությունների ընթացքում մասնակցության բարձր ցուցանիշը ապահովվեց հիմնականում վաղաժամ, փոստային քվեարկության շնորհիվ: Արիզոնայում, օրինակ, հեռակա կարգով քվեարկած դեմոկրատ ընտրողների թիվն ավելի մեծ էր, քան տեղամասեր այցելածներինը:

Առավել բարդ էր իրադրությունը Իլինոյսի խոշորագույն քաղաքում` Չիկագոյում, որտեղ տեղամասերից շուրջ 200-ը վերջին պահին, կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ուժի մեջ մտած սահմանափակումների պատճառով, տեղափոխվել էին այլ վայրեր: Որպես հետևանք՝ Իլինոյսում քվեարկության մասնակցության ցուցանիշը ավելի ցածր էր, քան 2016 թվականի փրայմերիների ընթացքում:

Նույնն իրադրությունն էր Ֆլորիդայում, որտեղ, ըստ The New York Times-ի, տարեց ընտրողների մի զգալի մասը գերադասել էր մնալ տանը:

Չնայած այս ամենին, երեք նահանգներում էլ ընտրությունների արդյունքները որևէ անակնկալ չմատուցեցին. նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի ընտրարշավը շարունակում է թափ հավաքել:

Արիզոնայում քվեների շուրջ 90 տոկոսի հաշվարկի արդյունքներով՝ Բայդենը ստանում է դեմոկրատ ընտրողների 43, իսկ նրա հիմնական մրցակից, Վերմոնտից ընտրված անկախ սենատոր Բերնի Սանդերսը` 31 տոկոսը:

Իլինոյսում Բայդենի օգտին քվեարկել է ընտրողների 59, Սանդերսի օգտին` 36 տոկոսը:

Առավել համոզիչ հաղթանակ նախկին փոխնախագահը արձանագրեց Ֆլորիդայում: Այստեղ Բայդենի օգտին է քվեարկել փրայմերիների մասնակիցների 61, իսկ Սանդերսի օգտին՝ ընդամենը 22 տոկոսը:

Երեկ կայացած քվեարկությունը շատերի կարծիքով աննախադեպ էր ամերիկյան ընտրությունների բավական հարուստ պատմության ընթացքում: Սա այն եզակի դեպքերից էր, երբ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո թեկնածուները որևէ հանրահավաք չկազմակերպեցին:

Ավելին, Ջոզեֆ Բայդենն իր հաղթանակի ճառը հնչեցրեց քվեարկությանը մասնակցած շրջաններից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող Դելավեր նահանգի իր տնից:

«Ես ցանկանում եմ դիմել հատկապես այն երիտասարդ ընտրողներին, որոնց ոգեշնչում է սենատոր Սանդերսը: Ես ականջալուր եմ լինում ձեզ: Ես գիտեմ, թե ինչ է հարկավոր անել: Իմ նպատակը այնպիսի թեկնածուի ընտրությունն է, որն ի վիճակի կլինի միավորել այս կուսակցությունը, իսկ հետագայում նաև ողջ երկիրը: Այսպիսի պահերին մենք պետք է մի կողմ թողնենք քաղաքական տարաձայնությունները: Կորոնավիրուսին միևնույն է` դու դեմոկրատ ես, թե հանրապետական», - հայտարարել է Բայդենը:

Նախկին փոխնախագահի մրցակիցը` Բերնի Սանդերսը, ամերիկացիներին դիմեց մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող իր գրասենյակից` Ֆլորիդայում, Իլինոյսում և Արիզոնայում տեղամասերի փակումից քիչ անց:

Սանդերսը, սակայն, գերադասում էր խոսել ոչ թե իր կրած պարտության, այլ կորոնավիրուսի համաճարակի և դրա տնտեսական հետևանքների մասին:

«Առողջապահական և տնտեսական այս ճգնաժամը չպետք է փող աշխատելու ևս մեկ հնարավորություն դառնա ամերիկյան կորպորացիաների և Ուոլ Սթրիթի համար: Մենք պետք է կանխենք դեղագործական ընկերությունների կողմից գների բարձրացումը: Բացի այդ, այն պահին, երբ ի հայտ գա կորոնավիրուսի պատվաստանյութը, այն պետք է դրվի ազատ վաճառքի», - ասել է Սանդերսը` ընդգծելով, որ կորոնավիրուսի դեմ պայքարում հնարավոր հաջողությունը չպետք է դեղագործական որոշ ընկերությունների համար գերշահույթ ստանալու ևս մեկ առիթ դառնա:

Արդեն իսկ ակնհայտ է, որ կորոնավիրուսի համաճարակը լրջորեն ազդել է ներկուսակցական ընտրությունների ողջ ժամանակացույցի վրա:

Օհայոյից բացի ևս չորս նահագներ` Ջորջիան, Լուիզիանան, Քենթուկին և Մերիլենդը այս շաբաթ հայտարարեցին, որ առաջիկա շաբաթներին նախատեսված դեմոկրատական փրայմերիները չեն կայանա և կհետաձգվեն առնվազն մեկուկես-երկու ամսով:

Ապրիլի 28-ին նշանակված ներկուսակցական ընտրությունները մինչև հունիսի 23-ը հետաձգելու հնարավորությունն են քննարկում նաև ավանդապես դեմոկրատների օգտին քվեարկող խոշորագույն մեկ այլ նահանգի` Նյու Յորքի կուսակցականները:

Դեմոկրատական կուսակցության ղեկավար մարմինը` Ազգային կոմիտեն, արդեն իսկ դիմել է տեղական կառույցներին` կոչ անելով առաջիկա փրայմերիների ընթացքում հիմնական շեշտը դնել հեռակա, փոստային քվեարկությունների վրա:

XS
SM
MD
LG